Ապրիլի 1-ից հայաստանյան հեռուստատեսային գովազդի շուկան վերափոխումների կենթարկվի, քանի որ առաջին անգամ փորձ կարվի գովազդի վաճառքն ու հեռարձակումը կարգավորել sales house-ի (գովազդատուների եւ ալիքների շահերը համադրող կենտրոնի) միջոցով:
Ուկրաինական Media International Service ընկերությունն իր մասնաճյուղն է բացել Հայաստանում եւ պայմանագիր կնքել «Արմենիա», «Ա-թիվի», «Արմնյուզ», «Շանթ» հեռուստաընկերությունների հետ՝ նշված ալիքներում գովազդ տեղադրելու բացառիկ իրավունք ձեռք բերելով: Ինչը ենթադրում է, որ այս չորս ալիքներն իրենց գովազդային ռեսուրսները իրացնելու են ընդհանուր սկզբունքների համաձայն, այլ ոչ թե այնպես, ինչպես իրենք կամենան կամ էլ ինչպես հաճախ է պատահել՝ ինչպես ստացվի (այսինքն՝ գովազդի ոչ կայուն, լողացող գնացուցակներով):
Media International Service-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տիգրան Սաֆարյանը նշեց, որ sales house-ի ստեղծումը վաղուց էր հասունացել, իսկ հեռուստագովազդի դաշտը առավել պրոֆեսիոնալ կարգավորման կարիք ուներ: Նշենք նաեւ, որ ուկրաինական Media International Service-ը գործունեություն է ծավալում հիմնականում ԱՊՀ երկների տարածքում՝ Ղազախստանում, Մոլդովայում, Հայաստանում:
Ըստ Տիգրանի Սաֆարյանի՝ հեռուստագովազդի վաճառքի ընդհանուր սկզբունքների բացակայության պատճառով Հայաստանը չի կարողանում խոշոր միջազգային ընկերությունների պատվերով լիարժեք գովազդային կամպանիաներ կազմակերպել: Արդյունքում՝ ալիքները զրկվում են զգալի ֆինանսական հոսքերից, քանի որ գովազդի վաճառքի եւ հեռարձակման կանոնները հաճախ հստակ ու տրամաբանական չեն:
Գովազդի պրոֆեսիոնալ վաճառքը առաջին հերթին պայմանավորված կլինի վաճառքի սկզբունքների փոփոխման հետ:
Վաճառքի բուն առարկան սովորաբար համարվում էր եթերաժամանակը (րոպե/գովազդ հարաբերակցությամբ), իսկ sales house-ը կաշխատի արդեն նոր մեխանիզմով (թիրախային դիտումներ/գովազդ): Րոպեավճարը կփոխարինվի պոտենցիալ դիտումների ընդհանուր քանակը հաշվարկող ու հստակ թիրախավորում (տարիք, սեռ, կրթություն, զբաղմունք, ամսեկան միջին եկամուտ եւ այլն) ունեցող հեռուստավարկանիշով՝ GRP– ով:
GRP (Gross Rating Point) մեդիապլանավորման միավոր է, որը ցույց է տալիս իրադարձության ու լսարանի բոլոր հնարավոր կոնտակների գումարը:
Պաշոտանական լեզվով ասած՝ GRP–ն տվյալ գովազդային ընկերության շրջանակներում բոլոր գովազդային հաղորդագրությունների բոլոր թողարկումների վարկանիշների գումարն է։ Իսկ ավելի պարզ սիրողական մեկնաբանմամբ՝ GRP-ին ի ցույց է դնում լսարանի այն հատվածը, որը ենթարկվել է գովազդային ազդեցությանը: Եվ sales house-ը վաճառելու է հենց այդ ազդեցության զանգվածը, այլ ոչ թե վերացական րոպեները, որոնք կարող են եւ ազդեցություն չունենալ (երբեմն էլ՝ գովազդային արշավը անարդյունավետ ու ոչ նպատակաուղղված դարձնել):
Առաջին հայաստանյան sales house-ը ստանձնել է այդ գործառույթի շտկումը, որը ըստ ընկերության՝ կառողջացնի գովազդային դաշտը եւ ձեռնտու կլինի եւ գովազդատուներին, եւ ալիքներին՝ թույլ տալով երկուստեք պլանավորել գովազդային բյուջեն:
Հեռուստաչափումները կիրականացնեն երկու ընկերություններ` AGB Nielsen Media Research–ը եւ «GFK – Տելեմեդիակոնտրոլը», որոնք որոշ ժամանակ գործընկերների կարգավիճակում կաշխատեն՝ կիսելով պարտականություններն ու փոխվերահսկելով միմյանց:
AGB Nielsen Media-ն հեռուստաալիքների մոնիթորինգ կանցկացնի (ապագայում նաեւ ներառելով ռադիոհաղորդումներն ու արտաքին գովազդը), իսկ «GFK – Տելեմեդիակոնտրոլը» կչափի հեռուստավարկանիշները:
«GFK – Տելեմեդիակոնտրոլը» Հայաստանի տարածքում հեռուստաչափումներ իրականացնելու մրցույթը շահած ընկերությունն է (հաջորդ տենդերը նախատեսվում է անցկացնել 2015 թվականին):
Այն բոլոր չորս ալիքները, որոնք այսուհետ պետք է նույն խաղի կանոններին ենթարկվեն, Media International Service-ի ստեղծումը մեկ քայլ առաջ են համարում: «ՊանԱրմենիան մեդիա հոլդինգի» (որի կազմում են հեռուստաընկերություններից «Արմենիան», «Ա-թիվին», «Արմնյուզը») տնօրեն Վազրիկ Սեկոյանը նշեց, որ sales house-ը կօգնի ալիքներին զարգանալ որպես լիարժեք ու թափանցիկ բիզնես կազմակերպություններ:
Իսկ «Շանթ» ընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը նշեց հնարավոր ֆինանսական ռիսկերից ապահովագրելու փաստը: Sales house-ը նա համեմատեց ջրամբարի հետ, որտեղից ալիքը կարող է պարբերաբար «ջուր» (այս համատեքստում՝ գովազդային պատվերներ) վերցնել, չմտահոգվելով, որ անբարեբեր ամիսներին ջուրը կարող է անսպասելիորեն ցամաքել: Մասնավորապես, գաղտնիք չէ, որ ամառվա ամիսներին հեռուստատեսային եթերում գովազդի քանակը նվազում է, ինչը դժվարություններ է ստեղծում հեռուստատեսային մենեջերների համար:
Արթուր Եզեկյանը պրոֆեսիոնալ գովազդ վաճառողների գործառույթը պատկերավոր համեմատեց ձկնորսի աշխատանքի հետ, նշելով, որ եթե ալիքը նախկինում ինքն էր ցանցը ջուրը նետում ու տարատեսակ ձկներ որսում, ապա հիմա ցանկության դեպքում հնարավորություն է ստանում կոնկրետ մի ձկնատեսակ որսալ:
Որպես հիշեցում նշենք, որ հեռուստատեսային գովազդը նախաձեռնում եւ իրականացնում են երեք սուբյեկտներ` պատվիրատուն, գովազդ արտադրողն ու հեռարձակողը: Եվ այժմ երկու օղակները (պատվիրատուն եւ հեռարձակողը) մեկ՝ քաղաքակիրթ շուկայի կանոններով աշխատել ցանկացող կենտրոնից կղեկավարվեն: Իսկ գովազդ արտադրողները ածանցյալ դեր կկատարեն:
Գովազդային եւ ընդհանրապես հեռուստատեսային ոլորտի ռեֆորմների գլխավոր նախապայմանը հնարավոր մենաշնորհների կանխարգելումն է: Եվ խնդիրը ոչ միայն գովազդային գումարների ազատ հոսքերի, այլեւ հեռուստաչափումներ իրականացնող ընկերությունների իրական անկախությունն է: Հակառակ դեպքում կարող է ստացվել, որ մի հարկի տակ են կենտրոնանում եւ՛ չափումները, եւ՛ չափումների հիման վրա արված վաճառքը, եւ՛ վաճառքի արդյունքում կատարված հեռարձակումը:
Գաղտնիք չէ, որ գովազդային հոսքերը ալիքի կենսունակության աղբյուրն են, եւ եթե դրանք դադարեն կամ էլ նվազեն, ալիքը գոյատեւելու միջոցներ պարզապես չի ունենա: Եվ եթե չորս խոշոր հեռուստաընկերություններ 2013 թվականի ապրիլի 1-ից օգտվելու են գովազդային «տորթի» ամենահամեղ ու պրոֆեսիոնալ մատուցված պատառներից, կարելի է ակնկալել, որ մնացած հեռուստաընկերությունները պետք է սեփական մարտավարությունը մշակեն՝ միջին եւ փոքր գովազդային հոսքերը պահպանելու կամ էլ նվաճելու համար:
Sales house-ի հայտնությունը շուկայում ոչ միայն նոր ճանապարհ նշմարեց, այլեւ դրդեց վաղուց կուտակված խնդիրները դիտարկել նոր տեսանկյունից:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: