Սեպտեմբերի առաջին երկու օրերը վերածվեցին հայ-ադրբեջանական հաքերային փոխհրաձգության։ Այն, կարծես թե, իր մասշտաբայնությամբ գերազանցեց պատմական 2000 թվականի իրադարձությունները։
Այս անգամ էլ առաջին հարվածը հասցրեցին ադրբեջանական հաքերները։ Ոգեւորված Ռամիլ Սաֆարովի շուրջ ծավալված իրադարձություններով, ադրբեջանցի հաքերները կոտրեցին մոտ երկու տասնյակ հայկական կայքեր, որոնց վրա տեղադրեցին մարդասպանի պատկերը։ Կոտրվեցին, օրինակ, քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող հիմնադրամի Children.am (սքրինշոթ), մանկատների աջակցման ծրագրերի Manuk.am կայքերը (սքրինշոթ)։
Դրանից հետո անսպասելիորեն գործողությունների անցան հայկական հաքերները (հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում հիմնականում ակտիվ են միայն ադրբեջանական հաքերները, հայկական կողմից գրեթե գործողություններ չեն նկատվում)։ Հարձակման ենթարկվեցին մի շարք պետական կայքեր․ Ադրբեջանի նախագահի, արդարադատության, կապի եւ մշակույթի նախարարությունների։ Տվյալ կայքերը մոտ մեկ օր հարձակումից հետո չէին գործում։
Երկուստեք հաքերային հարձակումների ենթարկվեցին եւս մի քանի տասնյակ կայքեր։ Հայկական եւ ադրբեջանական կողմերը փորձում էին շարքից հանել միմյանց լրատվական դաշտերը։ Երկու կողմերն էլ սեպտեմբերի 1-ին սկսեցին DDoS հարձակումներ հիմնական լրատվական կայքերի վրա։ Հայկական լրատվականներից Արմենպրեսը պաշտոնապես հայտնեց, որ գտնվում է հարձակման տակ, սակայն շարունակում է աշխատել։ Բացի դրանից, ակընհայտ դժվարություններով էին աշխատում, բայց շարունակում էին գործել Panorama.am, Panarmenian.net կայքերը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվականներին, ապա այստեղ իրավիճակը շատ ավելի ծանր էր։ Երկու օր գրեթե շարքից դուրս էին բերվել հիմնական ադրբեջանական լրատվական կայքերը․ 1news.az., day.az, apa.az, vesti.az, musavat.com: DDoS-ի ուժգնության պատճառով կայքերից մի մասին պարտադրվեց փոխել իրենց հոսթինգները։ 1news.az-ի խմբագրությունը իր ֆեյսբուքյան էջում խոստովանեց, որ հարձակումը աննախադեպ է։
Բացի DDoS* հարձակումներից, լրատվականների դեմ իրականացվեցին նաեւ անմիջական հաքերային գործողություններ։ Այսպես, հայկական հաքերներին հաջողվեց կարճ ժամանակով կասեցնել trend.az կայքի աշխատանքը, որի վրա կախվեց քարոզչական պաստառ։
Ադրբեջանցի հաքերներն իրենց կողմից կոտրեցին Գալա հեռուստաընկերության (սքրինշոթ), եւ Web TV (սքրինշոթ) կայքերը, որոնց վրա տեղադրվեց ղարաբաղյան պատերազմում գլխատված հայ զինվորի լուսանկար, որին ադրբեջանական քարոզչությունը փորձում է ներկայացնել որպես Մոնթե Մելքոնյանի։
Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ կրիզիսային պահերին երկու կողմն էլ փորձելու է հարվածը հասցնել երկու հիմնական թիրախներին՝ պետական կայքերին եւ լրատվամիջոցներին։ Տվյալ դեպքում պարզ դարձավ, որ հայկական կողմը ավելի պատրաստ է նման ճգնաժամային սցենարին։
Սամվել Մարտիրոսյան
(*) DDoS հարձակումների ժամանակ հաքերները փոփոխություններ չեն մտցնում կայքի պարունակության մեջ։ Մեծ քանակի հեռակառավարվող համակարգիչների միջոցով հաքերները ծանրաբեռնում են կայքի սերվերը, ինչի հետեւանքում կայքը պարզապես չի աշխատում, ուժասպառ է լինում:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: