ԱԳՆ–ի շենքի վաճառելու մասին լուրը միանգամից դասվեց թոփ նորությունների շարքին, հատկապես այն պատճառով, որ հետագայում շինությունը ծառայելու է ոչ թե որպես մշակութային կենտրոն կամ թանգարան, այլ հյուրանոց: Անշուշտ, քաղաքացիներին հետաքրքրում է շենքի ճակատագիրը, չէ՞ որ այն դարձել է մեր քաղաքի գլխավոր հրապարակի ճարտարապետական անբաժանելի մասը:
Հոկտեմբերի 4-ի կառավարության որոշումը` վաճառել այն մեծահարուստ սփյուռքահայ էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը 51.27 մլն դոլարով, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ մամուլում:
«Ժողովուրդ» օրաթերթն, օրինակ, շատ կտրուկ արձագանքեց. «Դե իհարկե, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից հետո ընդհանրապես կարելի էր փակել այդ նախարարությունը», իսկ Haynews.am կայքն ուղղակի ողջունեց այդ որոշումը. «Օր առաջ ԱԳՆ–ն պետք է տեղափոխվի եւ, առհասարակ, մայրաքաղաքի կենտրոնից պետք է վերանան բոլոր գերատեսչությունները»:
Երեւի, իրոք, ժամանակն է Հանրապետության հրապարակը ազատել գոյացող խցանումներից, մանավանդ, որ հաճախ Երեւանի կենտրոնական փողոցները փակվում են մայրաքաղաք ժամանած բարձրաստիճան հյուրերի պատվին: Սակայն ԱԳՆ նախկին շենքը հյուրանոցի վերածելու որոշումը դժվար թե նպաստի խցանումների անհետացմանը։
Իհարկե, այդ շենքի վաճառքի մասին տեղեկատվությունը «ամպրոպ չէր պարզ երկնքում», այդ մասին կարելի էր կարդալ կառավարության gov.am կայքում։ Ընդհանրապես հիմա հասարակական հնչեղություն ունեցող գործարքները հրապարակվում են առցանց եւ հասանելի են բոլորին, այդ թվում՝ եւ լրագրողներին։
Նախկինում իրավիճակը բոլորովին այլ էր, եւ լրատվամիջոցները ստիպված էին լրագրողական հետաքննություններ անցկացնել պարզելու համար, թե ո՞վ է կանգնած գործարքի հետեւում, ի՞նչ գնով են վաճառել եւ ինչպե՞ս են պատրաստվում օգտագործել այս կամ այլ գնված շենքը:
Որպես վառ օրինակ՝ հիշենք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տեղահանման պատմությունը, որը գտնվում էր Ամիրյան 2 հասցեում եւ իրենից պատմամշակութային արժեք էր ներկայացնում: Ներկայումս այնտեղ գործում է «Յունիբանկ»-ը:
«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զաքարյանը 2009 թվականի փետրվարի 6-ին գրված «Գրադարանի շենքին կտիրանա՞ն» վերնագրով հոդվածում անցկացրել է իսկական հետաքննություն` պարզելու համար, թե ով է գնել շենքը եւ ուր է տեղափոխվելու գրադարանը:
Ընդ որում՝ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը այդ նյութում նույնիսկ վստահ է, որ իրենց ժամանակավոր են դուրս հանել եւ վերանորոգումից հետո նորից կվերադառնան նույն շենքը: Մինչեւ վերջ էլ «Յունիբանկ»-ի ղեկավարությունը խոստանում էր վերանորոգել շենքը եւ հետո մի հատված նորից վերադարձնել տերերին` գրադարանին:
Բայց հետագա զարգացումները այլ բան ցույց տվեցին. ոչ ոք չէր պատրաստվում հրաժարվել այդ «համեղ պատառից»` շենքից: Այն ժամանակ նույնիսկ ԱԺ–ի պատգամավոր Արշակ Սադոյանը սատար կանգնեց գրադարանի կոլեկտիվին, բայց ապարդյուն. գրադարանը տեղահանվեց, իսկ շենքը մասնավորեցվեց։
Կառավարության 2005 թվականի 734-Ն որոշման համաձայն` «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՊՈԱԿ–ից հետ է վերցվել Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի շուրջ 1350 քառ. մետր տարածքը եւ հանձնվել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը։ Իսկ հաջորդիվ արդեն թույլատրվել է նշված տարածքը ուղղակի վաճառքի ձեւով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Յունիինվեստ» ՍՊԸ–ին։
Այս գործարքի մասին հասարակությունը տեղեկացել է առաջին հերթին լրագրողների միջամտությունից հետո։ Մեր նշած գործարքի վերաբերյալ, օրինակ, սեփական հետազոտություն էր անցկացրել նաեւ «Նոյան Տապան» գործակալությունը՝ նշելով, որ քաղաքապետի որոշմամբ՝ 1998 թվականին «Կրեդիտ–Երեւան» բանկին թույլատրվել էր վերակառուցել Ամիրյան 2 շենքը, կառուցել լրացուցիչ հարկ, որից հետո գրադարանի հետ կատարել տարածքների փոխանակում:
Ըստ այդմ՝ շենքի 3-րդ հարկը տրամադրվել է գրադարանին, իսկ առաջին ու նկուղային հարկերը` բանկին: Հետագայում սնանկացած «Կրեդիտ–Երեւան» բանկին պատկանող հատվածը վաճառվել է մի ռուսական ներդրողի, որը նախատեսում էր կառուցել խոշոր բիզնես–կենտրոն` ներդնելով մոտ 30 մլն դոլար, եթադրվում էր, որ այդ գումարը կհատկացնի «Յունիբանկ»-ի հիմնադիր ռուսաստանաբնակ Գագիկ Զաքարյանը:
Ի դեպ, երեւանցիներն այդպես էլ չտեսան այդ բիզնես–կենտրոնը:
Ավելի վաղ 2003 թվականին գրեթե նույն ճակատագրին արժանացավ Թումանյան 17 հասցեում գտնվող Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության շենքը, որին տիրացավ «Ինեկոբանկ»-ը:
Մինչ այսօր շարունակում է «մութ» մնալ (մամուլում գրեթե անդրադարձ չկա) Աբովյան փողոցի վրա գտնվող նախկին ՑՈՒՄ–ի շենքը Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին վաճառելու գործարքի մանրամասները: Ոչ ոք չի պարզաբանում, թե ինչու է այնտեղ դադարեցվել շինարարությունը:
Ընդհանրապես շինարարությունն ու լրագրությունը Հայաստանում շատ հետաքրքիր հարաբերություններ ունեն։
Օրինակ՝ օրերից մի օր (2006-ին) մեր աչքից չքվեց «կուկուռուզնիկ» անվանումով հայտնի Երիտասարդական պալատը, որտեղ մեր սերնդի երիտասարդությունը զվարճանում էր (դիսկոտեկ կար), ամուսնության վկայական էր ստանում (այնտեղ էր տեղակայված ԶԱԳՍ-ի բաժանմունքը) ու այնտեղի լողավազանում լողալ էր սովորում: Ներկայումս շենքը հողին է հավասարված:
Ըստ panorama.am կայքի՝ 4,5 հա տարածքը պատկանում է «Ավանգարդ Մոթորս»-ին, որը գնել է այն մրցույթով 2010-ին: Ճապոնական նախագծով պետք է կառուցվեր հյուրանոցային համալիրով InterContinental միջազգային բիզնես կենտրոնը, որը ներառելու էր նաեւ բնակելի շենքեր, ստորգետնյա ավտոկայանատեղի` 2000 ավտոմեքենա կայանելու հնարավորությամբ:
Շինության մուտքը Տերյան փողոցից նախատեսված է եղել կառուցել շարժասանդուղքներով: Եվ այս ամենը պետք է կառուցվեր երեք տարում՝ ավարտական տեսք ստանալով 2013-ին: Սակայն քանդած Երիտասարդական պալատի տեղում շինարարական ոչ մի աշխատանքներ էլ չեն իրականացվում:
Անհասկանալի է նաեւ 1930-ականներին կառուցված եւ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ 2004-ին քանդված «Սեւան» հյուրանոցի ճակատագիրը: Ինչպես նշում է panorama.am կայքը՝ հյուրանոցային տարածքի ներկայիս սեփականատերը «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերությունն է, որի ղեկավարն է մեծահարուստ բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանը:
Այժմ տարածքը պատված է երկաթյա պատնեշով: Քաղաքապետարանի ու Վաչե Մանուկյանի միջեւ հանդիպումներ եղել են (համենայնդեպս, նախկին քաղաքապետի օրոք), սակայն քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրություններից հայտնի չէ` ինչ ճակատագրի կարժանանա քանդված հյուրանոցը: Կարելի է ենթադրել, որ «Սեւան» հյուրանոցի հարցը մոտ ժամանակներս հանգուցալուծում կստանա, քանի որ տարածքը նախատեսվում է օգտագործել այլ նպատակներով (Արտգործնախարարությանը նոր շենք է հարկավոր):
Նույն անորոշ վիճակում է գտնվում Երեւանի Կոնդի թաղամասում 1,5 հա տարածք զբաղեցնող երբեմնի գեղեցիկ «Դվին» հյուրանոցը, որը 2003-ին 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ռուսական էստրադայի հայտնի աստղ Իոսիֆ Կոբզոնն է։
Գնորդը խոստացել էր 5 տարում կառուցել 5 աստղանի հյուրանոց՝ ներդնելով առնվազն 30 մլն դոլար, սակայն մինչ այսօր որեւէ լուրջ ներդրում չի իրականացվել:
Ինչպես տեսնում եք, քաղաքաշինության հարցերը միշտ եղել են մամուլի ուշադրության կենտրոնում։ Անգամ երբ պետական մարմինները փորձում էին կոծկել ինֆորմացիան, այն, միեւնույն է, հասանելի էր դառնում։ Սակայն այդ հարցում կարեւոր է ոչ միայն առաջինը հայտնել լուրը, այլեւ հետեւողական լինել ու ներկայացնել «մութ» գործարքների բոլոր փուլերը։
Գերադասելի է թեման ուշադրությունից բաց չթողնել ու շարունակել լրագրողական հետաքննությունները։
Կարծում եմ՝ պետական շինությունների մասնավորեցման օրինակներին անդրադառնալը հիմա էլ է արդիական։
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: