Իմ տարեկիցները հիշում են, որ երբ 1988 թվականից Հայաստանի այն ժամանակվա խորհրդարանի` Գերագույն խորհրդի նիստերը սկսեցին հեռարձակվել պետական հեռուստատեսությամբ, մարդիկ անհամբերությամբ սպասում էին դրանց, խմբվում հեռուստացույցների առջեւ, ուշադիր լսում, ապա եւ՝ քննարկում յուրաքանչյուր հետաքրքքիր ելույթ: Այդպես էր նաեւ անկախ Հայաստանի առաջին եւ երկրորդ գումարումների խորհրդարանների նիստերի հեռարձակման ժամանակ:
Անկեղծ ասած, չեմ հիշում, թե որ թվականից դադարեցվեցին այդ հեռարձակումները, սակայն կարծում եմ, որ 21-րդ դարի հեռուստադիտողը դրանից ոչինչ չկորցրեց, մանավանդ որ վերջին երեք գումարումների խորհրդարանների նիստերը ընթանում էին համարյա միահամուռության պայմաններում. բացառյալ վերջին գումարման Աժ-ում «Ժառանգություն», երբեմն էլ ՀՅԴ խմբակցությունների քննադատական ելույթների՝ ոչ մի հետաքրքիր բան նիստերի ժամանակ չէր կատարվում: Հա, չմոռանանք նաեւ ուրիշների փոխարեն քվեարկությունները, որոնք միեւնույն է, ուղիղ եթերով դժվար թե հեռարձակվեին:
ՀՀ նորընտիր Ազգային ժողովի վերջին նիստերը բավականին մեծ աշխուժություն ու հետաքրքրություն առաջացրեցին: Կառավարության ներկայացրած նախագծերին դիմադրությունը խիստ մեծացել է, իսկ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները դարձել են ավելի սուր, ուստի պառլամենտի աշխատանքի նկատմամբ հասարակական հետաքրքրությունն էլ մեծացել է: Եվ պատահական չէ, որ վերջին նիստերի ինտերնետային հեռարձակումներն ու տարբեր լրատվական կայքերում տեղադրվող տեսանյութերը մեծ հետաքրքրությամբ էին դիտվում եւ տարածվում:
Սակայն ուղիղ հեռարձակումները խորհրդարանի նիստերի դահլիճից իրականացվում էին միայն համացանցով` հենց խորհրդարանի, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության կայքերում:
Այսուհանդերձ, ինտերնետային հեռարձակումները բոլորին չէ, որ մատչելի են, եթե նկատի ունենանք, որ Ազգային ժողովի նիստերի նկատմամբ հետաքրքություն են դրսեւորում ամենատարբեր խավերի մարդիկ: Բացի այդ, ինչպես վկայում են ինտերնետային հեռարձակումներով Աժ աշխատանքին հետեւողները, կապի ոչ բավարար արագությունների պայմաններում շատերը դժվարությամբ են կարողանում դիտել եւ ունկնդրել հեռարձակումները, պատկերն ու ձայնը տեխնիկական թերություններով են: Ինտերնետի որոշ օգտատերեր էլ նշեցին, որ ձայնի ու պատկերի խափանումներ լինում էին հատկապես ընդդիմադիր պատգամավորների ելույթների ժամանակ:
Այս ամենը նկատի ունենալով, կարծում ենք, որ օրախնդիր է դառնում Ազգային ժողովի նիստերը հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հեռարձակելը: Աշխարհի շատ երկրներում կան այդպիսի հատուկ ալիքներ, որոնք հեռարձակում են իրենց խորհրդարանների նստաշրջաններն ու նիստերը: Կարծում ենք, կարելի ընդօրինակել այդ փորձը:
Այս խնդրի առնչությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Պահանջում ենք ԱԺ նիստերն ուղիղ հեռարձակել TV-ով» խումբ, որի անդամների թիվն արդեն անցել է 700-ից: Խմբի ստեղծողները այն հիմնավորել են հետեւյալ կերպ.
«Ակնհայտ հասարակական պահանջ կա ԱԺ նիստերը հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակելու: Ակնհայտ է նաև, որ ԱԺ կայքով հեռարձակումը անորակ է ու չի բավարարում քաղաքացիներին: Ինչքա՞ն կարելի է նստել համակարգչի առաջ ու սպասել, թե էլեկտրոնային լրատվամիջոցները երբ են տեքստային լուրեր տեղադրելու»:
Այնուհետեւ խմբի ստեղծողները նշում են, որ դա կարող է անել Հ1-ը: Իհարկե, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը կպատճառաբանի, որ հնարավոր չէ հաղորդացանցում փոփոխություններ կատարել այնպես, որ հերթական քառօրյա, իսկ լինելու դեպքում՝ նաեւ արտահերթ նիստերը ուղիղ հեռարձակմամբ ներկայացվեն հանրությանը: Սակայն, կարծում եմ, դժվար չէ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքի շրջանակներում եւս մի հաճախականություն տրամադրել Հանրայինին` մեկ պայմանով, որ դրանով պիտի հեռարձակվեն միայն խորհրդարանի նիստերն ու դրան առնչվող հաղորդումներ: Ինչպես արդեն ասացի, պառլամենատական ալիքը ընդունված պրակտիկա է շատ երկրներում: Հայաստանում էլ կարելի է այդպիսին ունենալ: Դա առանձնապես մեծ ծախսեր չի պահանջի եւ հայ հասարակությանը հնարավորություն կտա ուղիղ եթերում հետեւելու հայրենի խորհրդարանակնների գործունեությանը:
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: