2013.07.19,

Քննադատ

Ինքնակարգավորումից առաջ ինքնակազմակերպում է անհրաժեշտ

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Անցյալ դարակեսի հայ արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Վիգեն Խեչումյանի պատմվածքներում, հընթացս միջնադարյան Անիի կյանքին վերաբերող գործողությունների, մեզ են ներկայանում նաեւ այդ ծաղկուն քաղաքի արհեստավորները, նրանց կենցաղը, սովորույթները: Այսինքն, այդ պատմվածքները նաեւ մեծ ճանաչողական նշանակություն ունեն:

Հիմա կասեք սա ինչ կապ ունի մեդիայի հետ: Ամենաուղղակի, երբ խոսքը վերաբերում է ինքնակազմակերպմանն  ու ինքնակարգավորմանը: Խեչումյանը պատմվածքներից մեկում ներկայացնում է մուճկարների (կոշկակարների) համքարություն ինքնակարգավորման կանոնները եւ այդ կանոններից մեկի խախտման հետեւանքը. հայտնի մուճկարը զրկվում է վարպետի կոչումից եւ այլեւս մուճակ կարելու իրավունք չուներ…

Այս օրինակս նպատակ ուներ ասելու, որ ինքնակազմակերպված մասնագիտական համքարությունները հայտնի են դեռ վաղուց, եւ այդ համքարությունները՝ չբավարարվելով ինքնակազմակերպմամբ  քայլ առաջ էին արել դեպի ինքնակարգավորում` չգրված կանոններով:

Եվ երբ այսօր մենք խոսում ենք լրատվամիջոցների դաշտում ինքնակարգավորման տարբեր մեխանիզմների ներդրման մասին, պետք է սկսեինք ինքնակազմակերպումից: Տարիներ առաջ դրանից էլ սկսվել է. Լրագրողական կազմակերպությունները հենց ինքնակազմակերպման օրինակներ են, եւ պատահական չէ, որ Հայաստանում ինքնակարգավորման  ներդրումը հենց այդ կազմակերպություններն են նախաձեռնել:

Հիմա սկիզբ է առել մի նոր գործընթաց. նախ՝ թերթերի, հետո՝ առցանց լրատվամիջոցների խմբագիրները հանդես են եկել հայտարարություններով ընդդեմ մեկ առանձին վերցրած երեւյթի՝ գրագողության, փորձելով որոշակիորն կանոնակարգել իրենց նյութերն արտատպելը:

Թերթերի խմբագիրների հայտարարությունից հետո տողերիս հեղինակը հրապարակեց  «Խմբագիրների հայտարարությանը պետք է հետեւեն գործնական քայլեր»  հոդվածը, ուր կային մի քանի քայլերի առաջարկներ: Նպատակս էր, որ հայտարարությունը չմնա սոսկ հայտարարություն, այլ որ ազդեցություն ունենա:

Թերթերի խմբագիրների հայտարարությունից մոտ 25 օր անց նույն տիպի հայտարարություն արեցին նաեւ առցանց լրատվամիջոցների ղեկավարները:

Որքանո՞վ են այս փաստաթղթերն ազդեցիկ, եւ որքանով են կանոնակարգում դաշտում առկա փոխհարաբերությունները: Անցած մեկ-երկու ամիսը ցույց է տալիս, որ կանոնակարգումն այդքան էլ արդյունավետ չէ: Որովհետեւ, ցավոք, հայտարարությունը տարածողների գործնական քայլերը հանգում են միայն «Հանուն բարեխիղճ լրագրության» ֆեյսբուքյան խմբում պարսավանքներով այն լրատվամիջոցների հասցեին, որոնք շարունակում են արտատպությունները՝ առանց հռչակված սկզբունքները պահպանելու: Այսինքն՝ շարունակում են գրագողությունը:

Ոչ պատշաճ արդյունավետության պատճառներից է այն, որ, ինչպես ասում են, սայլը եզներից առաջ ենք կապել. Կանոնակարգումը սկսվել է ինքնակազմակերպումից առաջ: Այսինքն՝ քանի դեռ հայտարարությունները ստորագրած լրատվամիջոցները չեն միավորվել մեկ միասնական կառույցի մեջ եւ չեն ստեղծել վերահսկողական որեւէ մարմին, գրագողերը շարունակելու են գրագողանալ: Եվ անգամ ինքնակազմակերպման օրինակ  ֆեյսբուքյան «Հանուն բարեխիղճ լրագրության»  խումբը մեծ ազդեցություն չի կարողանալու ունենալ, քանի դեռ չի ֆորմալացել՝ կազմակերպական տեսք ստացել:

Հասկանանք, որ խմբագիրները կամ խմբագրությունների աշխատակիցները պարզապես ի զորու չեն հետեւելու համացանցի մի քանի տասնյակ (գուցե ավելի եւ անընդհատ ավելացող) կայքերին, անգամ յուրաքանչյուրը չի կարող առանձին աշխատող պահել դրա համար:

Անհրաժեշտ է, անպայման, ինչպես նշել եմ իմ նախկին հոդվածում, որ նրանք միասնաբար ստեղծեն համատեղ խումբ (ընդ որում՝ տալով դրան կազմակերպական ձեւ), որը «կհետեւի (ինչքան որ հնարավոր է) եւ կբացահայտի գրագողության բոլոր դեպքերը»:

Կամ էլ՝ եւ թերթերի, եւ առցանց լրատվամիջոցների խմբագիրները, պիտի միավորվեն (նրանք, որ դեռ չեն միավորվել) արդեն գոյություն ունեցող կառույցի շուրջ: Այդպիսի կառույց է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը, որն ընտրել են միասնական Վարքականոնը ստորագրած մոտ 40 լրատվամիջոցների ներկայացուցիչները: Սակայն նրա շուրջ միավորվելու համար հարկ է, որ խմբագիրները միասնական լինեն ոչ միայն գրագողության դեմ պայքարում, այլեւ կամավոր պարտավորություն վերցնեն՝  պահպանելու ազնիվ խաղի բոլոր մյուս միասնական կանոնները, որ շարադրված են Վարքականոնում:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *