2013.05.06,

Քննադատ

Մանիպուլացիոն լրատվության տարերքը

Ավագանու ընտրությունների նախորդ օրը՝ մայիսի 4-ը, հայտարարվել էր լռության օր։ Որոշ կայքեր այդ եւ հաջորդ օրը մանիպուլացիոն լրատվության գծի վրա էին։

Խոսքը հիմնականում իշխանամետ կայքերի մասին է։ Մանիպուլացիոն է ոչ միայն այն լուրը, որը որոշակի նպատակ է հետապնդում, այլեւ կոնկրետ իրադարձության մասին տեղեկություն չտալը։

Yerkir.am-ը մայիսի 4-ին գրում է ընտրակաշառքներ բաժանելու կոնկրետ ահազանգերի մասին: Նշում է բաժանողների անունները, շենքերը, որտեղ բաժանվում են գումարները: Լռության օրը 1in.am-ը ընտրակաշառքների վերաբերյալ ոչ մի տեղեկություն չուներ: Մինչդեռ 23:47-ի դրությամբ 4-րդ տեղում էր circle.am-ում, իսկ ընտրակաշառքների մասին կոնկրետ տեղեկություններ տրամադրած Yerkir.am-ը՝ 45-րդ տեղում 3 հազարից մի փոքր ավելի հաճախելիությամբ: 

News.am-ն ընդհանրապես առաջին տեղում էր, իսկ լռության օրը ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական ընտրակաշառքային օրինակների մասին կայքում ոչ մի խոսք չկա: Չնայած դրան՝ «լրազամբյուղը» թարմացվում է միջինը 3-4 րոպեն մեկ հաճախականությամբ:

Պատասխանատու կայքերը լռության օրը բառացի են ընկալել՝ ոչ մի խոսք ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների մասին:[[wysiwyg_imageupload:474:]]

Իսկ 168.am-ը տպագրել է հարցազրույց Լեւոն Զուրաբյանի հետ, որտեղ վերջինս ներկայացնում է ՀԱԿ-ի հարաբերությունները «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի հետ:

Լռության օրվա tert.am-ի ընտրություններին առնչվող «ամենալուրը» 13:42-ին դրված «Ոստիկանական համակարգող խումբ՝ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու համար» լուրն է: Նույն լուրը կայքի համեմատաբար նկատելի տեղում դրել էր նաեւ news.am-ը: Առավել աննկատ մի տեղում՝ slaq.am-ը: Այս կայքը պարզապես «մտել» է մանիպուլացիոն ժուռնալիստիկայի մեջ՝ հրապարակելով Էմին Երիցյանի նախորդ օրը Ֆեյսբուքում արված գրառումը, ըստ որի «տեղամասերում խախտումների ռիսկերն այս անգամ ընդդիմությանն են»:

Հաջորդ օրը henaran.am-ը, 1in.am-ը, news.am-ը հաստատեցին այս «կանխատեսումը»: Հիշյալ կայքերը նույն հերթականությամբ տեղեկություններ հայտնեցին, որ Մալաթիայի 8/23 տեղամասում մի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ քվեարկված ՀԱԿ օգտին: Քիչ հետո news.am-ը մանրամասնում է, թե ով է քաղաքացին, այստեղ կայքին օգնում է ոստիկանությունը: Քաղաքացին ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մ-ն է:

ՀԱԿ-ամետ ilur.am-ն ավելի ուշ տեղեկացնում է, որ 3 ծրարով երիտասարդին հենց ՀԱԿ ներկայացուցիչն է բռնել տեղամասում: Այսինքն՝  ilur.am-ը չի հերքում, որ կեղծարարի ձեռքին հենց ՀԱԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են եղել: Նա ասում է, որ ՀԱԿ-ի վատն ուզողները հենց ՀԱԿ-ին պետք է «ղուրբան» լինեն բացահայտման համար: Այսինքն՝ հավելյալ տեղեկություն է ներկայացնում:

Ոստիկանության լրատվական ծառայության տեսանկյունից ilur.am-ի արձանագրածն էական նշանակություն չունի, ինքը պարտավոր չէ նույն պահին իր ամբողջ տեղեկատվությունը տրամադրել ԶԼՄ-ներին: Բայց մնացած կայքերը կարող էին տեղամասային հանձնաժողովի անդամների կամ վստահված անձանց միջոցով իմանալ, թե ինչպես այս պատմությունը ջրի երես դուրս եկավ:

[[wysiwyg_imageupload:473:]]News.am կայքում ոստիկանության այդ հաղորդագրությունը ընտրական ապօրինության մասին միակ հասցեական տեղեկատվությունն է հետագա մեկ ժամվա ընթացքում: Այսինքն՝ մեկ ժամ Հայաստանի ամենաընթերցվող կայքի ընթերցողը ամենախոշոր ընտրակեղծարար է համարում ՀԱԿ-ին:

Դա դեռ քիչ է, news.am-ը առաջինն էր, որը, ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի մամուլի պատասխանատուին հղում անելով, տեղեկացնում է, որ ՀՀԿ-ի հասցեին քվեարկության ընթացքում հնչել են սպառնալիքներ։

Մեծ հարց է ծագում, երբ ոստիկանությունը մի քանի ժամ հետո տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել 3 ծրարով տեղամաս մտած ՀԱԿ ներկայացուցչի հանդեպ քրեական գործ հարուցելու մասին, իսկ ՀՀԿ-ի հանդեպ սպառնալիքների փաստով՝ ոչ մի գործ, նույնիսկ հետաքննության մտադրության մասին չի ակնարկել։

Մանիպուլացիոն լրատվությունը հիմնականում տարածվում է քաղաքական հոտառություն կամ կողմնորոշում չունեցող ընթերցողի վրա: Կարող է տարածվել նաեւ ազդեցության տակ հեշտ ընկնող ընթերցողի վրա։ Մանիպուլացիան «սիրում» է այնպիսի ընթերցողների, որոնք լուրի բնույթից դժվարանում են հասկանալ, թե որ կողմն է փչում «քամին»:

Նրանք ի՞նչ իմանան, որ 1in.am-ի թիրախը ԲՀԿ-ն է, ilur.am-ի թիրախը՝ ՀՀԿ-ը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կնոջը պատկանող henaran.am-ի թիրախը ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն են, որ այդ իմաստով news.am-ը սրբություններ չունի Սերժ Սարգսյանից եւ Միքայել Մինասյանից բացի: 

Մանիպուլացիոն լրատվությունը «ընթերցող» կամ «հասարակություն» է հասունացնում մութ նպատակների համար: Այդպիսի նպատակներից են ընտրությունները։ Եթե չասենք՝ հատկապես ընտրությունները։ Մանիպուլացիոն լրատվությունն անհրաժեշտ է հետագա ինչ-ինչ ապօրինություններ դրանով «սվաղելու» համար։

Մանիպուլացիոն լրատվության դասական օրինակ են քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների վարկանիշները, որոնք սովորաբար եթեր են հեռարձակվում[[wysiwyg_imageupload:475:]] հեռուստաընկերություններով եւ իշխանամետ կայքերով։ Մանիպուլացիոն լրատվությունը հետեւողականություն չունի, նրա գործը «утка»-ն է։ Հետեւողականությունն արտահայտվում է քվեարկության պատկերը «սոցիոլոգիական» հարցումների տվյալներին համապատասխանեցնելով։

Մանիպուլացիոն լրատվության մեկ այլ օրինակ է հենց իշխանամետ կայքերի «օբյեկտիվությունը» այս կամ այն հակաիշխանական իրադարձությունը լուսաբանելիս։ Այդ կայքերը հենց այդպիսի նպատակների համար են բացվել։

Հիշենք, թե հատկապես որ կայքերը ոչ մի կերպ չանդրադարձան նախագահի ընտրությունների արդյունքների ամփոփմանը սեփական ուժերով, այլ ամբողջությամբ ապավինեցին ԿԸՀ-ին։ Դրանք էին circle.am-ում անփոփոխ առաջին տեղը զբաղեցնող news.am-ը եւ tert.am-ը։

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *