2013.01.21,

Քննադատ

Դեդ Հասանի մահը եւ մեր «ընթերցասիրությունը»

Քրեական հեղինակություն Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի, սպանության հանդեպ հայ հասարակության հետաքրքրությունը որոշ իմաստով փոխհատուցեց նախագահի ընտրությունների միապաղաղությունը: Եվ այնպես չէ, որ հայ ընթերցողը նրա օրը չընկնելու դիմադրողականության ծարավից որսաց «օրենքով գողի» մահվան հանգամանքների հետ կապված ամեն դրվագ: Ըստ իս, նրան հասունացրել են այդպիսի տեղեկատվական ագահության համար:

Կայքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե հատկապես ինչի շուրջ է «համախմբվում» հայ ընթերցողը: Tert.am-ի հունվարի 20-ի ամենակարդացված 416նյութերի ցանկում Ասլան Ուսոյանի մահից 5 օր  հետո թեման մնում էր ամենաընթերցվածը: «Ազատություն» ռադիոկայանին Սերժ Սարգսյանի հունվարի 19-ին տված հարցազրույցը, որը նույն օրվա երեկոյան էր դրվել ռադիոկայանի կայքում եւ միայն հաջորդ օրն արտատպվել մյուս կայքերում, tert.am-ի ամենից շատ կարդացված նյութերի 5-րդ հորիզոնականում էր փետրվարի 20-ին 23:16-ի դրությամբ: Ընդ որում Ուսոյանի մասին եւս մեկ նյութ՝ «Լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել Դեդ Հասանի հուղարկավորությանը», կայքի «ամենից շատ կարդացված նյութեր» բաժնի 4-րդ տեղում էր: Սա այն նյութը չէր, որ հայ ընթերցողին ավելի հետաքրքրեր, քան, ասենք, Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Երկուսն էլ, ի դեպ, բոլոր կայքերում կարելի էր գտնել: Հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում էր մարտի 1-ի հանդեպ անձնական մեղավորության չափի մասին; Հատկապես չափը հայ ընթերցողի համար նորություն էր:

News.am-ի հունվարի 20-ի «Ամենաշատ ընթերցվածը» բաժնում հունվարի 20-ի ժամը 23:23-ի դրությամբ Սերժ Սարգսյանի հարցազրույցն ընդհանրապես 4172013թ. հունվարի 20-ին” style=”float: left;” class=”caption”>չկար: Փոխարենը 5 ամենաընթերցված նյութերից 3-ը Դեդ Հասանի մասին էին:

Բոլոր կայքերում Դեդ Հասանն «առաջատար» թեմա է: Պարզ երեւում է, որ ընթերցողները կայքից կայք հավելյալ մանրամասներ են փնտրում: «Ուսոյանին հնարավոր է հուղարկավորեն Հայաստանում»  դավադիր վերնագրով նյութն ընդհանրապես news.am-ի «ձեռքբերումն» է, քանի որ կայքի թղթակիցն անձամբ է խոսել Ասլան Ուսոյանի հավանաբար Հայաստանում բնակվող եղբոր դստեր հետ մի ժամի ( ենթադրաբար՝ ժամը 16-ից հետո), երբ ռուսական կայքերը դրանից 3 ժամ առաջ խոսքները մեկ արած հղում էին Ինտերֆաքսին, որն ասում էր, որ մարմինը Թբիլիսի չհասած վերադարձվել է Մոսկվա, որտեղ եւ կհուղարկավորվի: Ինչն, ի դեպ, հաստատվել էր արդեն հեղինակային նյութի հրապարակման պահին:

Վեց օր հայկական կայքերը աշխուժացել են հատկապես Ուսոյանի հետ տեղի ունեցածի մասին մեջբերումներով: Եվ այդ աշխուժությունը ավելի շատ պատմում է, թե նույնիսկ նախագահի ընտրություններին «ովքեր» եւ «ինչպես» կարող են սարեր շարժել Հայաստանի լրատվական կյանքում: Հունվարի 17-ին Դեդ Հասանը news.am-ի ամենաշատ կարդացված 5 նյութերի առաջին չորս տեղերն էր «վերցրել»:

Իհարկե, օրինաչափ է հետաքրքրությունը մի քանի պատճառներով՝ առաջին, նա հետխորհրդային աշխարհի ամենահայտնի քրեական հեղինակությունն է, երկրորդ, Դեդ Հասանին ամեն օր չեն սպանում, երրորդ, նրա ազգանունը գայթակղում է ընթերցողին տարվել «դեպքերի հաջորդականությամբ»:

Սակայն ընթերցողը պետք է ուշադիր լինի մեկ այլ արտաքուստ չերեւացող կողմի հանդեպ: Դեդ Հասանին մեր հետաքրքրության համար հասունացրել են նաեւ հեռուստաընկերություններն իրենց քրեական սերիալներով: Ես չեմ ասի, թե անխտիր բոլոր ընթերցողներին են հասունացրել, բայց նյութերի վարկանիշներն էլ հենց այն բանի համար են, որպեսզի 419հասկանաս, թե ընթերցողների բանակը հատկապես ինչպիսի լուրերի համար է հասունացած:

1in.am-ի հունվարի 17-ի 6 ամենաընթերցված նյութերից առաջինն ու չորրորդը Դեդ Հասանի մասին են, երկրորդը, չորրորդը եւ հինգերորդը մարմնավաճառի, սեքսի եւ«սեփական կրծքերով ընկերոջը խեղդած» կնոջ մասին: Երրորդ նյութում ընթերցողին գայթակղել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Գոռ Վարդանյանը: Նա էլ կարծեմ ինչ-որ ֆիլմերում աջ ու ձախ մարդ է «սպանում»:

Lurer.com-ը սպանված Դեդ Հասանի մերկ մարմինը «ցուցադրում» է «գլխավոր նյութեր» բաժնում: Ի դեպ, լուսանկարը lifenews-ինն էր, բայց նյութը, որի մեջ այն տեղադրվել էր, սեփական էր՝ ովքե՞ր են Հայաստանից մեկնելու Դեդ Հասանի հուղարկավորությանը (5-րդ տեղ հուվարի 17-ին ժամը 18:16-ի դրությամբ): Առաջին տեղում «Դեդ Հասանը սպանվել է» արդեն մեկօրյա «կենսագրություն» ունեցող նյութն էր: Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը կայքերում առաջին տեղ չի գրավել, պարզապես հաճախելիությունը 10 հազարից չի անցել:

Այնպես որ ինչպես հեռուստաընկերություններն են,  հանձին քրեական սերիալների, «թելադրում» ընթերցողին, թե ինչ կարդալ, այնպես էլ ընթերցողներն են արդեն «պատվիրում» հեռուստաընկերություններին, թե ինչ «բեմադրեն»:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *