2013.05.22,

Քննադատ

Պասիվ քաղաքացիական լրագրություն. մեքենաների ռեգիստրատորների գործոնը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Քաղաքացիական լրագրությունը եւ սոցիալական մեդիայի տեղեկատվությունը այսօր լրատվական դաշտի բավական լուրջ մասն են։ Շատերը նույնիսկ քաղաքացիական լրագրությունը դարձնում են իրենց երկրորդ մասնագիտությունը, իսկ խմբագիրները անընդհատ սանրում են ցանցը՝ հետաքրքիր նյութեր գտնելու համար։

Քաղաքացիական լրագրությունը հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ այն տեղերից, որտեղ այդ պահին պրոֆեսիոնալ լրագրող չի եղել։ Մյուս կողմից՝ շատ դեպքերում մարդիկ հետին թվով են հասկանում, որ, լինելով ինչ-որ մի կարեւոր իրադարձության վկա, կարող էին դա արձանագրել, օրինակ, բջջային հեռախոսի միջոցով, բայց չեն արել դա։

Շատ դեպքերում էլ պահը ֆիքսել չի հաջողվում պարզապես այն պատճառով, որ ոչ ոք չի հասցնում հանել հեռախոսը եւ նկարահանել։

Նման դեպքերում մամուլը փորրձում է օգտվել տվյալ վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրություններից, ինչը, բնականաբար, միշտ չէ, որ հաջողվում է։ Լինում է, որ իրադարձությունը ֆիքսում են ավելի տարօրինակ սարքեր։ Օրինակ՝ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի ահաբեկչությունը գրանցել էր այդտեղ տեղադրված բանկոմատի տեսախցիկը։

Իսկ վերջերս բավական մեծ դեր են սկսում կատարել սարքերը, որոնք մարդիկ անընդհատ իրենց հետ են կրում։ Խոսքը մեքենաներում տեղադրված տեսագրող ռեգիստրատորների մասին է, որոնք ավտոսիրողները տեղադրում են ավտոտեսուչների ապօրինություններից խուսափելու եւ իրենց անմեղությունը ապացուցելու հնարավորություն ունենալու նպատակով։

Բնականաբար, երբ փողոցներում մեծ քանակությամբ մեքենաներ են շրջում, որոնք գրանցում են օրվա ողջ ընթացքը, հաճախ ռեգիստրատորի խցիկի մեջ արտառոց կադրեր են «ընկնում»։ Դրանք հիմնականում ավտովթարներն են, որոնց տեսագրություններով այժմ հեղեղված է համացանցը։

Հազվադեպ ռեգիստրատորներին հաջողվում է գրանցել յուրահատուկ իրադարձություններ։ Օրինակ՝ Չելյաբինսկի վրա ընկած երկնաքարը գրանցել էին միանգամից մի քանի մեքենայի տեսախցիկներ:

Կամ հայտնի դարձած՝ Աֆղանստանում ինքնաթիռի վթարի տեսագրությունը:

Հայաստանում նույնպես ռեգիստրատորները հասցրել են իրենց դերը խաղալ հասարակական կյանքում։ Դեռեւս դրանք հիմնականում այլ վարորդների կողմից կատարած խախտումներն են գրանցում:

Երեւի թե առաջին դեպքը, երբ Հայաստանում ռեգիստրատորի տեսագրությունը դերակատարում ունեցավ եւ լայն քննարկման առարկա դարձավ, ինչի շնորհիվ ստեղծվեց «դու լրիվ ոնցոր խառնում ես սաղ» մեմը, այս տեսագրությունն էր, որը կատարել էր Դանիել Իոաննիսյանը:

Հաշվի առնելով, որ ռեգիստրատորները նորաձեւ են դառնում Հայաստանում, կարելի է ակնկալել, որ մեզ մոտ էլ շուտով կակտիվանա այս պասիվ քաղաքացիական լրագրության ձեւը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *