2012.05.04,

Քննադատ

Հայացք «դրսից»: Նախընտրական

Ինչքան էլ հեռուստացույց չսիրես, չնայես, հայտնվելով Հայաստանից դուրս, անկախ քեզնից անցնում ես եղած հայկական ալիքներով՝ տեսնես ինչ կա-չկա: Չգիտեմ եղածներից է՛լ որ հեռուստաընկերություններն են հեռարձակում դրսի համար, բայց ինձ հասանելի են Հանրայինը, «Արմենիան», «Շանթը» և «Կենտրոնը»:

Եղածների մեջ Հանրայինը երևի թե միակն է, որի բովանդակությունը Հայաստանի ու «դրսի» հայերի համար տարբերվում է: Հիմնականում երկրի կենցաղի, առօրյայի, տարբեր բնակավայրերի, ներքին անցուդարձի մասին պատմող հաղորդումներ են: Հ1-ի եթերը զարմանալիորեն հանդարտ է, գովազդը՝ շատ քիչ: Հատկապես ուզում եմ շեշտել մի, ըստ իս շատ դրական, փաստ՝ խորհրդարանական քարոզարշավից զերծ է: Նախընտրական այս մի քանի թեժ շաբաթների ընթացքում լրատվականում գնացող սյուժեներից զատ, ընտրությունների հետ կապված այլ հաղորդումների գոնե ես չեմ հանդիպել: Կուսակցությունների և թեկնածուների գովազդ չկա: Հավանաբար խնայում են դրսում իրենց նայողներին, և դա ըստ իս շատ լավ է:

«Երգ երգոց», «Մերոնք», «Հայ ասպետ», «Հայաստանի ճամփեքով» (ի դեպ, բավականին մանրամասն պատմում են ՀՀ քաղաքների, բնակավայրերի մասին, և միշտ ինչ-որ նոր բան կարելի է սովորել սեփական երկրի առաջին հայացքից աննշան ու անկարևոր բնակավայրերի մասին անգամ), «Սպասի՛ր ինձ», «Լրացուցիչ ժամանակ» և այլն: Իհարկե, սփյուռքահայությունը զուրկ չի մնում «Հրեշտակների դպրոց» և այլ սերիալներից, սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ նպատակաուղղված աշխատանք է տարվում դրսում ապրող հայերի համար հետաքրքիր հաղորդումներ ցուցադրելու ուղղությամբ (իհարկե, թերևս կարելի է վիճել և քննարկել այս կամ այն հաղորդման Սփյուռքի համար պիտանի լինելը կամ մատուցման ձևը):

Հ1-ի հետ կապված մեկ էլ նշեմ, որ իմ երբևէ լսած ամենահավակնոտ և ծիծաղելի ինքնագովազդը «Մենք աշխարհի այն եզակի հեռուստաալիքներից ենք, որ գրեթե նույնքան հեռուստադիտող ունի արտերկրում, որքան երկրի ներսում»-ն է: Երկրի ներսում ավելի քիչ բնակչություն ունենալը, քան դրսում ցավալի փաստ է, և բացարձակապես կապ չունի հեռուստաընկերության որակի հետ: Չէ՞ որ դա նրանց ԲիԲիՍի-ի կամ «Դիսքավրի չենլի» մրցակիցը չի դարձնում:

Ինչևէ: Անցնեմ մյուսներին և ցավով նշեմ, որ նրանց եթերը նույնքան անտանելի և տհաճ է, որքան Հայաստանի ներսում: Ինչպես արդեն նշեցի, Հ1-ի տարբերակում ակնհայտ է հատուկ մոտեցումը, իսկ «Արմենիա», «Շանթ» և «Կենտրոն» հեռուստաալիքների դեպքում տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանից դուրս հեռարձակելն ինքնանպատակ է: Լավագույն դեպքում կարող է տարբերվեն գովազդները՝ ասենք կոնյակը «դրսի» հայերը շատ են առնում, իսկ լոտոն ներքին սպառման ապրանք է:

Ապրիլի 24-ը միակ օրն էր, որ կարծես թե ստիպել էր բոլոր հեռուստաալիքներին լինել կոռեկտ, չափավոր և ադեկվատ:

Հիմա կցանկանայի հատուկ անդրադառնալ «Կենտրոն» հեռուստաընկերությանը, որն այս օրերին ամբողջությամբ վերածվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գովազդի կենդանի եթերի:

Ես հասկանում եմ, որ եթե լրատվամիջոցը պատկանում է որևէ կուսակցության, ապա բնականաբար պետք է ունենա համապատասխան ուղղվածություն, տվյալ կուսակցության նախընտրական գովազդը բնականաբար կլինի ավելի շատ, քան մյուսներինը: Մի խոսքով, կուսակցական գիծը պիտի պահպանվի:

Բայց ես չեմ հասկանում՝ որն է իմաստը Հայաստանից դուրս գտնվող հայերնակիցների համար այդքան այդ կուսակցությունը գովազդելը (ՀՀ քաղաքացիները դրսում քվեարկելու հնարավորություն միևնույնն է չունեն), ինչպես նաև կասկածում եմ, որ այդքան շատ նույն տեսահոլովակները պտտեցնելով հնարավոր է գոնե մեկ-երկու հավելյալ ընտրողի համոզել ու «քեզնով անել»: Ավելին, ենթադրում եմ, որ արդյունքը կլինի հակառակը: 

Մյուս կողմից էլ չեմ հասկանում՝ ինչքանով է ճիշտ հեռուստաալիքի լրատվական ծրագիրը՝ «Էպիկենտրոնը», կուսակցության գովազդով, երգով, աղունիկներ թռցնելով ու դանդաղեցրած կադրերով սկսելը: Ո՞ւր մնաց լրատվությունը:

Եւ կարծես թե ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի հաճախակի են դառնում հոլովակները: Ճիշտ ինչպես նոր տարվա պայթուցիկները, որոնք հաճախակիանում են գիշերվա 12-ի մոտենալու հետ:

Նարինե Աղաբեկյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *