2012.05.01,

Քննադատ

Հեռուստաթերապիա. բուժման եղանակ

Տարիներ առաջ, երբ Հայկո-Մկոն սկսեցին իրենց «Կարգին հաղորդումը», հավանաբար, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ, ծիծաղեցնելուց զատ, մի գեղեցիկ օր նրանց կերտած կերպարները կդառնան մի ամբողջ սերնդի պահելա- եւ խոսելաոճ: Մարդիկ նայում էին, հիանում նրանց դերասանական տաղանդով, մանրապատումները հաճախ ծիծաղելի էին…

Ժամանակագրական առումով չեմ կարող ասել՝ նրանց հաղորդմա՞նը հետեւեց Շանթի «Վերվարածները», թե՞ հակառակը, բայց կարծես թե հենց էդ երկու հաղորդումներով սկիզբ դրվեց «հումորային» հաղորդումների զանգվածային արտադրմանը:

Այնուհետեւ սկսվեցին «մադեյն Հայաստան» կրիմինալ, գռեհիկ սերիալները, գռեհկությամբ, տափակությամբ ու անճաշակությամբ իրար հետ մրցող այլ «հումորային» ծրագրերը, որոնք էլ ձեւավորեցին էսօրվա երիտասարդների պատկերը՝ բացասական եւ տհաճ:

Տրանսպորտի մեջ, փողոցում, խանութում, դպրոցում եւ ինստիտուտում՝ ամեն քայլափոխի, հանդիպում ենք հայկոմկոների*, վերվարածների, իրենց բանակային ու կրիմինալ սերիալների հերոսներ երեւակայող տղաների՝ լղար ու կուզիկ, փորները մեջքներին կպած կամ հաստափոր ու հաստավիզ, չսափրված, մազերը ճակատներին հատիկ-հատիկ սանրած, ձեռքերը կուրտկաների վրայով տաբատների գրպանները դրած: Խոսելիս բերանները ծռում են, խոսքերն արտաբերում կոկորդի մի կողմով՝ հատուկ բարակացնելով, ծիծաղում են հայկո-մկոյական կերպարների ծիծաղով:

Նրանք տրանսպորտում ոչ միայն տեղ չեն տալիս կանանց ու մեծերին, այլեւ նստում են ամենաանշնորհք ձեւով՝ ոտքերը չռած, իսկ փողոցներում հայհոյում են՝ առանց հաշվի առնելու, թե ով կա իրենց կողքին: Ինձ հատկապես տխրեցնում է էս երկու փաստը. անգամ ամենաքաղաքակիրթ եվրոպական երկրների հետ համեմատելով՝ միշտ հպարտությամբ փաստում էի, որ, անկախ կրթությունից եւ մակարդակից, հայ երիտասարդները միշտ առանձնացել են կանանց, աղջիկների ու մեծահասակների հանդեպ իրենց հարգալից վերաբերմունքով:

Բայց հիմա վերջին մի քանի տարիների ընթացքում ստեղծված, հեռուստաեթերով  մշակված ու թրծված կերպարը դարձել է մարդկային տեսակ, որը, լինելով հասարակության համար բացարձակապես անպիտան, սկսում է կենսակերպ թելադրել: Էդ տեսակը կազմում է ընտանիքներ, գռեհիկությունն ու անթույլատրելի վերաբերմունքը կանանց, մեծերի, երեխաների հանդեպ արդեն սովորույթի տեսքով փոխանցում սերունդներին:

Ես անընդհատ մտածում եմ, որ եթե պատահաբար պետությունը որոշի վերջ դնել էս ամենին, եթե հանկարծ վերեւներում ինչ-որ հրաշքով հասկանան, որ նման աղբն արժեք դարձրած հասարակությունն ու նրա երկիրը ապագա չունեն, ու պատկան մարմինները սկսեն ինչ-որ ելք փնտրել էս իրավիճակից, ապա նորից եւ անպայման պետք կլինի գործի դնել հեռուստատեսությունը:

Պետք կլինի գրել նոր սցենարներ նոր հաղորդումների եւ սերիալների համար, որոնց մեջ էսօրվա իդեալ դարձած հայկոմկոն կսկսի նորից մարդկային, տղամարդկային կերպարանք առնել: Այ էդ չսափրված, ծուռ բերանով կուզիկ գռեհիկը, քիչ-քիչ, քայլ առ քայլ կսկսի դառնալ արժանապտվություն, պահելաձեւ ու շնորհք ունեցող երիտասարդ: Կուզը կուղղվի, երեսը կսափրվի, խոսքն ու ծիծաղը կապիկինից նորից կդառնան հոդաբաշխ ու մարդկային, կնոջ հետ «արա»-ով խոսող ու կնոջը ծեծող չոբանին կգա փոխարինելու արժանապտվություն ու տղամարդկություն ունեցող երիտասարդը: Մոտավորապես Դարվինի տեսության բեմականացման նման մի բան:

Եվ նման վերափոխման սցենարը պետք է զարգանա դանդաղ՝ սկզբից երեւի թե պետք է լինի այնքան գռեհիկ, որքան որ ընկալելի եւ գրավիչ է սերիալային լսարանի համար այսօր, որպեսզի կլանի, եւ զարգացումները պետք է լինեն նուրբ եւ աննկատ, այնպես, որ մի քանի ամսվա թերապիայից հետո թիրախային խումբը ետ փոխվի՝ անկախ իրենից: Ու մետամորֆոզից հետո անպայման հետադարձ հայացք պետք է լինի դեպի նախկին կապիկը ու հերոսի մոտ զզվանք առաջանա նրա հանդեպ, որպեսզի թիրախային լսարանի յուրաքանչյուր անձ նաեւ իր սեփական տեսակը վերլուծելու հնարավորություն ստանա:

Երեւի թե հերոսի սիրած աղջիկը, ըստ սցենարի, պիտի սկզբից զզվի նրանից, իսկ վերափոխումից հետո սկսի սիրել… Նույնիսկ եթե դա լինի պրիմիտիվ, ոչի՛նչ: Կարեւորը՝ արդյունավետ լինի: Հանուն բարձր գաղափարների պրիմիտիվությունը ներելի է, մանավանդ որ պրիմիտիվությունն էսօրվա հեռուստաեթերի այցեքարտն է:

Ես հասկանում եմ, որ էս կարգի գաղափարն անմրցունակ ու անհետաքրքիր է թե՛ հեռուստաալիքների համար, որոնք այսպես թե այնպես իրենց անհրաժեշտ լսարանն ապահովում են եղած աղբով, թե՛ գովազդատու-հովանավորների համար, որոնց նպատակային խմբերը հենց էսօրվա տգետ ու հեշտ կառավարելի երիտասարդներն են, եւ հետեւաբար դա պետք է լինի «վերեւից» եկող պահանջ, եւ հետեւաբար այս ամենը միամիտ երազանք է:

Ի~նչ արած, նույնիսկ եթե միամիտ երազանք է, ես հույս ունեմ, որ մենք կսթափվենք, քանի դեռ շատ ուշ չէ:

***********

 – Ի՛, վա՛խ, մա՛մ, հորս արեւ, լո՞ւրջ ես ասում, – մի անգամ ավտոբուսի մեջ հեռախոսով մոր հետ խոսելիս ասաց բարակ ձայնով ու ծռած բերանով մի ուսանող:

* Նկատի ունեմ ոչ թե կոնկրետ Հայկին եւ Մկրտիչին, այլ արդեն տեսակ դարձած կերպարին, որը, ցավոք սրտի, ասոցացվում է հենց այդ հասուն տղամարդկանց հետ:

Նարինե Աղաբեկյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *