Նախնադարյան մարդուն հասանելի միակ մեդիա գործիքը պատկերներն էին։ Մեր նախնիները ժայռերն ու քարերը նկարազարդում էին ոչ միայն սեփական գեղագիտական ծարավը հագեցնելու, այլև իրենց շրջապատին ինչ-որ բան փոխանցելու նպատակով։
Ավելի ստույգ ասած՝ նրանք վերցնում էին սեպն ու պատկերներ թողնում ժայռաբեկորներին՝ իրենց փորձն ու գիտելիքներն ավելի անփորձներին ու քիչ գիտակներին տեղեկացնելու ցանկությունից տոգորված։
Չմոռանանք, որ խոսքը դեռ չուներ այն ազդեցությունը, ինչ ուներ մի քանի շտրիխներով արված պարզ ու ըմբռնելի պատկերը, որը թարգմանության կամ վերծանման կարիք չուներ։
Ի վերջո, ժայռապատկերները առաջին լուր-արձանագրություններն էին, որոնց միջոցով ինֆորմացիան վիզուալ տեսք էր ստանում, իսկ կյանքի կուտակումները դրվում էին շրջանառության մեջ։
Հետագայում, որպես ավելի կայուն ու մնայուն լրատվական դաշտ, վիզուալիզացվեց քարն ինքին՝ արձանի, քանդակի, բարելիեֆի տեսքով։ Կյանքի դրվագների քարե (հետագայում կավե, մարմարե, բրոնզե) նմանակումները հանրային ուղերձներ էին՝ գեղեցիկի, վտանգավորի ու կարևորի մասին։ Պատկերներն օգնում էին շփմանն ու ինֆորմացիայի տարածմանը։
Այդպիսով, երբ քարին գումարվեց մարդը, ստեղծվեց առաջին լրատվամիջոցը՝ կրկնօրինակված կյանքի տեսք ունեցող և մեկնաբանություններ ու լրացումներ ենթադրող քարե տարածքը (որն, ի դեպ, աշխատում էր մերօրյա սոցցանցերի սկզբունքով՝ բան ունես ասելու, ավելացրու)։
Դարեր են անցել, տեխնոլոգիաներ են ծնվել, զարգացել ու մահացել, սակայն քարը (կավը, մարմարը, բրոնզը) շարունակում են ինֆորմացիայի փոխանցման կարևորագույն միջոցներից մեկը մնալ։ Եվ քաղաքն էլ, որն իր փողոցներում ու պուրակներում քանդակներ է տեղադրում, դառնում է յուրատեսակ լրատվամիջոց, որն իր բնակիչներին ու այցելուներին պատմում է իր տեսակետից կարևոր, վտանգավոր ու գեղեցիկ բաների մասին։
Պատմում է քանդակների, արձանախմբերի, ցուցապաստառների և այլ տեսակի արտաքին ձևավորման միջոցով։ Երևանն էլ է պատմում…
Բայց Երևանի պատմածը տարօրինակ, մակերեսային ու միակողմանի է։ Տարօրինակը քարե ստեղծագործությունների դերն է, որը սահմանափակվում է ոչ թե ուղերձ, այլ ուղերձի իմիտացիա լինելու առաքելությամբ։
Իրականում քաղաքային քանդակները ոչ թե քաղաքի պատմությունն են պատմում, այլ այն պատմությունը, որն ուզում են լսել քաղաքի տեսքի համար պատասխանատու պաշտոնյաները։
Քաղաքն իր քաղաքապետարանով ու տարբեր գեղարվեստական խորհուրդներով պարտադրում է մի «քարե» պատմություն, իսկ բնակիչներն այդ պատմածն ընկալում ու ընդունում են հակառակ նշանով։
Վերջերս քաղաքի պետերը (քաղաքապետարանի աշխատակիցները) նորովի սկսեցին դեկորացնել Երեանը՝ ցանկանալով քաղաքի տոնին ընդառաջ արվեստի, գրականության մեծանուն մարդկանց արձաններով գեղեցկացնել կրկին վերջերս քաղաքում տեղադրված մեծաքանակ նույնանման նստարանները։
Այդ պրոեկտը անվանվեց «Մեր հանճարները մեր կողքին են Երևան քաղաքում» ու միանգամից (առաջին իսկ երկու տեղադրված արձաններից սկսած) արժանացավ երևանցիների ենթագիտակցաբար դրսևորվող ագրեսիային։
Սկզբից կոտրվեց դերասան Մհեր Մկրտչյանի բրոնզագույն ներկված կավե նմանակի ձեռքի մատը, իսկ հետո անարգվեց Եղիշե Չարենցի արձանը, որի հետ լուսանկարվող երիտասարդների խումբը չափազանց տգեղ վարվեց՝ հարվածելով կավե պոետի գլխին (այդ տեսանյութը տեղադրվեց Youtube-ում, իսկ հետագայում հանվեց)։
Հանճարների արձանները ընդամենը մեկ ֆունկցիա ունեն. դրանք ֆոն ու առարկա են նրանց հետ լուսանկարվել ցանկացողների համար։ Եվ բնավ էլ զարմանալի չէ, որ քաղաքային կոնտեքստից դուրս, խեղված մասշտաբներով, բայց սոցռեալիզմի ոճով արված ու միայն լուսանկարվելու համար տեղադրված բացիկ-արձանները լրատվամիջոց-մայրաքաղաքում դիտվում են որպես ժամանակավրեպ երևույթ։ Կամ էլ օտար մի տարր։
Այնպես, ինչպես, օրինակ, երկար կյանք ու մեծ հեղինակություն ունեցող թերթի էջերում անգրագետ գրված դեղին լուր տպագրելը։ Երևանի երբեմնի դիմագծերը գնալով ավելի են լղոզվում, և քաղաքը վերածվում է լաքապատված սուռոգաթային տարածքի, որտեղ կավը փորձում են ներկայացնել որպես բրոնզ, իսկ արվեստին տրվում է դեկորացիայի դերը։
Երբ որևէ բան արվում է ընդամենը գեղեցիկ կցորդ լինելու համար ու ոչ մի իմաստային կշիռ չի կրում իր մեջ, այն կամ դուրս է մղվում դաշտից՝ կոտրվում, ջարդվում կամ փոշիացվում է (քանի որ արվեստի ֆունկցիայի մեջ գեղեցիկը ամենավերջին տեղում է) կամ էլ սկսում է տրանսֆորմացնել ողջ դաշտը։
Մարդիկ, որոնք ապրում եմ Երևանում, սկսում են նմանվել իրենց քաղաքին ու ձեռք բերել այն տեսքն ու վարքը, որն ունի իրենց մայրաքաղաքը։ Տխուր է, իհարկե, բայց քանդակների հանդեպ բարբարոսաբար վարվող երևանցիները ծնունդն են հենց այն Երևանի, որը ակտիվորեն կառուցապատվեց ու «գեղեցկացվեց» վերջին տարիներին։
Ինչպես Երևանը, այնպես էլ ասենք մեր հեռուստատեսությանը ժամանցային, թեթև, մակերեսային ու միայն կենցաղում պիտանի պատկերներ ստեղծող դարձավ։ Նստեցի՞ր, նկարվեցի՞ր, ծիծաղեցի՞ր… Դե գնա տուն՝ քնելու։ Իսկ եթե հանկարծ քանդակների մատները կոտրես ու անփույթ վարվես, մենք քեզ կպատժենք։
Պատիժը կիրառելու համար քաղաքապետարանը որոշել է յուրաքանչյուր արձանի կողիքն տեսախցիկ տեղադրել ու հսկել անվայելուչ պահվածքը։ Սա նվեր է մեր քաղաքին, որը նաև կրթական ու դաստիարակչական դեր է փորձում կատարել։
Երբ նախամարդը քար էր մշակում ու ասելիքը փոխանցում էր ցեղակիցներին, նա սեփական պատվերն էր կատարում, որը մարմնավորվում էր իր իսկ ճաշակի, պատկերացումների համաձայն։ Իսկ ո՞ւմ պատվերն է կատարում Երևանը։ Հաստատ ոչ երևանցիների։ Երևանցիները լիքը այլ բաներ են ուզում իրենց բնակավայրից։ Ինչպես, թերևս, այլ բան են ուզում հեռուստատեսությունից։
Բայց ստացվել է այնպես, որ եթերին ու քանդակին վերապահվում է կցորդի, հավելվածի, ժանյակապատ ծածկոցի կամ սփռոցի դեր, այլ ոչ բուն ուղերձի։
Ուղերձը ձևակերպվում է շատ վերացական՝ «Երևանը մեր տունն է», իսկ պետական որոշմամբ ստեղծված քանդակները դառնում են սոսկ միջոցառումային կերտվածքներ, իշխանությունների կողմից երևանցիներին պարտադրված «նվեր» ու «զարդ», որը ոչ այլ ինչ է, քան իմիտացիա։
Մենք ձևացնում ենք, որ Երևանը մեր տունն է, իսկ Երևանի դեկորացիան ապահովող անձինք ձևացնում են, որ ուզում են բարի ու ժպտերես միջավայր ստեղծել։
Արդյունքում քաղաքը վերածվում է անճաշակ, անփույթ շուկայի։ Կամ էլ «դեղնած» լրատվամիջոցի, որի շուկայական սպառում ունեցող լուրերը կարդում ու հանգիստ դեն ենք նետում։ Լուսանկարվում ենք քանդակների հետ ու գնում առաջ։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: