2013.07.10,

Քննադատ

Հեռուստալրագրողը

Ինչքան էլ քննադատենք այսօրվա հայկական հեռուստաընկերություններին, անհնարին է դրանք համեմատել խորհրդային եւ մանավանդ խորհրդահայ հեռուստատեսության հետ:

Ժամը ութին «Լրաբեր»-ն էր, տասին` «Վրեմյա»-ն, արանքներում Ռուբեն Մաթեւոսյանն ու ժողգործիքների անսամբլի այլ մենակատարներ էին երգում, իսկ «Վրեմյա»-ից հետո խորհրդային որեւէ ֆիլմ էին ցուցադրում` հիմնականում ցածրորակ: Իսկ այն օրերը, երբ ֆուտբոլային ռեպորտաժներ էին ցուցադրվում, պարզապես տոներ էին` մանավանդ տղամարդկանց համար: Իսկ КВН-ի ու «Вокруг смеха»-ի օրերը բոլորի համար էին տոն:

Երեւի նկատեցիք, որ հեռուստալրագրություն գոյություն չուներ, եթե ուներ էլ` սահմանափակվում էր «Լրաբեր»-ի ու «Վրեմյա»-ի սահմաններում: «Լրաբեր»-ի հեռուստալրագրողները հիմնականում շրջաններից հաղորդումներ էին տալիս` հիմնականում պլանների կատարման ու գերակատարման առիթներով:

Այսքանից հետո եթե ասեմ, որ մենք էդ տարիներին հրաշալի ու բացառիկ հեռուստալրագրող ենք ունեցել, երեւի շատ կզարմանաք:

Իսկապես ունեցել ենք, եւ այդ մարդն ու այդ հեռուստալրագրողը շաբաթվա տվյալ օրվա ժամը 22:30-ին մեր տներում ամենացանկալի հյուրն էր, եւ այդ մարդու ու հեռուստալրագրողի անունն էր Արմեն Հովհաննիսյան:

Շատերս ենք սնապարծորեն հայտարարում ու շեշտում, որ մենք մշակութային ազգ ենք: Արմեն Հովհաննիսյանը, ի տարբերություն այլոց, ոչ թե էդ մասին հայտարարություններ էր անում, այլ իրենից կախված ամեն ինչ անում էր, որ մենք մշակութային ազգ լինենք, ընդ որում` ոչ միայն մեր ունեցածի ու ստեղծածի մեջ պարփակվենք ու սահմանափակվենք:

Ութսունականների սկզբներին, երբ սովորում էի Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում, ինձ հետ նույն կուրսում սովորում ու նույն հանրակացարանում ապրում էր ազգությամբ հրեա, վիլնյուսցի արձակագիր Վլադ Կոսմոչեւսկին, որը դասական ու ժամանակակից երաժշտության մեծ գիտակ ու սիրահար էր:

Եվ երբ համակուրսեցիներով հավաքվում էինք Վլադի սենյակում, եւ երբ Վլադը մեզ էր հրամցնում ժամանակակից համաշխարհային էստրադայի իր ձայնագրությունները, եւ երբ էդ երգիչների ու երգչուհիների անուններն ասում էի, բոլորն ու մանավանդ Վլադը շատ էին զարմանում, եւ երբ Վլադի էդ ձայնագրություններին զուգահեռ ու համընթաց տվյալ երգը սինքրոն շվշվացնում էի, համակուրսեցիներս ու մանավանդ Վլադն ավելի էին զարմանում:

Կարճ ասած՝ մենք յոթանասունականների ժամանակակից համաշխարհային էստրադայից ավելի էինք տեղյակ, քան մեր հասակակից այլազգիները Խորհրդային միության տարածքում: Հեռուստալրագրող Արմեն Հովհաննիսյանի շնորհիվ:

Արմեն Հովհաննիսյանի շնորհիվ, փաստորեն, մենք օտար միջավայրերում ինտելեկտուալներ էինք: Եվ շատ դեպքերում չէինք էլ մտածում, որ երաժշտական էդ ահռելի տեղեկատվությունն անձամբ Արմեն Հովհաննիսյանից ենք ստացել:

Հիմա էլ ենք Արմեն Հովհաննիսյանին հազվադեպ հիշում, մինչդեռ իրենից ստացածը մեջներս հիմնավոր մնում է` ներառյալ իր փառահեղ հայերենն ու հայերենի ճշգրիտ առոգանությունը:

Արմեն Հովհաննիսյանը նաեւ բացառիկ հրապարակախոս էր, ինչպես նաեւ հրաշալի թարգմանիչ (Շուկշին, Բուլգակով եւ այլն), բայց մենք հատկապես ու առանձնապես Արմեն Հովհաննիսյան հեռուստալրագրողին ենք հիշելով օրինակ բերում, որովհետեւ օրինակելի հեռուստալրագրողները մեզանում անհամեմատ քիչ են, քան հրապարակախոսներն ու թարգմանիչները:

Վատ չէր լինի, եթե մեր հեռուստաֆոնդերից դուրս բերվեին Արմեն Հովհաննիսյանի «22:30» հեռուստահաղորդման տեսագրություններն ու դրանք ժամանակ առ ժամանակ հրամցվեին հեռուստադիտողին: Թեկուզեւ՝ որպես ռետրո:

Եթե, իհարկե, դրանք պահպանվել են:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *