2013.03.20,

Քննադատ

Աքրամ Այլիսլիի վեպը եւ մենք

Հայաստանում նախընտրական ու հետընտրական իրադարձություններն իրենց թոհուբոհով խլացրին ու երկրորդ պլան մղեցին մի նշանակալի իրադարձություն, որին հայկական լրատվամիջոցներում ընդամենը թռուցիկ անդրադարձներ ու արձագանքներ եղան:

Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, որի պատճառով հեղինակն իր երկրում աջուձախ քարկոծվում է, եւ մինչեւ անգամ Այլիսլիի կյանքին է վտանգ սպառնում:

Աքրամ Այլիսլին հայտնվել է մոտավորապես նույն վիճակում, ինչ վիճակում որ Փամուկն էր իր վեպից հետո Թուրքիայում հայտնվել: Եվ վերստին` հայերի «պատճառով»:

Արդյոք հայերի «շնորհիվ» երկրորդ ոչ հայ գրողը կարժանանա՞ Նոբելյան մրցանակի: Եթե Այլիսլիին նույնպես վտարեն իր երկրից, հավանաբար, կարժանանա, բայց ինձ համար էականը ոչ թե դա է, այլ մեր վերաբերմունքը` ադրբեջանցի գրողի եւ իր վեպի հանդեպ:

Գովելի է, որ մերոնք անմիջապես սկսեցին թարգմանել վեպը, եւ այն արդեն հրապարակվում է մեր լրատվամիջոցներում (diplomat.am կայք, «Իրատես դե Ֆակտո», «Ի լուր» կայք): Հրապարակումների շնորհիվ տասնյակ հատվածներ արդեն կարդացել եւ հաճելիորեն հասկացել եմ, որ գրքի հեղինակը ոչ թե շարքային գրող է, այլ իսկապես տաղանդավոր գրող: Այս առումով եւս Փամուկի հետ զուգահեռը չափազանց տեղին է:

Այդուհանդերձ, հիմնական ասելիքս ոչ այնքան Այլիսլիի վեպին ու դրա գեղարվեստական արժանիքներին է վերաբերում, ինչքան Այլիսլիի եւ իր վեպի հանդեպ մեր վերաբերմունքին:

Ադրբեջանցիների քարկոծումից հետո հայերը, բնականաբար, շտապեցին փառաբանել եւ հերոսացնել Այլիսլիին, եւ դա միանգամայն բնական էր, որովհետեւ «Քարե երազներն» իսկապես ստեղծագործական սխրանք է: Բայց մեր լրատվամիջոցների եւ լրագրողների արձագանքն ադրբեջանցի գրողի այդ վեպին առայժմ մակերեսային է, եւ, հուսով ենք՝ վեպի միանգամայն գրականագիտական` լուրջ ու մանրակրկիտ վերլուծությունն ու գնահատականը չեն ուշանա:

Առայժմ գնահատականները (այս մեկը եւս) շտապողական ու դեկլարացիոն են, ընդ որում` միանգամայն վիճելի: Գնահատողներից մի քանիսն արդեն շտապել են հայտարարել, որ Այլիսլին իր այս վեպով ադրբեջանցի ժողովրդին փրկել է խայտառակությունից: Թե ինչով ու ինչպես է փրկել, միանգամայն անհասկանալի է:

Ես միանգամայն հակառակ կարծիքին եմ, եւ հակառակն այն է, որ Այլիսլին, ճշմարտության եւ իրականության մի որոշակի մաս բացահայտելով եւ ի ցույց դնելով, վերջնականապես է բացահայտել ադրբեջանցիների իրական դեմքը:

Ճարտարապետության ու հնագիտության հարցերից բավական հեռու լինելով` վստահաբար կարող եմ ասել, որ Նախիջեւանի տարածքում ոչնչացված հայկական հուշարձանների հետ կապված ճշմարտությունն առավել ազդեցիկ է հնչում, երբ այդ մասին վկայում է ականատես ադրբենջանցին, առավել եւս` այդ տարածքում ծնված ու ապրած ադրբեջանցի գրողը: Ճիշտ այնպես, ինչպես հայոց եղեռնի մասին թուրք գրող Փամուկի խոսքը միանգամայն համոզիչ ու ի լուր աշխարհի հնչեց:

Աքրամ Այլիսլիի վեպի առթիվ մեր լրատվամիջոցներում, կամա թե ակամա, կարծիքներ հնչեցին, թե արդյո՞ք հայ գրողներից որեւէ մեկը կարող էր այսաստիճան օբյեկտիվ ու անկողմնակալ վեպ գրել հայ-ադրբեջանական հակամարտության այս ժամանակաշրջանում:

Փորձեմ հարցին պատասխանել իմ ձեւով, իմ չափով, իմ անունից եւ իմ պատկերացմամբ: Ինչ-որ առումով նաեւ պարտավոր եմ պատասխանել, ընդ որում` իբրեւ հայ գրող:

Առաջ ընկնելով՝ ասեմ, որ ինքս էդ կարգի «օբյեկտիվ» ու «անկողմնակալ» վեպ չէի կարող գրել, եթե նույնիսկ Այլիսլիի տաղանդն ու համարձակությունն ունենայի: Բացատրեմ` ինչու: Այլիսլիի պես ինքս էլ մեծացել եմ մի միջավայրում (Երեւանի Կրիվոյ կոչվող թաղամասում), որտեղ հայերն ու ադրբեջանցիք կողք-կողքի էին ապրում, եւ այդ թաղամասում (Նարիմանովի փողոցում) նույնիսկ մզկիթ կար: Մի խոսքով, պատանեկությունս ու երիտասարդությունս, ընդհուպ՝ հայ-ադրբեջանական հակամարտությունները, այդ թաղամասում են անցել:

Այդ թաղամասում էին գտնվում նաեւ ադրբեջանական դպրոցը, մի որոշ ժամանակ նաեւ ադրբեջանական թատրոնը: Մի խոսքով, շուրջ քսանհինգ տարի ապրել եմ ադրբեջանցիների հետ կողք-կողքի, եւ չնայած՝ պատանեկությանս տարիների վերաբերյալ վեպ ու պատմվածքներ գրել եմ, երբեւէ չեմ անդրադարձել մեր քթի տակ բնակվող ադրբեջանցիներին:

Կրիվոյն ու Հանրապետական մարզադաշտին հարող տարածքը, մանավանդ՝ վաթսունական ու յոթանասունական թվականներին, հայտնի էր թաղային հեղինակություններով, կռիվներով, «ռազբորկաներով» եւ այլն: Մի խոսքով, ամենեւին էլ խաղաղ տարածք չէր, բայց այդ տարածքում շուրջ քառորդ դար բնակվելով` չեմ հիշում մի դեպք, որ տեղաբնակ հայերը նեղություն տված լինեն անհամեմատ նվազ քանակությամբ տեղաբնակ ադրբեջանցիներին: Հակառակն էլ բնականաբար չէր կարող լինել, որովհետեւ դաշտի ու դրության տերը հայերն էին:

Երբեւէ չեմ էլ լսել, որ հայերը Երեւանում որեւէ ադրբեջանցու գերեզման պղծած լինեն: Եվ եթե Նարիմանովի փողոցի մզկիթը համարենք ադրբեջանական մշակույթի հուշարձան, կարող եմ հավաստիացնել, որ այդ հուշարձանին էլ որեւէ հայ մատով չի դիպել. ավելին՝ շատ լավ հիշում եմ, որ դրա պատերի վրայի խզբզոցները ադրբեջաներեն ինչ-որ բառեր կամ ինչ-որ ադրբեջանցիների անուններ էին: Կարճ ասած՝ եթե ես վեպ կամ վիպակ գրեի այդ թվականներին այդ տարածքում բնակվող հայերի ու ադրբեջանցիների մասին, դրանից միանշանակ մերոնք էին շահելու: Ճիշտ այնպես, ինչպես Այլիսլիի վեպի պարագայում է:

Երեւանի կենտրոնում հայերի ու ադրբեջանցիների միանգամայն խաղաղ գոյակցությունը շարունակվեց մինչեւ 1988 թվական, ավելի ստույգ` մինչեւ Սումգայիթի դեպքերը: Իսկ թե ինչպես զարգացան իրադարձություններն այդ տարածքում Սումգայիթի դեպքերից հետո, կփորձեմ ներկայացնել հաջորդ անգամ:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *