2013.01.29,

Քննադատ

Հայաստանի մեմականացումը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մեմ հասկացությունը Հայաստանում նոր է հայտնվում։ Նույնը կարելի է ասել ինտերնետ մեմերի մասին։

Մենք, ինչպես ամբողջ աշխարհը, ապրում էինք մեմերի մեջ, բայց տեղյակ չէինք այդ մասին, ինչպես Մոլյերի մոսյե Ժուրդենը, որը օրերից մի օր պարզում է, որ ինքը տարիներ շարունակ արձակով է խոսել՝ այդ մասին անտեղյակ լինելով։

Փաստացիորեն, հայկական առաջին ցանցային մեմերը զարգանում էին այն ժամանակ, երբ ամենամոդայիկ թեման հայ-ադրբեջանական հարաբերություններն էին, իսկ հիմնական շփումը ընթանում էր ռուսերեն։

2003-2008 թվականներին ձեւավորված մեմերին ծանոթանալու համար, կարելի է ընթերցել այդ ժամանակներից մնացած Միացում ֆորումի հատուկ բաժինը, որը ամբողջությամբ այդ դիսկուրսի մեջ է ձեւավորվել։

Այդ ընթացքում մեմերի կերտումը, տարածումը եւ կիրառումը հնարավոր էր, քանի որ հայկական ինտերնետային համայնքը բավական փոքր էր եւ անընդհատ գտնվում էր նույնատիպ քննարկումների մեջ, օգտատերերի միջեւ կապը ավելի ամուր էր։

Վերջին տարիների ընթացքում հայաստանյան ցանցային համայնքը լրջորեն ձեւափոխվեց։ Ռուսալեզու՝ հիմնականում հետխորհրդային տարածքում բնակվող սփյուռքի ազդեցությունը նվազեց, հայալեզու եւ անգլալեզու արեւմտյանինը, հակառակը, աճեց։ Ադրբեջանցիների հետ շփումը (իմաստալից եւ հայհոյազուրկ) գրեթե անհետացավ, հիմնական շփման լեզուն դարձավ հայերենը, իսկ օգտատերերի քանակը կտրուկ աճեց, նրանց միջեւ կապը թուլացավ։

Եվ ինչ-որ ժամանակ մեդիա-վիրուսները Հայցանցում տարածվում էին շատ քաոսային եւ աննպատակ, այդ ամենում չէր նկատվում օգտատերերի ստեղծագործական ներդրումը։

Սակայն ցանցի իսկական էնտուզիաստները սկսեցին հավաքագրել մեմերը Չտեսություն կայքում։ Հայկական ցանցի նորագույն պատմության մեջ, երեւի թե, առաջին մեծ եւ համատարած մեմը հանրահայտ տիեզերագնաց, աստրոֆիզիկոս Արթուր Պողոսյանն էր։

Բայց մեմերի կերտումը իսկական թափ առավ 2012 -ին։ Դա մի քանի պատճառ ուներ.

  • Վերջապես սկսեց ձեւավորվել հայկական ցանցը՝ որպես համայնք:
  • Խորհրդարանական ընտրությունները նպաստեցին բազմաթիվ մեմերի կերտմանը, քանի որ ազգը սկսեց ճանաչել իր քաղաքական գործիչներին եւ գտավ, որ նրանք նաեւ զվարճալի են:
  • Քաղաքապետարանի ակտիվ մասնակցությունը Ֆեյսբուքում եւ քաղաքի ընթացող դիզայնավորումը (որը, մեղմ ասած, միանշանակ չընդունվեց) արթնացրեց դիզայներներին։ Իսկ դիզայներները, պատկերների հետ լավ աշխատող օգտատերերը այսօր մեմերի տարածման ամենախթանիչ ուժն են։

Որպես հետեւանք՝ վերջին մի քանի ամիսներին մենք ականատես դարձանք մեմերի տարափին՝ սկսած շատերի համար անհասկանալի եւ անիմաստ «մատնաքաշից», մինչեւ մեծ աղմուկ եւ բացասական կարծիքներ առաջացրած «Յա Գարեգին Նժդեհ»-ը։ Նախընտրական փուլում մի շարք թեկնածուներ արդեն «մուսա» են դարձել, իսկ թեկնածուներից մեկը նույնիսկ ողջունել է իր շուրջ կատարվող մեմականացումը։ 

Այսօր միջինում շաբաթական մեկ-երկու մեմ է տեղծվում, որը ոչ միայն լայն տարածվում է ցանցում, այլեւ հաճախ ազդեցություն է ունենում ցանցային մամուլի վրա։ Այնպես որ, կարող ենք արձանագրել՝ Հայաստանը մտել է ինտերնետային մեմերի շրջան։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *