2013.07.25,

Քննադատ

Իջնել երկնքից

Գաղտնիք չէ (գոնե գրողների համար), որ ներկայիս Հայաստանում գրողն ի վիճակի չէ գրելով ապրել եւ իր ու իր ընտանիքի սոցիալական խնդիրները լուծել: Գաղտնիք չէ նաեւ, որ, ի տարբերություն գրողների, արվեստի մյուս բնագավառների բազմաթիվ ներկայացուցիչներն իրենց ստեղծագործական աշխատանքի շնորհիվ իրենց սոցիալական խնդիրները հաղթահարում են, ոմանք նույնիսկ մեծ հաջողությամբ:

Ասվածն առաջին հերթին վերաբերում է երգարվեստի ներկայացուցիչներին, ճարտարապետներին, արտիստներին (մանավանդ սերիալներում նկարահանվող), գեղանկարիչներից ու երաժիշտներից ոմանց եւ այլն:

Գրողները ոչ միայն գումար վաստակելու հնարավորություն չունեն, այլեւ իրենց ստեղծագործությունները հրատարակելու հնարավորություն էլ չունեն, եւ եթե նրանցից հաջողակները պետպատվերով կամ հովանավորների աջակցությամբ հրատարակվում են, դա նույնպես եկամուտի չի վերածվում, որովհետեւ Հայաստանում գիրք չեն գնում, կամ գրեթե չեն գնում, մանավանդ` հայ գրողների գրած գրքերը, եւ եթե որոշների գրքերը որոշ չափով գնում էլ են, դրանով գրողն ի վիճակի չի ապրել ու գոյատեւել:

Լրագրողների վիճակն անհամեմատ բարվոք է: Շատ թե քիչ շնորհալի լրագրողը Հայաստանում աշխատանք կգտնի, ինչպես նաեւ` միջինին մոտ աշխատավարձ: Դա, իհարկե, բավարար չէ բարեկեցիկ կյանք վարելու համար, բայց, բոլոր դեպքերում, լրագրողների վիճակը գրողների վիճակի հետ չես համեմատի: Մանավանդ շնորհալի ու երիտասարդ լրագրողներին այսօր ձեռքից ձեռք են խլում, եւ շատ թե քիչ շնորհալի եւ շատ թե քիչ երիտասարդ լրագրողն այսօրվա Հայաստանում դժվար թե առանց աշխատանքի մնա:

Թվում է, թե իրավիճակի թելադրմամբ գրողներից շատերը պիտի փորձեին գրականությունից «տեղափոխվել» լրագրություն, բայց զարմանալիորեն դա տեղի չի ունենում: Ճիշտ է` գրականությունն ու լրագրությունն իրարից էականորեն ու արմատապես տարբեր են, բայց տարբեր ժամանակներում շատ ու շատ գրողներ (ընդ որում` տաղանդավոր) միանգամայն ակտիվորեն զբաղվել են լրագրությամբ: Մարկեսի օրինակն արդեն իսկ բավական է:

Մեր գրողներից ոմանք էլ են ժամանակ առ ժամանակ թղթակցում մեր լրատվամիջոցներին, բայց հիմնականում հրապարակախոսության ժանրում (Կ.Խոդիկյան, Լ. Ճաղարյան, Վ. Մարտիրոսյան, Մ. Պետրոսյան, Ա.Ոսկանյան, Վ.Գրիգորյան, Լ.Ջավախյան, Վ.Սահակյան, Տ. Պասկեւիչյան, ես եւ ուրիշներ), բայց մեր գրողներից ընդամենը մի քանիսն են ակտիվ լրագրությամբ զբաղվում եւ, ավելի պարզ ասած, լրագրությամբ իրենց ապրուստը վաստակում:

Էդպիսիք այնքան քիչ են, որ ընդամենը մի ձեռքիս մատների վրա հաշվեցի: Մհեր Արշակյանը, Վահան Իշխանյանը, Արամ Պաչյանը եւ Ֆելիքս Եղիազարյանը (գրական կեղծանունը` Հուսիկ Արա): Համբարձում Համբարձումյանն էլ էր  «Հրապարակ»-ում համարյա ամեն օր գրում, բայց, ցավոք սրտի, դադարեցրեց: Եթե որեւէ մեկին մոռացա, թող ներող լինի:

Անհնարին է չհիշել լուսահոգի տաղանդավոր բանաստեղծ Գայանե Բաբայանին, ով շատ կարճ ժամանակում լրագրության մեջ ոչ միայն ինքնահաստատվեց, այլեւ թարմ շունչ ու մտածողություն բերեց լրագրություն:

Ասածս այն է, որ գրողների այս հատուկենտ լրագրողական փորձերը, որպես կանոն, հետաքրքիր ու էական արդյունք են տվել, եւ ցանկալի է, որ դրանք շարունակություն ունենան: Դրանից եւ՛ իրենք` գրողները կշահեն, եւ՛ լրագրությունը:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *