2013.05.15,

Քննադատ

Անվճար հյուրասիրության տեսանյութը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երեկ առցանց մեդիա դաշտը ողողվեց Աբովյան քաղաքի եկեղեցու օծմանը հաջորդած մատաղ հրամցնելու տեսանյութերով: Երբ օծմանը ներկա քաղաքական  ու եկեղեցական վերնախավը հեռացավ եկեղեցու բակից, ժապավենից այն կողմ գտնվող հասարակ մարդկանց թույլ տվեցին մոտենալ կերակրով լի սեղաններին: Սկսվեց հրմշտոց ու «գրոհ»՝ հյուրասիրության պատառների համար: Ոմանք սնունդն արագ կուլ էին տալիս, ոմանք լցնում պայուսակների մեջ:

Շատ ստորացուցիչ ու անտանելի տեսարան էր, որն էլ տարբեր լրատվամիջոցներ (բացառությամբ ավանդական հեռուստատեսությունից, որը սահմանափակվեց ընդամենը օծման փաստով) ներկայացրեցին գրեթե ամբողջությամբ՝ մինչեւ սեղանների իսպառ դատարկումը:

Իհարկե, անվճար սնունդը միշտ էլ գայթակղիչ ու որոշ իմաստով՝ ապակողմնորոշիչ է, մարդկային մեծ կուտակումներով հավաքներն էլ երբեք էթիկետի կանոնների պահպանմամբ աչքի չեն ընկնել: Բավական է հիշատակել երթուղային տաքսիներ նստելու համար ամեն օր մղվող գրոհն ու նսեմացումը: Նման տեսարանների ականատեսը եղել ենք եւ դեռ լինելու ենք, սակայն սա առաջին անգամ էր, որ զանգվածային նսեմացման կադրերը այդքան զանգվածային տարածում ստացան:

Տարբեր տեսակի ձայնագրիչ սարքերի հասանելիությունը թույլ տվեց ցանցային  լրատվամիջոցներին արագորեն՝ առանց մոնտաժի եւ անգամ առանց մտորելու հեռարձակել այս ծայրաստիճան երկիմաստ հյուրասիրությունը:

Այդ տեսարանը, որի հետ դաժանորեն առերեսվեց լսարանը, շատ հարցեր առաջացրեց՝ սկսած լրագրողական նպատակահարմարությունից, վերջացրած՝ ակամայից այս դեպքի հերոսները դարձած հասարակ մարդկանց վնասելու վտանգից:

Որքանո՞վ է արդարացված համատեքստից դուրս, առանց նախապատմության ու կոնտրաստային իրականությունների համադրման այս հանրային խրախճանքի մի հատվածի ցուցադրումը: Կարելի՞ է արդյոք խոշոր պլաններով ցուցադրել մարդկանց դեմքերն ու, հարցազրույցի դրդելով, է՛լ ավելի խտացնել նրանց հանդեպ եղած տարակուսանքը: Եվ որքանո՞վ է արդարացված հանրային հյուրասիրության նման ֆորմատը, միգուցե կազմակերպիչները, որոնք հազավոր մարդկանց էին հրավիրել, կարող էին ավելի լա՞վ բաշխել այդ մի բրդուճ մատաղը:

Այդ հարցերի շուրջ լուրջ քննարկում ծավալվեց «Ֆեյսբուքում» եւ տարբեր այլ հարթակներում:

Սեղանների վրա կատարվող «հարձակման» կադրերն ու ռեպորտաժները ռեկորդային քանակի դիտումներ ունեցան, իսկ արժանապատվության մասին չմտածող ու տարիներ շարունակ վերնախավին անխոս ծառայելու սովոր մարդկանց վարվելաձեւը դարձավ քամահրական վերաբերմունքի, ծաղրի կամ էլ դատապարտման առարկա:

Այս քաոտիկ իրավիճակից քիչ լրագրողներ կարողացան արժանապատիվ դուրս գալ, շատերն իրենց ձեռքում հայտնված սկանդալային նյութի պատանդը դարձան: Հրապարակե՞լ, թե՞ ոչ, իսկ եթե հրապարակել, ապա ինչպիսի՞ շեշտադրումներ անել ու, ի վերջո, հանուն ինչի՞ անել այդ շեշտադրումները: Այս հարցերի շարանը հեղինակություն ունեցող լրատմավիջոցների ղեկավարների պարզաբանումների կարիքն ունի:

Մայիսի 14-ին տեղի ունեցած մատաղի ու օծման արարողությունների լավագույնս բնորոշում է այս լուսանկարը, որը առանց մեկնաբանության էլ ցուցադրում է հանրային շերտերի միջեւ եղած անդունդը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *