Սպորտի սիրահարները տեղեկացան, որ «Շանթ» հեռուստաընկերությունում փակվեց «Հորիզոն» լրատվական հաղորդման սպորտային էջը:
Մեզ հետ զրույցում «Շանթի» սպորտային մեկնաբան Վարդան Թադեւոսյանն ասաց, որ ըստ հեռուստաըկերության փակման պատճառ է հանդիսացել սպորտային էջի ոչ վարկանիշային լինելը:
Նա նշեց, որ իրեն հայտնել են, որ սպորտը մատուցվել է անորակ կերպով, ինչը կարող է ազդեցություն ունենալ բարձր վարկանիշ ունեցող «Հորիզոն» լրատվական հաղորդման վրա: Սպորտային հատվածի հեռարձակումը դադարեցվել է նաեւ հովանավոր չլինելու պատճառով (պահանջվող գումարը 5 մլն դրամ է):
Ինձ համար կասկածելի է, որ սպորտային ծրագիրը կարող է ցածր վարկանիշ ունենալ այն էլ փորձառու հաղորդավարի մատուցմամբ: Ի դեպ, ինչպես մեզ հաղորդեց Վարդան Թադեւոսյանը, շուտով նա կսկսի սպորտային ծրագիր պատրաստել «Կենտրոն» հեռուստաընկերության համար:
Մինչդեռ «Հորիզոն»-ի ղեկավար Աղասի Հունանյանը մեզ հավաստիացրեց, որ լրատվական թողարկումներում մարզական հատվածը ժամանակավորապես է դադարեցվել վերազինման ու արդիականացման նպատակով, իսկ մարզական լուրերը այժմ էլ են տեղ գտնում լրատվական թողարկումների ընթացքում: Սակայն փաստը մնում է փաստ. ներկայումս «Հորիզոն»-ի սպորտային մասը բացակայում է:
Սովորաբար, երբ հեռուստաընկերությունն իրեն «ընտանեկան» է հռչակում, անպայման ներառում է նաեւ սպորտային անդրադարձները։ Իհարկե, «Շանթը» ցուցադրում է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարտերը, բայց արդյո՞ք դա բավարար է հեռուստադիտողի համար, մանավանդ, որ այդ հանդիպումերը հաճախակի չեն լինում:
Հայտնի է, որ ընտանեկան ալիքների ամենաակտիվ հեռուստադիտողները կանայք են, սակայն պետք է հաշվի առնել, որ լսարանի 30%-ից ավելին տղամարդիկ են, որոնց մեծ մասը նախընտրում է սպորտ դիտել:
Օրինակ՝ ուկրաինական «Ինտեր» ընտանեկան հեռուստաալիքը, որը եթերում է 1996 թվականից, ամենօրյա (բացի շաբաթ-կիրակի օրերից) «Սպորտը մանրամասներում» սպորտային ծրագիր ունի: Այն հեռարձակվում է օրը երեք անգամ: Բացի դրանից՝ սկսած 2007 թվականից «Ինտեր»-ը, K2 Promotions եւ Nemiroff ընկերությունները հայտարարեցին համագործակցության մասին, որն ուղղված է ուկրաինական բոքսի առաջխաղացմանը: Ներկայումս Կլիչկո եղբայրների բոլոր մարտերի հեռարձակումը պատկանում է այդ ալիքին: Ալիքը նաեւ ցուցադրում է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր խաղերը:
Շատ հեռուստաալիքներ, ձգտելով ավելացնել իրենց լսարանը, սպորտային խաղերի հեռարձակման իրավունք են ձեռք բերում: Դրա վառ ապացույցը մենք տեսանք վերջերս, երբ մեծ ֆուտբոլի (Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումների, Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի առաջնությունների խաղերի) հեռարձակումը հանրային ալիքներից (Հ1-ից, «Շողակաթ»-ից) «Պանարմենիան Մեդիա գրուպ»-ում ներգրավված ալիքներ տեղափոխվեց («Արմենիա», «ATV» եւ «Լայմ»):
Կասկած անգամ լինել չի կարող, որ դա արվել է ֆուտբոլային ցուցադրությունների եկամտաբերությունից ելնելով: Մանավանդ, որ Հայաստանի ֆուտբոլային հավաքականի վերջին շրջանի հաջողությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ու դիտելիության ռեկորդ սահմանել։
Սակայն հեռուսատավարկանիշների ետեւից ընկելուց բացի՝ ցանկալի է, որ ալիքները որքան հնարավոր է շատ քարոզեն սպորտն ու առողջ ապրելակերպը, եթե վերջնականապես չենք ուզում դառնալ սոսկ ուտող-խմող ազգ: Ընդ որում՝ առողջ ապրելակերպը միայն մարտական սպորտաձեւերի հեռարձակմամբ գրավիչ չես դարձնի (վերջերս, օրինակ, մեր հեռուստաալիքներում շատացել են «արյունոտ» սպորտաձեւերը)։
Հայտնի է, որ հեռուստադիտողը ավելի հաճույքով է հետեւում այն սպորտաձեւին, որտեղ իր երկրի մարզիկները հաջողությաններ են ունենում: Ռուսաստանում, օրինակ, պարզել են, որ 2004 թվականից մինչեւ 2009 թվականը 92,5%-ով ավելացել է բիաթլոնի մրցաշարերի դիտման վարկանիշը: Սա սպորտաձեւ է, որտեղ Ռուսաստանը մշտապես պայքարում է բարձրագույն տեղերի համար:
Այս աղյուսակն ավելի պատկերավոր է դարձնում սպորտի ներկայությունը հայկական հեռուստաեթերում
Հ1 |
Լրատվական թողարկման սպորտային էջ «Շախմատի աշխարհ»` շաբաթ օրերին «Շախմատ 64»` կիրակի օրերին Արգենտինայի եւ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականների տնային խաղերի ցուցադրություն |
հ2 |
«Լրաբեր» լրատվական ծրագրի սպորտային էջ «Պրոֆֆուտբոլ»` ամենօրյա ծրագիր ֆուտբոլի մասին, բացի շաբաթ-կիրակի օրերից Անգլիայի ֆուտբոլային պրեմիեր-լիգայի խաղերի ցուցադրություն |
«Արմենիա» |
«Ժամ» լրատվական հաղորդման սպորտային էջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերի ցուցադրություն Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային խաղերի ցուցադրություն «Ֆուտբոլի օրագիր»` կիրակի օրերին |
ATV | Իսպանիայի առաջնության ֆուտբոլային խաղերի ցուցադրություն |
«Շանթ» | Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարտերի ցուցադրություն |
«Երեւան» |
«Լրատու» լրատվական հաղորդման սպորտային մաս Մուայ թայ բոքսինք մարտարվեստի հանդիպումների ամենօրյա ցուցադրություն (բացի երկուշաբթի եւ հինգշաբթի օրերից) |
«Կենտրոն» |
«Էպիկենտրոն» լրատվական հաղորդման սպորտային մաս «Մարտական ակումբ» հաղորդում ուրբաթ օրերին 2 անգամ «Սպորտկենտրոն» հաղորդում երեքշաբթի, շաբաթ եւ կիրակի |
«Երկիր մեդիա» |
«Երկիրն այսօր» լրատվական թողարկումների սպորտային մաս «Հեռուստաֆուտբոլ» հաղորդում ուրբաթ, շաբաթ օրը երկու անգամ |
«Լայմ» |
Գերմանիայի ֆուտբոլի տեսություն Գեմանիայի բունդեսլիգայի եւ Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության խաղերի ցուցադրություն |
«ԱՐ» | «Ազդարար» լրատվական թողարկումների սպորտային մաս |
«Շողակաթ» | Սպորտային ծրագիր չկա |
Իմ խորին համոզմամբ՝ ժամանակն է, որ Հայաստանում ստեղծվի հատուկ սպորտային ալիք, որտեղ կկարողանանք ծանոթանալ ոչ միայն մեր, այլեւ արտասահմանյան սպորտային նորություններին:
Ռուսաստանում, օրինակ, (որտեղ բազմաթիվ սպորտային ալիքներ կան) դրա անհրաժեշտությունն առաջացավ 2002 թվականին, երբ հասարակության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող Դեվիսի գավաթի թենիսի խաղը չցուցադրվեց դաշնային հեռուստատեսությամբ, քանի որ նրա հեռարձակման իրավունքը պատկանում էր «НТВ-Плюс» մասնավոր ալիքին:
Եվ որոշում կայացվեց ստեղծել բոլորի համար հասանելի սպորտային ալիք՝ Россия 2-ը:
Վստահ եմ, որ հայերեն բովանդակությամբ սպորտային հեռուստաալիքը պահանջարկ կունենա հայ հեռուստադիտողի մոտ: Համենայնդեպս, սպորտային հաղորդումներն ու հեռարձակումները միայն մասնավոր ալիքներին թողնելն այդքան էլ ճիշտ քայլ չէ։
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: