Ես շատ էի գրում հեռուստաբանավեճերի անհրաժեշտության մասին, բայց հիմա մոտ եմ իմ խոսքից հետ կանգնելուն: Որովհետեւ այն, ինչ տեսա «Արմնյուզի» եթերում, հետաքրքիր էր որպես շոու, որպես «թամաշա», բայց նախընտրական բանավեճի բոլորովին նման չէր: Այդ հաղորդման մեջ իսպառ բացակայում էր ոչ միայն քաղաքական, այլեւ որեւէ ուրիշ դիսկուրսի որեւէ նշույլ: Դա հիշեցնում էր ինձ «Ուրվագծում» Պետրոս Ղազարյանի եւ Տիգրան Կարապետիչի մի երկխոսություն, երբ վերջինս իր առաջ նպատակ էր դրել «լեզվակոխ» անել լրագրողին, եւ իր մակարդակի հեռուստադիտողի առաջ հանդես գալ որպես «դուխով տղա»:
Տվյալ` «Արմնյուզի» բանավեճում նման խնդիր ունեին թե’ Սամվել Ֆարմանյանը եւ թե’ Վլադիմիր Կարապետյանը, որոնք առանձին-առանձին բավականին համակրելի երիտասարդներ են, բայց եթերում ձգտում էին իրենց թիմերին ու «շեֆերին» ապացուցել, որ դիմացինի ոչ մի բառ, ոչ մի ռեպլիկ անպատասխան չեն թողել: Արդյունքում նրանք գրեթե ամբողջ հաղորդման ընթացքում միաժամանակ բղավում էին: Ընդ որում, Վլադիմիրը Սամվելին մեղադրում էր պատեհապաշտության` ՕԵԿ-ից ՀՀԿ անցնելու մեջ, իսկ Սամվելը Վովային` 3 հարկանի տուն կառուցելու: Իրենց այդ «լեյթմոտիվները», որոնք, իմ կարծիքով՝ քաղաքականության հետ բացարձակապես կապ չունեն, ՀԱԿ-ականն ու ՀՀԿ-ականը կրկնեցին մի քանի տասնյակ անգամ:
Ի՞նչ պիտի աներ բանավեճը վարող Արտակ Ալեքսանյանը: Բնականաբար, այն, ինչ անում էր` փորձել հանգստացնել տղաներին եւ մղել նրանց առավել կառուցողական հուն, այսինքն՝ խոսել եթե ոչ ամբողջ երկրի, ապա գոնե Նոր Նորքի (որտեղ երկուսն էլ առաջադրվել էին մեծամասնականով) բնակիչների առաջ ծառացած խնդիրների եւ դրանց լուծման եղանակների մասին: Արտակի հորդորներից գրեթե ոչ մի բան չստացվեց, ինչից, օրինակ, ես որպես քաղաքացի, երզրակացրեցի, որ իմ խնդիրները պատգամավորության այդ թեկնածուներին ամենեւին չեն հուզում:
Բանավեճի ընթացքում լրագրողը ֆիզիկապես չի կարող սանձել երկու «աքլորներին»: Ամեն ինչ պետք է անել բանավեճից առաջ.
ա. հստակ որոշել հանդիպման թեման,
բ. սահմանել խաղի որոշակի կանոններ, որոնք չկատարելու դեպքում զրկել բանախոսին ձայնից,
գ. լրագրողը պետք է իր ձեռքին ուենենա պուլտ, որով կանջատի «օրինախախտ» բանավիճողի ձայնը:
Հակառակ դեպքում, ինչպես ծանոթներիցս մեկն ասաց, երկու կողմերի համար էլ ստացվում է խաղ ոչ թե զրոյական, այլ «մինուսային» արդյունքով:
Արամ Աբրահամյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: