Ինտերնետ կոչված վիրտուալ հսկան ոչ միայն տարածություն չի ճանաչում, այլեւ բավականաչափ նրբանկատ չէ՝ տարբերակելու համար օգտատերերի սոցիալական/քաղաքական դիրքն ու առավել եւս պատեհապաշտությամբ հանդես գալու հօգուտ որեւէ մեկի: Ինտերնետի հիշողությունը կայուն է` հիմնված խաղի սեփական կանոնների վրա:
Նախորդ մի քանի օրերի ընթացքում մեր երկրի թիվ մեկ խնդիր դարձած հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը, որ դեռ շարունակվող պայքարի է հանդիպում ակտիվ քաղաքացիների կողմից, մեկ անգամ եւս ի հայտ բերեց ինտերնետում նյութի տարածման անվերահսկելիության փաստը:
Հուլիսի 20-ին, երբ ուժի մեջ մտավ քաղաքապետարանի համապատասխան որոշումը, քաղաքացիների բողոքի ալիքի հետ լրատվամիջոցներից մի քանիսը փորփրեցին մեդիա արխիվներն ու վերահրապարակեցին ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարցրազրույցներին մեկը, որում նա պնդում է, թե «պաշտոնապես քաղաքապետարանը հայտարարել է, որ սակագին չի բարձրանալու, եւ մեր ժողովուրդը թող այդ մասով չմտահոգվի, չանհանգստանա, սակագինը ոնց մնացել է, այդ ձեւ մնալու է»:
Սեղմումների ու բաշխումների (share) արագությամբ քաղաքապետի Youtube ալիքի վրա տեղադրված տեսանյութը կարճ ժամանակ անց թարմացրեց առանց այդ էլ զայրացած քաղաքացիների հիշողությունը եւ քննարկումներին ու քննադատություններին նոր թափ հաղորդեց:
Տարոն Մարգարյանի հեռահաղորդակցությամբ զբաղվող աշխատակիցներն էլ որոշեցին կրակի վրա ջուր լցնել առաջին հայացքից բավական արդյունավետ լուծմամբ` փակելով տեսանյութը
հանրության համար, այն դարձնելով private:
Անհեռատես այդ քայլով քաղաքապետի առցանց ներկայությունն ապահովող թիմը խնդրի վրա ավելի մեծ ուշադրություն գրավեց եւ շատ արագ արժանացավ քաղաքի ղեկավարի կողմից սուտ խոստումներ շռայլելու որակավորման:
Մարդկանց համոզելու կամ ասվածը արդարացնելու համար մեծ ճիգեր հարկավոր չեղան. տեխնոլոգիական հնարամտության մեր ժամանակներում հեռատես օգտատերերը նմանատիպ առիթները բաց չեն թողնում ու, համենայն դեպս, ապահովագրում են իրենց դիտարկումները համապատասխան հնարքներով:
Այս դեպքում մի քանիսը կանխատեսել էին քաղաքապետարանի աշխատակիցների ուղիղ գործելակերպն ու նախապես բեռնել սակագնի անփոփոխ մնալու խոստման հատվածը հայտնի հարցազրույցից: Այս փաստն առանց վարանելու հայտնվեց մամուլի հրապարկումներում, օրինակ` ilur.am-ում:
Տեղին է նշել, որ նմանատիպ դեպքերում, որպես կանոն, նախաձեռնող դարձող օգտատերերը ձգտում են առավելագույն ազդեցիկ, հաճախ կատակային ու անգամ ծաղրող անվանումներ տալ իրենց հրապարակումներին. կոնկրետ այս դեպքում կրկնօրինակված տեսանյութը տարածվել է «կուսակցության արեւ չեմ խաբում…» (հուլիսի 23-ի դրությամբ` 4,063 դիտում), «Տարոն սուտասան» (հուլիսի 23-ի դրությամբ` 6,869 դիտում), «Սուտ խոսելը հո փողով չի» (հուլիսի 23-ի դրությամբ` 6,408 դիտում) եւ այլ անվանումներով:
Տեսանյութն, իհարկե, առավել մեծ քանակով տարածվել է սոցիալական ցանցերում, հատկապես՝ Facebook-ում, որտեղ նույնպես այն վերբեռնվել է եւ անգամ հայտնվել օգտատերերից մեկի անձնական Dropbox-ում:
Ի դեպ, առատաձեռն ինտերնետը անանուն մնալ ցանկացողներին նույնպես չի նեղացնում. առցանց գործիքները հնարավորություն են տալիս ցանկացած անունով ծածկել տարածողի ինքնությունը. օրինակ՝ վերը նշված հղումներից մեկի հեղինակը ոմն Pablo Taviani-ն է:
Այսպիսով, եթե ամիսներ առաջ քաղաքապետի թիմը նշված տեսանյութով ձգտում էր բարձրացնել Տարոն Մարգարյանի հեղինակությունը (հատկապես նախընտրական խոստումների թեժ շրջանում), ապա այսօր այդ տեսանյութն անգամ առանց սկզբնաղբյուրի, բայց ոչ պակաս ջանասիրությամբ ու բումերանգի սկզբունքին հավատարիմ, ծառայում է վերընտրված քաղաքապետի հեղինակազրկմանը:
Տեխնիկական հնարքներից զատ` խնդրի հիմքում, իհարկե, բովանդակությունն է: Հետեւաբար ցանկացած առիթի դեպքում տեսախցիկի առջեւ հայտնվելիս չպետք է մոռանանք, որ ինտերնետը հայելային արտացոլանքով կրկնում է մեր իրականությունն ու, ի տարբերություն մահկանացուներիս, անջինջ ու վառ հիշողություն ունի, որ արմատանում է հորիզոնական խորությամբ:
P.S. Չի բացառվում, որ հանգամանքների բերումով վերը նշված հղումները ժամանակի ընթացքում նույնպես փոփոխություններ կրեն:
Սեդա Պապոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: