Հեռուստատեսությունների բովանդակությունը շատերիս մտահոգում է, սկսած իրականությունը գրագետ ու անկողմնակալ չարտացոլելոու, եթերից բացահայտ բռնություն քարոզելու ու հաճախ անճաշակ հաղորդումներ հեռարձակելու տեսանկյունից: Վերջերս, մի խումբ մտավորականներ և կազմակեպություններ նամակով դիմեցին ՀՀ Նախագահին` պահանջելով իր միջամտությունը հեռուստաեթերը ագրեսիվ ու քրեական վարքագծով հեղեղված բովանդակությունից ազատելու հորդորով: Այդ ցանկի տակ իրենց ստորագրությունը դրածներից ոչ ոք, հավանաբար չգիտեր, որ նախագահը ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով սահմանված լիազորությունների շրջանակ ունի, որտեղ բացակայում է տեղեկատվության ազատությանը միջամտելու գործառույթը: Հասկանալի չէ, թե ինչու՞ են մեր մտավորականները փորձում նախագահին վերապահել լրացուցիչ գործառույթներ, որը անկեղծ ասած Լյուդովիկոս XIV-ի դարաշրջանն է հիշեցնում: Միայն թե, այն ժամանակ թագավորն ինքն իրեն հայտարարեց պետության միակ կրողը, իսկ այս դեպքում դիմումի տակ ստորագրածները այս քայլով ՀՀ նախագահին, ով հանրապետության երաշխավորն է, ասում են «Պետությունը դուք եք»: Քաղաքական համատեքստի մասին այստեղ ոչինչ չեմ ասի: Սակայն, սա շատ հատկանշական է և հայտորոշում է երկրում առկա խնդիրների բազմությունը:
Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց այլ նպատակադրումների շարքում «ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը», որը առանց խղճի ու մտքի ազատության անգործադրելի է ու հակասում է համամարդկային արժեքներին: Այն ապացուցվել ու ամրագրվել է մարդկության պատմության ընթացքով, ինչպես նաև պատմական փակուղիներից բախումներով և մեծ զոհողությունների գնով դուրս գալու արդյունքում: Անհասկանալի է, թե ինչու՞ ստորագրյալները չեն ուզում դասեր քաղել այդ պատմությունից և փորձում են Հայաստանը տանել «զարգացման» մի ճանապարհով, երբ ժողովրդի ինքնիշխանության բացակայության կամ առևանգման պայմաններում անցյալը փակուղայնության նախադեպային հսկայական հետք ու վկայությունների վավերագրություն է ժառանգել մեզ: Հիշեցի հայտնի ասույթը. «Միայն հիմարներն են սեփական սխալներից դասեր քաղում, իմաստունները սովորում են այլոց սխալների վրա»:
Հասարակական գնահատական տալու առումով այս նամակը հետաքրքիր կլիներ, եթե ուղղված լիներ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, այլ ոչ` նախագահին: Ավելին, այն կարող էր ոչ միայն կոչ լինել, այլ պարունակել հիմնավորված փաստարկումներ, որոնք փոխկապակցված կլինեին հեռուստատեսության նման բովանդակության արդյունքում առաջացած բացասական հետևանքները ցուցանող գիտական տվյալների հետ: Դատելով նամակի ներքոստորագրյալների մասնագիտական կարողություններից ու զբաղվածության ոլորտներից, այդ գիտական ներուժը կար: Ավելին, ՀՀ օրենսդրությունը այս դեպքում թույլ կտար հանգուցալուծել լրատվության ազատության ու հանրային անվտանգության սկզբունքային բախումը: Նորից հղում կատարելով ՀՀ Սահմանադրությանը, հարկ է նշել, որ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է այդ հիմնարար փաստաթղթով: Այն թույլ է տալիս ապահովել մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից /հոդված 27/ մեկը` խոսքի ազատության իրավունքը: Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարի պետություն հասկացությունը կարող է հանդուրժել նախագահի կամ որևէ այլ անհատի միջամտությունը տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու աշխարհագրական կամ բովանդակային սահմանափակմանը վերոնշյալ սկզբունքներից դուրս: Այդ նամակը ըստ էության փորձ է կատարում արտաշիրմել գրաքննությունը:
Որոշ մտավորականների ու կազմակերպությունների կոչը ուղղված նախագահին ոտնահարում է հեռուստառադիոընկերությունների ինքնուրույնության երաշխիքը և փորձ է կատարում շրջանցել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը: Այն կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել և հետագայում ցանկացած առիթով, առանց լուրջ փաստարկումների այս կամ այն քաղաքական ու էսթետիկ նկատառումներով սահամանափակելով եթերն ու հերթական անգամ խախտելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Մյուս կողմից էլ, իսկապես հասունանում է հեռուստաեթերի բովանդակության կարգավորման անհրաժեշտությունը, սակայն, վստահաբար ոչ այսպիսի միջոցներով: Օրենքը արգելում է հեուստառադիոընկերություններին «բռնության եւ դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակել»: Ըստ էության, արգելող դրույթը ազատում է անձանց սուբյեկտիվ դատողություններ անելու պատասխանատվությունից և հնարավորություն է ստեղծում գիտական տվյալների վրա հենված փաստարկումների դեպքում հանձնաժողովի միջոցով արգելափակել նման եթերը: Մտավորականները կարող էին նամակով դիմել ՀՌԱՀ-ին ու պահաջել, որպեսզի վերջինը կատարի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` մշտադիտարկելով մտահոգություն առաջացրած առանձին հաղորդումները, իսկ ՀՌԱՀ-ի անգործության դեպքում դիմել դատարան, ներկայացնելով համապատասխան գիտական հիմնավորումները և պատասխանատվության ենթարկելով պարապուրդի մատնված հանձնաժողովին:
Նվարդ Մանասյան
* L’etat C’est Moi- Պետությունը ես եմ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: