2012.11.29,

Քննադատ

Լրագրություն եւ հասարակարգ

Այսօր շատերն են լրագրողներին քննադատում. hավասարապես քննադատվում են թե՛ ընդդիմադիր լրագրողները, եւ թե՛ իշխանամետները: Լրագրողներին քննադատումեն թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանամետները, թե՛ մտավորականները, եւ թե՛ ոչ մտավորականները:     

Լրագրողներին մինչեւ իսկ թերթերի ու կայքերի ընթերցողներն են քննադատում: Քննադատում են, բայց եւ շարունակում են կարդալ:

Ընդդիմադիր լրագրողները քննադատվում են ընդդիմադիր լինելու համար, իշխանամետները` ճիշտ հակառակը:

Երբ լրագրողներն իշխանություններին մեղադրում են ժողովրդավարության պակասի ու անարդար ընտրություններ անցկացնելու մեջ, իշխանավորներն արդարանում են՝ ասելով, որ մենք դեռ տակավին երիտասարդ պետություն ենք, եւ կատարյալ ժողովրդավարությունը երկար ու ձիգ տարիների ընթացքում է ձեռք բերվում:

Միգուցե ճիշտ են կարծում, բայց նման կարծիք արտահայտողները պարտավոր են կարծել նաեւ, որ ազատ մամուլն ու ազատ լրագրությունն էլ մի օրում հնարավոր չի ստեղծել, մանավանդ, որ դրանք ստեղծելու համար մեր այսօրվա լրագրության համքարներն ու պատասխանատուներն ամենեւին էլ պարարտ հողի վրա չեն սկսել իրենց առաքելությունն իրականացնել:

Մի խոսքով՝ բոլորը բոլորից կատարելություն են պահանջում, եւ ոչ ոք ոչ ոքի վիճակի մեջ չի ուզում մտնել, եւ հատկապես լրագրողների վիճակի մեջ չեն ուզում մտնել: Չեն էլ փորձում:

Չեն փորձում մտածել ու հասկանալ, որ Հայաստանի անկախությունից հետո անմիջապես առաջացած ու հանկարծակի սնկի պես բազմացած լրատվամիջոցներն առաջացան խորհրդահայ լրագրության բազայի վրա, ավելի ճիշտ` այդ բազայի բացակայության պայմաններում, որովհետեւ խորհրդահայ նորմալ մամուլ գոյություն չուներ, առավել եւս գոյություն չունեին նորմալ լրատվություն ու տեղեկատվություն ապահովող նորմալ լրագրողներ:

Խորհրդահայ առավել ճանաչված լրագրողներն իրականում ոչ թե սովորական ու առօրեական լրագրողներ էին, այլ ակնարկագիրներ, գրողներ ու հրապարակախոսներ (Մարգո Ղուկասյան, Վարդգես Պետրոսյան, Զորի Բալայան, Հրաչյա Մաթեւոսյան, Արմեն Հովհաննիսյան եւ ուրիշներ)։

Եւ պատահական չէ, որ վերջիններս իրենց ավելի գրող էին համարում, քան լրագրող, եւ մամուլն ու ընթերցողները լրագրողներից ոչ թե մաքուր ու հստակ տեղեկատվություն էին ակնկալում, այլ ընդամենը բարոյախոսություն, եւ լավագույն դեպքում` հայրենասիրություն, եւ վերը նշածս հեղինակներն ու հեղինակությունները խմբագրությունների ու ընթերցողների էդ պահանջը լավագույնս էին բավարարում։

Եւ չնայած էդ տարիներին Ժուռնալիստների միությունը լիքը անդամներ ուներ, իրական ժուռնալիստներ գոյություն չունեին, որովհետեւ իրական ժուռնալիստիկայի պահանջարկ ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլեւ ողջ Խորհրդային միությունում չկար, եւ հատկապես ու առանձնապես հրատապ ու ճշմարիտ լրատվություն գոյություն չուներ։

Եւ ամենեւին պատահական չէր, որ Չեռնոբիլի ողբերգության մասին ամենից ուշ հենց Խորհրդային միության քաղաքացիները տեղեկացան, եւ նմանապես պատահական չէր, որ Խորհրդային Միության քաղաքացիներից նրանք, ովքեր տեղեկացված լինելու պահանջ ու ցանկություն ունեին, հիմնականում «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայաններից էին իրենց հետաքրքրող տեղեկատվությունը քաղում։

Եւ եթե հաշվի առնենք, որ այսպիսի զրոյական վիճակից է ծայր առել ու սկզբնավորվել անկախացած Հայաստանի լրագրությունը, պարտավոր ենք ըմբռնումով ընկալել նաեւ, որ այդքան անկատար ավանդույթներ ունեցող լրագրությունը պատմական այս կարճ ժամանակամիջոցում չէր էլ կարող կատարելության հասնել, մանավանդ, որ հայոց ժամանակակից մամուլի շարքային ու խստապահանջ ընթերցողներն առանձնապես վճարունակ չեն։

Եւ այս հանգամանքի վրա զարմացողներին ասեմ, որ անկախ ու ինքնիշխան տպագիր մամուլի թուլությունն առաջին հերթին ընթերցողի ու ընթերցասերների անվճարունակությունն է. ես մարդիկ գիտեմ, որոնք եթե օրվա թերթերը չկարդան, իրենց օրը օր չի, բայց, ցավոք սրտի, մամուլի այդ երդվյալ ընթերցողներն ի վիճակի չեն օրվա բոլոր թերթերը գնել ու կարդալ, եւ հիմնականում յուրաքանչյուրը մի թերթ է առնում եւ իրար են փոխանցում։

Ընթերցողներ էլ կան, որոնք կրպակավաճառներին հիսուն կամ հարյուր դրամ են տալիս, օրվա բոլոր թերթերը վերցնում, կարդում ու մի քանի ժամ հետո նորից վերադարձնում են։

Եւ քանի դեռ Հայաստանում էս տեսակ երդվյալ ընթերցողներ կան, ուրեմն տպագիր մամուլի գոյությունը մեզանում անհրաժեշտություն է։ Եւ եթե դեռեւս ընթերցողների էս երդվյալ տեսակը կա, տպագիր մամուլի լրագրողներն ու պատասխանատուներն իրենցից կախված ամեն ինչ պիտի անեն, որ Հայաստանում տպագիր մամուլն ապրի ու գոյատեւի, եւ, բարեբախտաբար, էդպես էլ անում են։

Եւ էս ասածներս ամենեւին էլ չեն նշանակում, թե լրագրողներս բարոյապես միանգամայն անթերի ու կատարյալ ենք, եւ չէր էլ կարող էդպես լինել, եւ եթե լրագրողներից ոմանք շարունակաբար պոզա են ընդունում, թե իրենք մանավանդ բարոյապես ուրիշներից կատարյալ են, դրանով ընդամենը ծիծաղ են առաջացնում, որովհետեւ անհնարին է անգամ մտածել, որ թերի ու անկատար հասարակարգում կարող է գոյություն ունենալ առանձին վերցրած մի կատարյալ բնագավառ:

Լրագրողներն էլ, ինչպես մյուսները, տվյալ հասարակարգի ու համակարգի արդյունքն ենք, եթե չասենք` զոհերը:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *