Ինչքան էլ փնովենք մեր լրատվամիջոցներին ու լրագրողներին, լրագրությունն էն եզակի բնագավառներից է, որն անկախության էս երկու տասնամյակների ընթացքում որոշակի ու նկատելի հաջողություններ ու առաջընթաց է արձանագրել: Սովետահայ լրագրության համեմատ, իհարկե:
Առաջընթացն, իհարկե, հիմնականում բացատրվում է հետխորհրդային ժամանակներում առկա խոսքի ու մամուլի նկատելի ու շոշափելի ազատությամբ, բայց էս բացատրությունն էլ վերջնական չի, որովհետեւ խոսքի ազատությունից վերջին երկու տասնամյակներում ոչ միայն լրագրողներն են հնարավորություն ունեցել լիուլի օգտվել, այլեւ` գրողներն ու արվեստի մյուս բնագավառների ներկայացուցիչներն էլ։
Բայց եթե գրողների ու արվեստի մյուս բնագավառների ներկայացուցիչների մոտ խոսքի ու արտահայտվելու ազատությունը որոկական փոփոխությունների ու լուրջ ձեռքբերումների չի հանգեցրել, լրագրության մեջ ձեռքբերումներն ու փոփոխություններն ակնհայտ են. կնշանակի` լրագրողներն ավելի լիասիրտ ու լիաթոք են օգտվել խոսքի ու խոսելու ազատության հնարավորություններից, քան` գրողներն ու արվեստի այլ ժանրերի ներկայացուցիչները։
Բայց լրագրողներին ու լրագրությանը վերադառնալով` պիտի ասեմ, որ ասածս հիմնականում վերաբերում է օրաթերթերին, շաբաթաթերթերին եւ դրանց լրագրողներին: Չնայած ասացի, որ հետխորհրդային ու անկախության էս երկու տասնամյակներում լրագրությունն ու լրագրողները զգալի ու նկատելի առաջընթաց արձանագրեցին, այդուհանդերձ, այսօրվա դրությամբ մենք սովետահայ «Գարուն» ամսագրին համարժեք ամսագիր չունենք։ Չնայած ամսագիր տպագրելու բազմաթիվ փորձերին, մեր նորագույն ամսագրերից որեւէ մեկը չի նվաճել այն լսարանը, որն ուներ «Գարունը», եւ դա անառարկելի փաստ է։
Եւ եթե դրա պատճառների մեջ խորանանք, միգուցե սխալ եզրակացությունների հանգենք, բայց, այնուամենայնիվ, պատճառներից մեկն այն էր, որ խորհրդային մամուլի անազատության ու գորշության ֆոնին կիսաազատ ու բավական թարմ «Գարունը» պիտի որ շահեկանորեն առանձնանար, եւ մոտավորապես նույն կերպ էն ժամանակվա «Գրական թերթն» էր առանձնանում, որովհետեւ էն տարիներին խոսքի հարաբերական, սահմանափակ ու որոշ ազատությունը հիմնականում գրողների ու արվեստագետների միջոցով էր ապահովվում, եւ «Գարունը», փաստորեն, սովետահայ առաջին ու վերջին ծիծեռնակն էր։
Եւ «Գարունի» չափավոր ազատականությունը ոչ էնքան լրագրողների ակտիվությամբ էր պայմանավորված, որքան` գրողների ու բանաստեղծների, եւ քանի որ այն ժամանակվա «Գարունը» ոչ միայն որոշակի ազատականություն էր պարունակում եւ նույնիսկ պարտադրում, էն ժամանակվա բանաստեղծներս ամեն ինչ անում էինք, որպեսզի արժանի լինենք էն ժամանակվա «Գարունին», եւ կարծես ստացվում էր։
Բայց ասածս ամենեւին չի նշանակում թե` մեջներս էն ժամանակների ցենզուրան նստած չէր. մենք մեր բաժին չափավոր ազատությունն ու ազատականությունը գուրգուրելով` այնուամենայնիվ, չափներս չէինք անցնում, եւ լրագրողները նմանապես իրենց չափի մեջ էին, եւ չնայած Մարգո Ղուկասյանն ու Զորի Բալայանն էդ նույն «Գարունում» ատոմակայանի գոյության դեմ հոդվածներ էին գրում, եւ չնայած Սիլվա Կապուտիկյանն էլ ժամանակ առ ժամանակ ռուսական դպրոցների դեմ էր հոդվածներ գրում, այդուհանդերձ, բոլորը չափի մեջ էին, որովհետեւ նույն «Գարունի» շենքում,«Գարունից» երեք հարկ ցած, ամենազոր Գլավլիտն էր, եւ որպեսզի Գլավլիտի ու ցենզուրայի հետ անցանկալի առերեսումներից խուսափեինք, մեր գրածը նախ մեր ներսի Գլավլիտով ու ցենզուրայով էինք անցկացնում` երբեմն-երբեմն իրական ու մեր ներսի գլավլիտներին խաբսեր տալով։
Եւ էդ գործն ամենից հաջող բանաստեղծներս էինք անում` ապավինելով մեր փոխաբերական ու պատկերային զինանոցին, ու երեւի էդ էր պատճառը, որ իմ ու իմ սերնդակիցների էդ տարիների գրածները չափից ավելի փոխաբերական ու տողատակային էին, եւ մեզ նախորդած սերնդի պոեզիան էլ էր էդպիսին։ Հատկապես տողատակային ու փոխաբերական էր Հրանտ Մաթեւոսյանի արձակը, եւ արտառոցն ու հետաքրքիրն այն է, որ Գլավլիտին ու ցենզուրային պարբերաբար խաբսեր տվող ու հաջողությամբ շրջանացող էդ պերմանենտ փոխաբերություններն ի վերջո վերաճեցին ու վերածվեցին իրական ու իսկական գրականության։
Եւ չնայած գրականագետներից ու գրագետներից շատերն են փառաբանում մեր էդ ժամանակների գրականությունը, այդուհանդերձ, քչերի մտքով է անցնում, որ մեր էդ ժամանակվա գրողների ու մանավանդ բանաստեղծների ստեղծագործությունների պատկերների ու մանավանդ տողատակերի հարստությունը նաեւ ժամանակի ցենզուրայի ու գրաքննության սահմանափակումների արդյունքն ու արգասիքն է:
Մենք տրամադրվել էինք գրել ժամանակակից լրագրության առաջընթացի մասին, սակայն մեր մտորումները մեզ միանգամայն այլ ուղղությամբ տարան: Պարզվում է, կարոտախտը մեզ էլ առանձնապես խորթ չէ:
Ինչ վերաբերում է անկախության ժամանակաշրջանի մեր լրագրության եւ լրագրողների առաջընթացին, այդ մասին դեռ կհասցնենք խոսել. մանավանդ որ` այդ առաջընթացը դեռեւս ընթացքի մեջ է:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: