Ծանր պահերին, երբ վերլուծության ու լուսաբանման արժանի թեժ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում կամ էլ ընդհակառակը՝ լրահոսում հանկարծ հարաբերական անդորր է վրա հասնում, գործի է դրվում մտավորականության գործոնը:
Ցնցումներ կանխատեսող իրավիճակներում ու պարապ ժամանակ (ինչը նույնպես ցնցումային է) մեդիա դաշտ է նետվում արվեստի (հիմնականում զանգվածային սպառում ունեցող արվեստի) մարդկանց կոնկրետ մի տեսակ, որը լրագրողների թեթեւ ձեռքով անվանվում է մտավորականություն:
Այդ մարդկանցից ոմանք մեդիա դաշտ են նետվում ինքնակամ՝ ազգի ցավը կիսելու, դարմանելու ու միաժամանակ իրենց մասին հիշեցնելու մղումով, իսկ ոմանց հարվածային դիրքեր են նետում այն կառույցները, որոնք որոշակի հովանավորչական դեր են ունեցել նրանց կայացման գործում (պարզ ասած՝ փող են տվել) եւ հիմա փոխադարձ ծառայություն են ակնկալում (չեն պահանջում, բայց հուշում են այդ մասին):
Ընտրարշավներում գրեթե բոլոր կուսակցությունները օգտագործում եմ երգիչ-դերասան-լրագրող գործոնը որպես ճակատային ագիտացիա՝ «Ես ընտրում եմ այսինչին, դուք էլ ըտրեք» մոտավոր հորդորով: Դրան մենք կարծես թե ընտելացել ենք, սակայն ընտրությունները ծաղկեցնող ու գունավորող մտավորականների ծառայությունները դրանով չեն սահմանափակվում: 2013 թ. նախագահական ընտրություններից հետո նրանցից մի քանիսին (ընտրյալներին) սպասում էր առերեսում մեդիայի հետ, որը սահուն կերպով վերածվեց սերիալային շղթայի:
Վերջին շաբաթում հայաստանյան մեդիայի ուշադրության կիզակետում են հայտնվել այն մտավորականները, որոնք հիմնականում էքսցենտրիկ խառնվածք ունեն ու սովոր են լրագրողների հարցերին պատասխանել կամ անքաթույց քամահրանքով, կամ թաքնված հաշվենկատությամբ, կամ էլ վեհաշուք ընդհանրացումներով: Երբեմն երեքն էլ միասին:
Նրանց վաստակը արվեստի ոլորտում բնավ էլ նշանակություն չունի, կարեւորն այն է, որ նրանք իրենց ելույթներում ու հարցազրույցներում քաղաքականությունից խոսում եմ գունեղ ու արտիստիկ, մերթ սրտաճմլիկ, մերթ պաթետիկ, մերթ պրագմատիկ երանգներով: Եվ դրանով իսկ նորանոր ինֆորմացիոն առիթներ են ստեղծում հայաստանյան լրատվամիջոցների, ցանցային հարթակների համար ու քննարկումների մեջ ներգրավում շարքային քաղաքացիներին:
Բնական է, որ հանրությանը քաջ ծանոթ «մտավորականների» (այսինքն մտավոր աշխատանքով զբաղված երգիչների, դերասանների, բեմադրիչների) խոսքերը ակտիվորեն տարածվում, քննարկվում, քննադատվում են տարբեր մեդիա հարթակներում ու հաճախ նորանոր ճյուղավորում ձեռք բերում, քանի որ մեկը մի բան է ասում, մյուսը նրա ասածը մեկնաբանում է, հետո առաջինը մեկնաբանում է երկրորդի մեկնաբանությունը, հետո գործի է անցնում երրորդն ու սկսում հանրայնացնել մեկնաբանությունների իր տարբերակը՝ փոքր-ինչ նախատելով եւ քարկոծելով առաջինին ու թեթեւակի գովաբանելով եւ գոտեպնդելով երկրորդին:
Երբ Հայաստանում հանրահավաքային փուլ սկսվեց, որը հանդարտ ու համառ կերպով հրապարակ բերեց կեղծիքի ու ստի դեմ ընդվզողներին, ակտիվացավ նաեւ մտավորականների խոսքը՝ հնչելով տարբեր հարթակներից՝ Օպերայի շենքի աստիճաններից, ասուլիսի սրահից, սոցցանցերի ստատուսներից, կայքերի էջերից, հեռուստատեսային էկրանից:
Եվ պարզվեց, որ արդյունքից գոհ են բոլորը՝ մտավորականները, որ իրենց մասին խոսում են, լրատվամիջոցները, որ գրելու բան ունեն, մեդիա արտադրանքի սպառողները, որ կարդալու բանը սերիալի ֆորմատ է ձեռք բերում: Ամենագոհն իհարկե իշխող կուսակցությունն է, որին թերեւս ակնհայտորեն դուր է գալիս արվեստի մարդկանց ու լրագրողներին քարոզչության (նաեւ հակաքարոզչության) գործիք սարքելը:
Այդ գործիքը՝ ներկառուցվելով իշխանական ուղղահայաց սյան մեջ՝ միաժամանակ զվարճացնում ու նյարդայնացնում է: Եվ լայն սպառում ունի մեդիա շուկայում:
Իհարկե, երգչուհի-պատգամավորը, իշխանասեր նկարիչը, օրիգինալ երեւալ ցանկացող մեկ այլ երգիչը, ազգասեր ռեկտորը, բարոյախրատաբան լրագրողը ուզում են, որ պետությունն իրենց սկավառակներին, ամսագրերին, ներկայացումներին ու համերգներին գումար տա, լավագույն համերգային հարթակներն ու մեծ սփռում ունեցող հեռուստաալիքների եթերը հատկացնի: Եվ զազրելի չեն համարում փոխշահավետ գործարք կատարել իշխանության հետ՝ դառնալով այսպես կոչված ստատուսային մտավորական: Ինչը միաժամանակ դատավոր ու մարգարե լինել է ենթադրում:
Բայց նրանք կարող են նաեւ մի պահ կանգ առնել ու սահմանափակել իրենց ներկայությունը մեդիայում՝ ասելով՝ վերջ, այլեւս չեմ մասնակցում այս քաղաքականացված մեդիա-շոուին: Սուտը շատ է, եւ այն միեւնույն է սողոսկելու է կյանք, բայց թող դա արվի առանց իմ մասնակցության: Չէ՞ որ, եթե ասում ես այն, ինչին չես հավատում, ստում ես:
Պարզ, միգուցե պարզունակ է ստացվում, բայց որոշ «ընտրյալ» մտավորականների դա անհրաժեշտ է հիշեցնել: Հանդգնենք ասել, որ այս հիշեցումը չի խանգարի նաեւ լրագորղներին: Ամեն անգամ գրելով մտավորականների իրական եւ բարոյական դերի մասին, կարելի է հիշել, որ առաջին հերթին մտավորականը հենց լրագրողն է, ումից կախված է մեդիա դաշտի ինքնազգացողությունը:
Իսկ դաշտն իրեն լավ չի զգում, այն լցված է վարկաբեկված անձանց խոսքերի անիմաստ մեկնաբանություններով, լայնածավալ ու ոչինչ չասող հարցազրույցենրով, «բաց նամակների» տեսք ունեցող հոդված-վիրավորանքներով ու հոդված-քծնանքներով:
«Մտավորական լրագորղ» արտահայտությունն, իհարկե, տաֆտոլոգիա է: Բայց միգուցե հարկավո՞ր է դա էլ դնել շրջանառության մեջ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: