2012.10.18,

Քննադատ

Հոգնեցնող տեղեկատվական հոսանք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի լրատվական դաշտում հստակ տենդենց է նկատվում։ Մի կողմից աննախադեպ ակտիվ, վայրկենական արձագանքման սկզբունքով  ու առանց վերահսկման է աշխատում էլեկտրոնային տարածքը, իսկ մյուս կողմից զգալիորեն պասիվացել ու արգելակել է բուն հետաքննական լրագրությունը, որը սովորաբար լուրջ ու մտահոգիչ խնդիր է բարձրաձայնել, վերլուծել ու քննարկման առիթ դարձնել։

Իհարկե, այդ երկու իրողությունները սերտ կապված են, քանի որ երբ շատանում է ինֆորմացիոն խողովակների քանակը, ապա անխուսափելիորեն թուլանում է հոսանքի ուժգնությունը։ Ինֆորմացիան՝ բաշխվելով տարբեր լրատվական կայքերի ու սոցցաների միջեւ, այլեւս կորցնում է իր բացառիկ ու ամփոփ բովանդակությունն այնպես, ինչպես ջրի հզոր հոսանքն է թուլանում՝ վերածվելով բազմաքանակ բարակ շիթերի։

Արագ-արագ, քիչ-քիչ, մաս-մաս ցուցադրվում ու խոսվում է որեւէ կարեւոր ու մտահոգիչ իրողության մասին, եւ այդ ֆրագմենտար ու օպերատիվ անդրադարձերի շարանները միանգամից թեթեւացնում են ինֆորմացիայի կշիռն ու արժեզրկում թեման։ Կայքերը կայծակնային արագությամբ տարածում են նույն թեմաներին գրեթե նույն բառերով եւ ու նույն ծավալով անդրադարձող (հաճախ անգամ չսրբագրված) նյութերը։ Իսկ ընթերցողը հայտնվելով վիրտուալ տարածքում ու փորփրելով առնանց տարածքը՝ բառիս բուն իմաստով հոգնում է։

Լուրը դառնում է ոչ թե հետաքննության դրդրապատճառ, այլ Թվիթերի գրառում, Ֆեյսբուքի ստատուս կամ լրատվամիջոցի կարգավիճակ ունեցող կայքերի առաջին էջի նորություն։ Եւ այս նոր կարգավիճակներում՝ անընդհատ վերարտադրվելով, վերատպվելով ու մեկնաբանվելով, դանդաղորեն մանրանում, թուլանում ու որոշ ժամանակ անց՝ սկսում է հոգնեցնել ու անգամ նյարդայնացնել։

Հայտնի է, որ սոցիալական խնդիրների հանդեպ հանրության հետարքրքրությունը նվազում է այն դեպքերում, երբ զանգվածային հաղորդակցության միջոցները սկսում եմ առավել ակտիվ շրջանառել այդ խնդիրները՝ սահմանափակվելով մակերեսային ներկայացմամբ։ Մարդիկ հոգնում են։ Հոգնում են մտահոգվելուց ու կարեկցելուց։ Ինֆորմացիան վերաիմաստավորելու ներքին պահանջն է բթանում։

Վերջերս, օրինակ, եթերում, թերթերի ու կայքերի էջերում հայտված հիմնական թոփ-թեմաներից է կոռուպցիան ու դրա դեմ պայքարը։ ՀՀ նախագահը, հետագայում նաեւ ՀՀ վարչապետը հրապարակայնորեն խոստովանեցին, որ որոշել են վերացնել մեր կյանքից այդ արատավոր երեւույթը (մասնավորապես՝ «ատկատների» ու կաշառակերության դեպքերը)։  Եւ հենց այդ որոշումից հետո, գրեթե բոլոր ալիքների ու թերթերի էջերում օրական գոնե մեկ ռեպորտաժ է հայտնվում, որտեղ բացահայտնվում ու խստորեն պախարակվում են «ատկատների» օրինակները (Ազգային գրադարանում, գյուղական դպրոցում, սերմեր բաժանող վարչությունում եւ այլն)։ Ընդ որում՝ օրինակները նույնն են։

Թվում է, որ յուրաքանչյուր լրատվական հարթակ կարող է նոր դեպքեր բացահայտել ու սեփական հետաքննությունն անցկացնել, մանավանդ, որ այդ թեման մոդայիկ է, իսկ կոռուպցիայի օրինակների պակաս չի զգացվում։ Սակայն լրահոսը բացահայտում չի անում, այն ընդամենն ավելի մեծ լսարանի համար բարձրաձայնում է արդեն իսկ բացահայտվածը (տարբեր գերատեսչությունների կողմից)։

Եվ այսպես մեկ ամիս շարունակ «ատկատների» նույն օրինակները հայտնվելով լրահոսում՝ ակամայից ընտելացնում են հանրությանը ոչ միայն այդ երեւույթի, այլեւ հենց «ատկատ» տարօրինակ բառի հետ։ Մանավանդ, երբ այն անընդհատ հնչում է բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից։

Իսկ երբ լսարանն արդեն ընտելանում է, որ նոր աղմկահարույց բացահայտումներ չեն լինելու ու իրեն կոռուպցիոն բազմասերիանոց շոու են ցուցադրում, սկսում է այդ լրահոսը  կամ «ըմբոշխնել» (անառողջ ապատիկ վիճակ) կամ էլ անտեսել (ինքնապաշտպանական ռեֆլեքս)։

Իսկ անտարբեր ու ինքնապաշտպանվող մարդը ինքնուրույն ինֆորմացիա հայթայթելու, վերլուծելու կարիք այլեւս չի զգում՝ դառնալով շատ ավելի կռահելի ու կառավարելի։

Ստացվում է, որքան հաճախ են մեր լրատվական կայքերը, թերթերի ու հեռուստաալիքների էլեկտրոնային տարբերակներ հպանցիկ անդրադառնում իրապես կարեւոր ու խորքային վերլուծություն պահանջող խնդիրներին, այնքան անկարեւոր է դառնում հենց վերլուծությունը։

Նախկինում կարեւոր ու խնդրահարույց տեղակատվությունը դյուրամարս ու ժամանցային էր դարձնում հիմնականում հեռուստաէկրանը, իսկ հիմա այդ գործը ավելի մեծ հաջողությամբ անում են ինտերնետային կայքերը։

Անգամ գրաքննության (կամ էլ այդ երեւույթի ավելի խորամանկ ձեւեր հնարելու) կարիք չկա, քանի որ ազատ, ֆրագմենտար ու ժամանցային բնույթ ձեռք բերած լրահոսը շատ ավելի լավ գրաքննական հնարք է, քան կոպիտ արգելքն ու նրբանկատ վերահսկումը։

Ազատությունը երբեմն լավագույն գրաքննությունն է։ Եվ դա կարծես թե լավ հասկացել են լրատվամիջոցների աշխատանքը համակարգող կառույցները։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *