2013.03.13,

Քննադատ

Ծայրահեղություններ «Գարեգին Նժդեհ» թեմայով

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի շուրջ խոսակցությունները սկսվեցին ու ծավալվեցին նախքան այդ ֆիլմի պրեմիերան ու ցուցադրությունը: Ֆիլմը քննադատողները հիմնականում ընդդիմադիր երիտասարդներ էին, որոնք ֆիլմը չէին տեսել: Ֆիլմը պաշտպանողների մի մասն էլ ֆիլմը չէր տեսել, եւ, բնականաբար, դրանք էլ իշխանամետներ էին, հիմնականում` էլի երիտասարդներ:

Անառարկա բանավեճի մեջ ներքաշված տարեցներ էլ կային, բայց տոն տվողը երկու կողմից էլ երիտասարդներն էին, որոնք երկուստեք Գարեգին Նժդեհի անձը նույնացրել էին hամանուն ֆիլմի հետ, ինչպես նաեւ ՀՀԿ-ի խորհրդանիշի հետ: Գրեթե նույնացրել էին:

Ֆիլմը պաշտպանողների շարքերում կային նաեւ մարդիկ, ովքեր ֆիլմը տեսել էին, բայց այս պաշտպանողների պաշտպանությունն էլ առանձնապես հավատ չէր ներշնչում, որովհետեւ պաշտպանները հիմնականում ֆիլմի մասնակիցներն էին` դերասան, ռեժիսոր եւ այլն:

Ինչեւէ, Ֆիլմի շուրջ խոսակցություններն ավելի, քան քաղաքականացված էին, եւ, ինչպես ենթադրվում էր, ֆիլմի ցուցադրությունից հետո էլ նույն ոգով շարունակվեցին: Լուրջ խոսակցություն չէր էլ կարող առաջանալ, որովհետեւ նույն թեմայով մուլտֆիլմն ու անլուրջ հեռուստաշոուներն արդեն եղել էին:

Հեռուստաբանավիճողների մի կողմում ընդդիմադիր ու ծայրահեղ ազատական երիտասարդներ էին, մյուս կողմում` ծայրահեղ իշխանամետ, ծայրահեղ հանրապետական եւ ծայրահեղ նժդեհական երիտասարդներ:         

Նրանցից մեկը հեռուստաբանավեճերից մեկում փրփրած գոռալով արտահայտվեց ու ասաց, որ նորմալ հայ մարդը չի կարող հանդուրժել, երբ ինչ-որ տականքներ ու թափթփուկներ վիրավորում ու ծաղրի են ենթարկում մեծն Գարեգին Նժդեհին:

Տվյալ երիտասարդին, նրա տարեկից գաղափարակիցներին ու նորահայտ բոլոր-բոլոր նժդեհականներին ուզում ենք տեղեկացնել եւ տեղեկացվածներին էլ հիշեցնել, որ ավելի, քան յոթանասուն տարի հայ միանգամայն նորմալ մարդիկ հայոց մեծ ու փոքր էկրաններին հանդուրժել են «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրանք «Զանգեզուր» ֆիլմը, որի հիմնական բացասական կերպարը Ավետ Ավետիսյանի մարմնավորած Սպարապետն էր, որի նախատիպն էլ հանդիսանում էր Գարեգին Նժդեհը:  

Հայ նորմալ մարդիկ ոչ միայն սովետական տարիներին էին այդ ֆիլմը հանդուրժում, այլեւ հանդուրժում են, որ տվյալ ֆիլմը մեր օրերում էլ ժամանակ առ ժամանակ հեռուստատեսությամբ ներկայացվի եւ ցուցադրվի:

Ֆիլմի ստեղծմանը ոչ միայն նորմալ, այլեւ տաղանդավոր ու հանճարեղ հայ մարդիկ էին մասնակցել (Հ.Բեկնազարյան, Ա.Ավետիսյան, Հր.Ներսիսյան եւ ուրիշներ), ընդ որում` նշված երեքն էլ ֆիլմի համար արժանացել են Ստալինյան մրցանակի: 

Կարելի է, իհարկե բոլորին արդարացնել, հիշելով ու նշելով, որ ֆիլմը ստեղծվել է անցյալ դարի ահավոր «գաղափարական» երեսունականներին: Բայց չի կարելի մոռանալ նաեւ, որ «Զանգեզուրը» վերստին կրկնօրինակվեց ու թարմացվեց սովետական վերջին տարիներին, երբ մանավանդ մշակույթի բնագավառում գաղափարական լուրջ ճնշումներ առանձնապես չկային:

Մի բան ակնհայտ է. եթե Գարեգին Նժդեհը չհանդիսանար այսօրվա հանրապետականների գաղափարական առաջնորդը, դժվար թե ընդդիմադիր ու ազատական երիտասարդության կողմից քննարկման եւ որոշ դեպքերում նույնիսկ ծիծաղի առարկա դառնար, եւ եթե Գարեգին Նժդեհը չհանդիսանար այսօրվա հանրապետականների գաղափարական խորհրդանիշը, երիտհանրապետականներն ու իշխանամետ երիտասարդությունը դժվար թե հանուն Գարեգին Նժդեհի էսքան կուրծք ծեծեին:  

Արմեն Շեկոյան

Հ.Գ. Եթե դեռեւս չեք մոռացել, մի քանի տարի առաջ Հանրային հեռուստատեսության հաղորդաշարերից մեկի շրջանակներում հարցում անցկացվեց, համաձայն որի՝ բոլոր ժամանակների մեծագույն հայ ճանաչվեց Գարեգին Նժդեհը:

Հարցման մասնակիցները հիմնականում մտավորականներ էին: Եթե Գարեգին Նժդեհն իբրեւ մտավորական ու մտածող է բոլոր ժամանակների մեծագույն հայ ճանաչվել, դա առանձնապես համոզիչ չի, որովհետեւ էդ դեպքում Մեսրոպ Մաշտոցին, Նարեկացուն ու մեր մյուս մեծամեծերին մոռացության ու չտեսնելու տալն ուղղակի աններելի է:

Եթե Գարեգին Նժդեհը որպես ռազմական գործիչ է բոլոր ժամանակների մեծագույն հայ ճանաչվել, էդ բնագավառում էլ ինքը մրցակիցներ ունի` Վարդան Մամիկոնյանից սկսած եւ Զորավար Անդրանիկով ու մյուսներով շարունակած:

Բայց, բոլոր դեպքերում, բոլոր ժամանակների մեծագույն հայը պիտի մշակույթի ու գիտության ներկայացուցիչ լիներ, որովհետեւ հայ ժողովուրդը դարերի ընթացքում մշակույթի ու գիտության ասպարեզում ավելի մեծ նվաճումների է հասել, քան ռազմի ու ռազմագիտության:

Ինչ վերաբերում է կոնկրետ Մեսրոպ Մաշտոցին, վերջինս մեր մշակույթի, գիտության ու մեր ամեն ինչի հիմքն է:

Հ.Գ. 2 Նմանատիպ քվեարկություն նաեւ ռուսներն էին կազմակերպել, եւ, ըստ ռուսների էլ՝ բոլոր ժամանակների մեծագույն ռուս էր ճանաչվել Ալեքսանդր Նեւսկին: Այո. ոչ թե Պետրոս Մեծը, ոչ թե Սուվորովը, ոչ թե Պուշկինն ու Տոլստոյը, այլ անձամբ Ալեքսանդր Նեւսկին:   

Ինչպես տեսնում եք, մեր վիճակն անհամեմատ տանելի է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *