2013.04.03,

Քննադատ

Մամուլը եւ զանգվածը

Զանգվածի մի տեսակ կա, որը ձեւավորվում է մամուլի միջոցով: Նրանց կարելի  անվանել լրատվական զանգված: Դա այն զանգվածն է, որը իրադարձությունների մեջ է մտնում առանց լրատվությունից աչքը կտրելու: Իր հեղափոխական կրքերը, պայքարի առաջնահերթությունները նա կանոնավորում է ըստ մամուլի, իսկ ավելի կոնկրետ, լրատվական կայքերի հրապարակումների: Հենց դրանով կարելի է բացատրել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների սակավամարդությունը:

Կայքերի մի հսկա խումբ լուսաբանում է նախագահի ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուի ամեն քայլը: Հետընտրական շրջանում օրական 85-90 հազար մարդ դիտում էր «Ա1+»-ի, «Ազատություն» ռադիոկայանի եւ CivilNet-ի ուղիղ եթերները:

2008-ին, 2003-ին այդ ուղիղ եթերները չկան: Մամուլն այդ տարիներին «ժամադրավայր» չէր, բայց նա բողոքական հատվածին ժամադրում էր, ասենք, «ընդդիմության վճռական հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 11-ին»:

«Հայկական ժամանակը» 2008-ից հետո հաճախ էր տարբեր փորձագետների մեջբերելով գրում. «Եթե Ազատության հրապարակում հավաքվի 50 հազար հոգի, հեղափոխությունն անխուսափելի է»: Այդպիսի մի հուսահատ ճիգ այս տարվա հանրահավաքների ժամանակ արդեն փորձել է Նիկոլ Փաշինյանը: Նա Րաֆֆի Հովհաննիսյանի սակավամարդ հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարեց, որ եթե ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հավաքվի 500 հազար հոգի, իշխանափոխությունը տեղի կունենա: Սակայն խնդիրն այն է, որ լրատվական կայքերն այսօր այնքան ինտերակտիվ են բողոքի ցույցերը լուսաբանելիս, որ մարդիկ հրապարակներ հասնելու կարիք չունեն:

Կայքերը պարզապես շատ են, բոլոր ճաշակների համար: Նրանք վերածվել են յուրօրինակ վիրտուալ հրապարակների: Մարդկանց զանգվածին զուգահեռ ինտերնետը վերածվել է կայքերի «ամբոխի»: Թերթ կարդացողների եւ կայքերի այցելուների զանգվածը դառնում է պասիվ հեղափոխական, բոլորն ուզում են տեղեկանալ, թե իրենց «ակտիվ» բացակայությամբ ինչեր են տեղի ունենում հրապարակում: Ինֆորմացիան դառնում է այն հրապարակը, որտեղ տեղի են ունենում բոլոր գործողությունները:

Առաջին հայացքից թվում է, թե հետընտրական իրադարձությունների լուսաբանումը մամուլի ազատության բնական արտահայտություններից է, «Ասպարեզի» օնլայն հեռարձակումներն անհնար դարձրեցին արդյունքների ամփոփման կեղծումները Շիրակի մարզում: Ոչ ոք կարիք չունի հասնելու Սյունիքի մարզ, որպեզի տեսնի, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը համախմբում սյունեցիներին «պայքարի դրոշի» տակ: Սակայն Երեւանում տեղի ունեցող «վճռական հանրահավաքները» միշտ անցնում են պասիվ հեղափոխականության «ակտիվ» դրսեւորումների ներքո՝ մարդիկ սոսկ դիտորդ են, հրապարակում միայն ծերերն են, այսինքն, մարդիկ, որոնք համացանցի հետ գլուխ չեն դնում եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները, որոնք իրականում այնքան էլ շատ չեն:

Վիրտուալ պայքարի հաջորդ շանթարգելն իհարկե Ֆեյսբուքն է, ինչ-որ տեղ նաեւ Youtube-ի մեկնաբանությունների դաշտը, որոնք իրենք իրենցով «ժամադրավայր» են ցանկացած տեսակետի եւ կրքերի բախման համար: Այսպիսով, հրապարակները դադարում են լինել հեղափոխությունների եւ պարզապես ինֆորմացիաների փոխանակման հարթակներ: Զանգվածն իր քաղաքական հավակնություններն իրացնում է մի դաշտում, որտեղ ինքը ոչ մեկի աչքերի մեջ նայելու կարիք չունի, հետեւաբար չգիտի, թե համախմբումն ինչ «դեմք» ունի:

Այսինքն, համակիրների խտությունը շոշափելու, ոգեւորությունը դիմացինի հետ կիսելու այլ ասպարեզ չունի՝ բացի սոցիալական կայքերում եւ տարբեր մեկնաբանությունների դաշտերում տեսակետ թողնելուց: Մամուլն ու ինտերնետն ասպարեզից դուրս են թողնում հրապարակը, որտեղ յուրաքանչյուրն ուներ իր դիմացինի համար շոշափելի ներկայություն, սիրտ, որի աշխատանքն զգում էր, ձեռք, որը կարող էր բռնել եւ առաջնորդ, որը կարող էր նրան լիցքավորել պայքարի ամեն հանգրվանի համար:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *