2013.04.18,

Քննադատ

Երեւանի պատկերներում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ընտրությունները սովորաբար քաղաքը ողողում են մեծ քանակի, չափի ու ծավալի տեսանյութերով, շարժական կամ անշարժ պաստառներով ու կարգախոսներով, որոնք, քաղաքական գովազդի դեր կատարելով, քաղաքը դարձնում են մի մեծ լրատվամիջոց՝ իր գունավոր հավելվածներով:

Այդ լրատվամիջոցի օգնությամբ տարբեր քաղաքական ուժեր (մեկը՝ շատ, մյուսները՝ պակաս) բնակիչներին պատմում են իրենց տեսլականի ու մոտալուտ նվաճումների մասին:

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները (որոնց արդյունքում հայտնի կդառնա նոր քաղաքապետի անունը) առիթ տվեցին խոսել վիզուալ ուղերձների պատեհապաշտ կամ ժամանակավրեպ լինելու մասին: Մանավանդ, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո տարաբնույթ աուդիո եւ վիզուալ արտադրանքի գրոհ սկսվեց՝ հանուն քաղաքացու քվեի:

Մենք արդեն ընտելացել ենք, որ քաղաքի արտաքին տեսքը երբեմն նրբանկատ, իսկ հիմնականում ակնհայտ ագրեսիվ միջամտության է ենթարկվում՝ բնակիչներին ռմբակոծելով կարգախոսներով, լուսանկարներով ու տեսանյութերով, որոնք վիզուալիզացնում են այս կամ այն քաղաքական ուժի պատկերացումները մեր ապագայի մասին:

Հիմնական շեշտն, իհարկե, դրվում է դեկորացիայի ու զարդարանքի վրա, այսինքն՝ այն շերտի վրա, որը մակերեսային է եւ միաժամանակ աչքի ընկնող:

Իհարկե, այդ պաստառա-հոլովակային վիզուալ շարքը երբեմն լրջորեն հակասում է իրականությանն ու ներքին դիմադրությամբ է ընկալվում, սակայն երբեմն էլ անթաքույց կերպով ասում է այն, ինչ քաղաքական ուժերի պաշտոնական հայտարարություններում ու ծրագրային դրույթներում չես գտնի:

Այս տարի հենց այդպես էլ եղավ. իրական (ամենօրյա օգտագործման արդյունքում ձեւավորված) ու հնարովի (երազած, սպասված, ուտոպիստական) Երեւանի պատկերները այս ընտրությունների ժամանակ գրեթե ոչնչով չէին տարբերվում:

Իշխող կուսակցությունը (ՀՀԿ) քարոզչական տեսահոլովակում նույն այն քաղաքն է, որը կա իրականում: Այսինքն՝ քաղաք, որտեղ նկարահանելու բան չկա՝ բացի արհեստական ու շինծու բեմականացումներից՝ խաղողի ողկույզներով պարող կամ կուժերով զբոսնող օրիորդներից, դիմափոշիով պատված արձաններից, անկենդան փողոցներից ու քչով բավարարվող բնակիչներից, որոնք ուրախանում են՝ արձաններից փոքր ծաղկեփնջեր ստանալով:

pastar_avaganu_yntrutyunner

Տեսահոլովակը վիզուալիզացրեց, որ քաղաքում շատ բարդ է հայերենով գրված ցուցանակ գտնել (այսօրվա Երեւանում իշխողը անգլերենն ու ռուսերենն են), որ զբոսանքի դուրս գալուց առաջ պետք է ցանկանալ, որ զբոսանքը բարով լինի (այլապես, միգուցե, եւ չլինի):

Առաջին հայացքից միամիտ թվացող ու ինֆորմացիոն մեծ կշիռ չունեցող երաժշտական հոլովակների, պաստառների գույների ու լուսանկարների ընտրությունը իրականում շատ բան է ասում այն մասին, թե ինչպիսին է լինելու մեր քաղաքի կյանքը մոտակա տարիների ընթացքում:

Այն, թերեւս, նման է լինելու պենոպլաստե սպիտակ կարապի, որը լողում է կակաչների լճակում: Կամ էլ «մեծ ու բոլորի սիրելի տունն» է դառնալու այն կուսակցության համար, որի առաջնորդը նախընտրում է քայլել կարմիր գորգի վրայով:

hhk1

Երեւանը շարունակելու է խոսել իր հազարամյա պատմության մասին, բայց իրականում հետեւողականորեն ու շուտափույթ վերացնելու է անգամ կեսդարյա քաղաքի հետքը (այդ փաստը կօգտագործեն ընդդիմադիր կուսակցություններից շատերը):

Մայրաքաղաքի շենքերի, ցանկապատների, տանիքների վրայից արդեն սկսել են քաղաքացիներին ժպտալ սոլո, դուետով, եռյակով կամ կվինտետով պատկերված քաղաքական ուժերի ներկայացուչները՝ Երեւանը վերածելով  իրար հետ չառնչվող հավելվածներ ունեցող լրատվամիջոցի:

Այդ դերին անմասն չեն մնացել անգամ բակերի բացօթյա տաղավարները, որոնք կուսակցությունների կողմից (մեկը՝ շատ, մյուսները՝ պակաս) կուսակցական պատկանելիությամբ ու գունավոր կարգախոսներով են պարգեւատրվել: Հանուն քաղաքացու ապագայի: 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *