2012.12.12,

Քննադատ

Ընդդիմադիր կեցվածք

Վերջին վերլուծություններում շարունակաբար անդրադարձանք ու նկատեցինք,  որ անկախացածՀայաստանի լրագրողներս միանգամայն զրկված լինելով ժամանակակից լրագրության համար անհրաժեշտ եւ նույնիսկ պարտադիր ավանդույթներից ու հիմքերից, յուրաքանչյուրս առանձին եւ ընդհանուր առմամբ համատեղ ու միասնաբար ջանացինք եւ ի վերջո, կայացրինք ու հունի մեջ դրեցինք հայոց ժամանակակից լրագրությունը:

Այս էլ որերորդ անգամ ինձ անհամեստորեն լրագրողների ցանկալի համքարության ներկայացուցիչներից մեկը համարելով` հերթական անգամ ենթադրում եմ, որ կարող եմ ոմանց կողմից սխալ ընկալվել ու հասկացվել։

Եւ էդպես ենթադրելու համար բավարար հիմքեր ունեմ, որովհետեւ անկախության երկու տասնամյակների ընթացքում մամուլում եւ հիմնականում «Առավոտում» աշխատելով` երբեւէ իսկական ու բուն լրագրությամբ չեմ զբաղվել, բայց իսկական ու բուն լրագրությամբ չզբաղվելով` երբեւէ կտրված չեմ եղել լրագրությունից ու լրագրողներից, եւ ինձ էլ անհամեստորեն էդ խավի  ներկայացուցիչն եմ համարում եւ դրա համար բավարար հիմքեր ունեմ, որովհետեւ իսկական ու բուն լրագրությամբ չզբաղվելով` մշտապես ու անմիջականորեն առնչվել եմ էդ աշխատանքին։

Եւ մանավանդ անկախության առաջին տարիներին խմբագրություններում ու հատկապես «Առավոտում» թերթի հետ կապված զանազան գործեր էի անում. ջահելների գրածներն էի խմբագրում, սրբագրում ու տեսքի բերում, հրապարակախոսական հոդվածներ էի գրում, թերթի վերջին էջի ամենօրյա երգիծանքն էի գրում. կարճ ասած, ամեն ինչ անում էի` իսկական եւ բուն լրագրությունից բացի, ռուսների բառով ասած` գազետչիկ էի։

Եւ հիմա` էս պահին էլ շարունակում եմ գազետչիկություն անել, որովհետեւ այն, ինչ էս կայքում գրում եմ, ավելի շուտ լրագրության ու այլեւայլ բաների մասին մտորումներ են, քան` լրագրություն, բայց ես ինձ ոչ թե որպես գազետչիկ եմ իրավունք վերապահում լրագրության մասին էսպես գրավոր մտորել ու վերլուծություններ կատարել, այլ` որպես ընթերցող, ընդ որում` որպես երդվյալ եւ նույնիսկ որակյալ ընթերցող, որովհետեւ ես, ի տարբերություն շատ ու շատ իսկական լրագրողների, ազատ ժամանակ ունեմ ու հետեւողականորեն կարդում եմ մեր գրեթե բոլոր թերթերը, բայց էս ասածս չի վերաբերում վերջին ամիսներին։

Արդեն մի քանի ամիս է` նախկին որակյալ ընթերցողը չեմ, ավելի ճիշտ` շարունակում եմ հետեւողականորեն կարդալ, բայց հիմա արդեն ոչ թե տպագիր մամուլն եմ աչքի անցկացնում, այլ` լրատվական կայքերը, որոնք հիմնականում տպագիր մամուլի նախկին ու ներկայիս լրագրողների շնորհիվ են ներկայանում ու կայանում։

Եւ չնայած նախորդ մտորումներիս մեջ նշեցի, որ անկախ Հայաստանի մամուլն ու լրագրողները լրագրային ու լրագրողական լուրջ ավանդույթների բացակայության պայմաններում ստեղծվեցին ու առաջացան, ասածս ամենեւին չի նշանակում թե` այսօրվա մեր լրատվամիջոցներն ու լրագրողներն արդեն կատարյալ ու անթերի են, եւ ասածս հավասարապես վերաբերում է տպագիր մամուլին ու լրատվական կայքերին, ինչպես նաեւ` ռադիոյին եւ հեռուստատեսությանը։

Մեր մամուլի, կայքերի, ռադիո եւ հեռուստաալիքների լրագրողների թերությունները հիմնականում երկու պատճառ ունեն. նախ` տվյալ լրագրողի անձնական հավակնություններն ու ինքնասիրահարվածությունը, եւ երկրորդ` տվյալ լրատվամիջոցի կախվածությունը իշխանությունից, ընդդիմությունից կամ որեւէ օլիգարխից (օլիգարխներից)։
Եւ չնայած բոլոր (գրեթե բոլոր) լրատվամիջոցներն են աղաղակում իրենց անկախության մասին, այդուհանդերձ, դժվար չի նկատել մեր լրատվամիջոցների եւ լրագրողների կախվածությունը կոնկրետ մի կամ մի քանի ազդեցիկ ուժերից, որովհետեւ նույնիսկ ամենաարմատական ընդդիմությունից կախված լրատվամիջոցներն ու լրագրողներն իշխանություններից կախված լրատվամիջոցներից ու լրագրողներից ընդամենը մի քիչ են ավելի ազատ ու անկախ։

Եւ չնայած ընթերցողների հիմնական մասն ընդդիմադիր լրատվամիջոցներին ու լրագրողներին բացարձակ ազատ ու անկախ է համարում, իրապես ազատ ու անկախ լրատվամիջոցն ու լրագրողը պետք է անկախ լինեն իշխանությունից ու ընդդիմությունից հավասարապես, եւ չնայած էս միտքս մի անգամ էլ եմ ասել, եւ չնայած էս միտքն ուրիշներն էլ են ասել, այդուհանդերձ, էս դեպքում կրկնությունն ավելորդ չեմ համարում, մանավանդ որ` էս պահի դրությամբ էլ շատերն ընդդիմադիր կամ անկախ լինելը նույն բանն են համարում, եւ հատկապես լրագրողներն են էդպես համարում, եւ առանձնապես ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներն են էդպես համարում, մինչդեռ իրականում ընդդիմադիր լրատվամիջոցներն ընդդիմությունից նույնքան են կախված, ինչքան իշխանամետները` իշխանությունից։

Եւ չնայած էս ասածիս հատկապես ու առանձնապես ընդդիմադիր  լրատվամիջոցների լրագրողներն ու աշխատողները կընդդիմանան, այդուհանդերձ, հենց իրենք էս ասածս ամենից լավ կըմբռնեն ու կհասկանան, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ բացարձակ անկախ լրատվամիջոցի գոյությունը Հայաստանում բացառված է (գրեթե բացառված է)` նախկինում նշածս պատճառներով, որոնցից գլխավորը հայ երդվյալ ընթերցողի անվճարունակությունն է։

Բայց, այս ամենով հանդերձ, բոլոր (գրեթե բոլոր) լրատվամիջոցներն ու գրեթե բոլոր լրագրողներն են ընդդիմադիր կեցվածք ընդունում, որովհետեւ հայոց լրատվամիջոցների երդվյալ ընթերցողը հիմնականում ընդդիմադիր տրամադրությամբ նյութեր է նախընտրում:

Իսկ թե ինչպես եւ ինչ կերպ են մեր լրագրողներն ընդդիմադիր կեցվածք ընդունում, դա միանգամայն այլ թեմա է, որին կփորձենք անդրադառնալ առաջիկայում:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *