2013.03.29,

Քննադատ

Քարե երազներ

Անցած անգամ չափազանց թռուցիկ անդրադառնալով Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպին` տեղեկացրի, որ անձամբ իմ պատանեկությունն էլ է անցել մի տարածքում ու մի միջավայրում, որտեղ հայերն ու ադրբեջանցիք կողք-կողքի էին ապրում, ընդ որում` միանգամայն խաղաղ ու անփորձանք: Դա Երեւանի Կրիվոյի, Նարիմանովի փողոցներն էին եւ դրանց հարող տարածքները, ինչպես նաեւ` Հանրապետական մարզադաշտին հարող տարածքը:

Ղարաբաղյան շարժումից եւ հատկապես Սումգայիթյան վայրագություններից հետո Երեւանի կենտրոնի այդ տարածքներում բնակվող ադրբեջանցիներն առաջին անգամ լրջորեն անհանգստացան եւ իրար հետեւից տեղահանվեցին Երեւանից: Ուշադրություն դարձրեք. նրանց ոչ թե բռնի տեղահանեցին, այլ իրենք զգալով ու հասկանալով այլեւս Երեւանում ապրելու անհեռանկարայնությունը` վաճառեցին իրենց բնակարաններն ու հեռացան Երեւանից, ընդ որում` վերստին անփորձանք:

Սա իմ ողջ տեսածն է. ավել բան ոչ տեսել եմ, ոչ էլ լսել: Եվ եթե վեպ կամ վիպակ գրեի իմ պատանեկության տարիներին Երեւանի տվյալ տարածքներում հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունների մասին, անգամ մաքսիմալ օբյեկտիվության ու համարձակության դեպքում մեր ու մերոնց մասին որեւէ վատ բան գրել չէի կարող, որովհետեւ նշածս տարածքում հայերն ադրբեջանցիների նկատմամբ մշտապես իսկական քրիստոնյային վայել վերաբերմունք են հանդես բերել:

Եվ մաքսիմալ օբյեկտիվության դեպքում ընդամենը պիտի ասեմ, որ հայերս Հայաստանի տվյալ եւ այլ տարածքներում քրիստոնյային ոչ վայել վերաբերմունք ենք դրսեւորել եւ դրսեւորում հիմնականում միմյանց նկատմամբ: Այսինքն, մենք մանավանդ Հայաստանի տարածքում այլազգիների նկատմամբ մշտապես ավելի հանդուրժող ենք եղել, քան` մեր հայրենակիցների ու ազգակիցների նկատմամբ, եւ սա ոչ թե գլուխ գովելու կամ հպարտանալու բան է, այլ` անառարկելի փաստ, եւ ընդհակառակը, մենք քննադատության արժանի ենք միմյանց հանդեպ անհանդուրժողականության իմաստով:

Եւ Այլիսլիին ու իր «Քարե երազներ» վեպին վերադառնալով` պիտի ասեմ, որ  ադրբեջանցի գրողն իր այս վեպում ոչ միայն ադրբեջանաբնակ  ադրբեջանցիների էությունն է լավագույնս բացահայտում, այլեւ` Սումգայիթի  դեպքերից հետո Հայաստանից Ադրբեջան գաղթածներինը:    

Իմացողներս գիտեինք, չիմացողներն էլ Այլիսլիի վեպը կարդալով կիմանան, որ Ադրբեջանում Երեւանից ու Հայաստանից Ադրբեջան տեղափոխվածներին անվանում են երազ (երեւանսկիյ ազերբայջանեց): Հետաքրքիր զուգադիպությամբ, վեպի հայերեն վերնագրի մեջ` «Քարե երազներ», այդ  «երազը» կա, բայց Այլիսլին «քարե երազներ» ասելով` Նախիջեւանի հայոց խաչքարերը նկատի ունի, եւ սա անձամբ իմ կարծիքն է, եւ չնայած վեպն ամբողջությամբ չեմ կարդացել, մեր լրատվամիջոցների շնորհիվ շարունակելով կարդալ` սկսում եմ մտա ծել, որ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը ոչ թե ընդամենը հակապատերազմական վեպ է, այլ, հակապատերազմական լինելուց բացի, պատերազմող երկու կողմերից մեկի գնահատական, ավելի ստույգ`  ինքնագնահատական, եւ Այլիսլիի ու իր վեպի նշանակալիությունը կայանում է նրանում, որ ինքն ադրբեջանցի լինելով` ոչ միայն պատերազմական տարիների վայրագությունն է ջրի երես հանում, այլեւ բացահայտում եւ ի հայտ է բերում այդ հակամարտության բուն արմատները` խորհրդային տարիների նախիջեւանյան ողջ ճշմարտությունն ու իրականությունը գեղարվեստորեն նկարագրելով ու մեկնաբանելով:

Չնայած հայերիցս քչերն են հայ-ադրբեջանական հակամարտությանը կրոնական հակամարտության երանգ ու բացատրություն տալիս, Այլիսլիի մոտ կրոնական տարբերության մոտիվն էլ է առկա, ընդ որում` վերստին հօգուտ հայերի ու հօգուտ քրիստոնեության:

Չեմ կարծում, թե Այլիսլին հանուն սենսացիայի ու հանուն ինչ-որ մրցանակների է իր տեսած ողջ ճշմարտությունը ջրի երես հանել: Ավելին. Այլիսլին, իբրեւ ճշմարիտ ստեղծագործող ու գրող, սկսելով ու հանձն առնելով գրողական իր այս  առաքելությունը` չէր էլ կարող այլ արդյունքի ու այլ եզրակացությունների հանգել. նա կամ չպիտի համարձակվեր սկսել ու հանձն առնել, կամ էլ, համարձակվելով ու սկսելով, պիտի հասներ ստեղծագործական այն արդյունքին, որին, ի հեճուկս ադրբեջանցիների մեծամասնության եւ հուրախություն իսկական ընթերցողի, հասել է:

Բոլոր դեպքերում, Աքրամ Այլիսլին, մանավանդ իր նախիջեւանյան հիշողություններում, ավելի շատ հայերի արժանիքներին է անդրադառնում,  քան` իր հայրենակիցների արատներին, եւ շատ դեպքերում իր հայրենակիցներից շատերի մարդկային արժանիքներին էլ է անդրադառնում:

Եվ ըստ ամենայնի, Այլիսլիի ոխերիմ քննադատները Այլիսլիին հենց հայերին մեծարելու համար չեն ներում, մանավանդ որ` Այլիսլին անխառն սիրով ու կարոտով է նախիջեւանաբնակ հայերին հիշում ու անդրադառնում, ընդ որում` Այլիսլին իր մանկության ու պատանեկության տարիներին անդրադառնալով` հիշում ու նշում է գավառաբնակ հայերի ազնիվ ու ազնվական լինելը, ընդ որում` ոչ թե էսպես մերկապարանոց է էդ բանը հիշում ու նշում, այլ իսկական գրողի պես` նախիջեւանաբնակ հայերի գունագեղ կերպարների վերստեղծմամբ ու վերակենդանացմամբ:

«Իրատես դե Ֆակտո» թերթի եւ Անահիտ Ադամյանի որոկյալ թարգմանության շնորհիվ մենք արդեն որոշակի պատկերացում ունենք Աքրամ Այլիսլիի եւ նրա «Քարե երազներ» վեպի մասին, եւ ամենակարեւորն այն է, որ իր եւ իր վեպի առիթով սկսել ու շարունակում ենք խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին ավելի շատ լռել ենք:

Ահա ես էլ խոսեցի եւ ասացի բաներ, որ մինչ այս չէի ասել: Ու երեւի կշարունակեմ, որովհետեւ էլի ասելիք մնաց:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *