2012.12.27,

Քննադատ

Երնեկ այս նոր տարին…

Այսօր հանրապետությունում տեղի ունեցող երևույթները մեր լրատվամիջոցները միանգամայն տարբեր կերպ են լուսաբանում, մեկնաբանում ու գնահատում: Միևնույն իրադարձությանը կամ երևույթին ընդդիմադիր լրատվամիջոցը բացասական գնահատական է տալիս, իշխանամետը` միանգամայն դրական:

Իշխանամետ լրատվամիջոց ասելով` հիմնականում նկատի ունենք մեր հեռուստաալիքները, որովհետև մեր իշխանամետ թերթերն ու կայքերը մշտապես ընդդիմադիր կեցվածք ընդունած`ձև են անում, թե ընդդիմադիր են, և դա միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետև մեր ընթերցողները հիմնականում ընդդիմադիր ու բողոքական նյութերն են նախընտրում` հիմնականում չնկատելով ու չհասկանալով իսկապես ընդդիմադիր ու կեղծ ընդդիմադիր նյութերի տարբերությունը:

Արդյունքում երբ մեր թերթերն ու լրատվական կայքերն ես աչքի անցկացնում, պարզվում է, որ մեր հանրապետությունում հիմնականում բացասական բաներ են կատարվում ու տեղի ունենում` տնտեսությունից սկսած և մշակույթով ու կենցաղային երևույթներով վերջացրած:

Եվ ընդհակառակը. երբ մեր հեռուստաալիքներն ես նայում, պարզվում է, որ Հայաստանի հանրապետությունում հիմնականում լավ ու գեղեցիկ իրադարձություններ են տեղի ունենում, և Հայաստանաբնակներիս կյանքը հիմնականում գեղեցիկ իրադարձություններից ու իրադրություններից է բաղկացած։

Եվ եթե դուք անկողմնակալ հեռուստադիտող եք և մեր բուն իրականության հետ էլ առանձնապես որևէ առնչություն չունեք, անպայման կզարմանաք, որ այս գեղեցիկ կյանքը թողած`մարդիկ, այլ կյանքեր նախընտրելով, հեռանում են Հայաստանից։

Եվ եթե ժամանակ առ ժամանակ հեռուստաէկրանին Շամշյանը չհայտնվի, միամիտներս իսկապես կարող ենք հավատալ, որ Հայաստանի քաղաքացիներս որևէ խնդիր չունենք, բայց քանի որ ոչ բոլորս ենք միամիտ, ոչ միամիտներս նայելով տեսնում ու մտածելով հասկանում ենք, որ հեռուստաէկրանին ամեն օր ցուցադրվողը ոչ թե իրականություն է, այլ ընդամենը բարի կամքի արտահայտություն:

Եվ քանի որ այս պահին Հայաստանում նախընտրական շրջան է, Հայաստանի դրախտ լինելը մեր պատասխանատու հեռուստաալիքներով ավելի հանգամանալից ու ավելի համոզիչ է ցուցադրվում ու ներկայացվում, և ընդդիմադիր ձևացող լրատվամիջոցներն էլ Հայաստանի դժոխք լինելն են հանգամանալից ու բոլորեքյան ներկայացնում:

Եվ, ինչպես տեսնում եք, երկուսն էլ ծայրահեղության մեջ են, որովհետև, չնայած հանրահայտ երգի մեջ Հայաստանը դրախտավայր է կոչվում, եթե իրականում դրախտ ու դրախտավայր լիներ, հայաստանցիների մի մասը դժվար թե փախչեր էդ, ուրեմն, դրախտից, և եթե Հայաստանն իսկապես դժոխք լիներ, մնացածներս էլ վաղուց փախած կլինեինք:

Այսինքն՝ իրական Հայաստանը ոչ դրախտ է և ոչ էլ դժոխք, այլ մոտավորապես դրանց միջինը ներկայացնող մի վայր, որից ոմանք խուճապահար փախչում են, ոմանք էլ դեռևս խուճապահար կառչած են`հուսալով, որ մի օր մեզ մոտ էլ լավ կլինի, իսկ ոմանք էլ ոչ թե որևէ բան հուսալով են Հայաստանում մնում, այլ պարզապես ուրիշ տեղ իրենց կյանքը չեն պատկերացնում:

Եվ այս մնացողները նրանք են, ովքեր իրենց անձնական օրինակով ապացուցում են բանաստեղծի` «ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ» տողերի ճշմարտացիությունը, և էս ուրիշ տեղ չմնացողներից շատերը Համո Սահյանի էդ բանաստեղծությունը չեն էլ կարդացել, և էս առթիվ էդ բանաստեղծությունը հիշելս հեչ պատահական չի, որովհետև էս պահին հիշեցի շուրջ տասը տարի առաջ Լոս Անջելեսում տեղի ունեցած մի հայկական հարսանիք, որի մասնակիցն էի և որի ընթացքում կոնֆերանսիե թամադան մի քանի անգամ հիվանդագին պաթոսով ու առոգանությամբ արտասանեց Սահյանի`«ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ» բանաստեղծությունը, և հատկապես «ախր ես ինչպ՞ես ուրիշ տեղ մնամ» տողն էր սրտառուչ արտասանում էդ, ուրեմն, վճարովի թամադան, որն էդ հարսանիքից ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարն էր, և, ահա, ընդամենը մի քանի տարի անց Լոսում էդ հարսանիքն էր վարում:

Եվ չնայած մի քանի անգամ կրկնեց` «ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ» և մի քանի անգամ էլ`«ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ», իրականում լավ էլ վեր կացել ու Հայաստանից գնացել էր Լոս, և, չմնալով հոս, լավ էլ ուրիշ տեղ էր մնում և, ուրիշ տեղ մնալով, ճիշտ հակառակն էր քարոզելով ասմունքում, և հիմա ինձ, իմ բուն նյութից կտրելով ու շեղելով, տարավ հասցրեց հեռավոր Լոս Անջելես:

Եվ եթե դեռևս հիշում եք, իմ նյութը Հայաստանի ներկայիս վիճակին էր վերաբերում, ավելի ճիշտ`Հայաստանի իրական վիճակին, իսկ ավելի ճշգրիտ` Հայաստանն իբրև դրախտ և իբրև դժողք ներկայացնող մեր իշխանամետ ու ընդդիմադիր լրատվամիջոցներին:

Եվ հիմա, բուն նյութիս վերադառնալով, հասկանում եմ, որ առանձնապես ավելացնելու բան չունեմ, և այն, ինչ կարող եմ ավելացնել, ընդամենն ամանորյա մաղթանք է. տա Աստված, որ նոր տարում Հայաստանում էնպիսի դրական երևույթներ տեղի ունենան, որ դրանք նույնիսկ ընդդիմադիր լրատվամիջոցները նկատեն:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *