Անցած անգամ, սկսելով խոսել մեր հեռուստասերիալների հետ կապված խնդիրների մասին, ընդամենը անդրադարձանք էդ սերիալներին մեր որոշ լրագրողների վերաբերմունքին, եւ հիմա, սերիալների թեման շարունակելով, կփորձենք անդրադառնալ բնակչության մյուս խավերի վերաբերմունքին, ինչպես նաեւ մեր հեռուստասերիալների հետ կապված խնդիրներին:
Ես համարում եմ, որ սերիալների հետ կապված խնդիրների մասին խոսելու իրավունք ունեմ ավելի քան որեւէ մեկը, ոչ միայն էն պատճառով, որ ինքս արդեն յոթ տարուց ավելի է «Առավոտ» թերթում գրական սերիալ եմ գրում, եւ ոչ էլ էն պատճառով, որ մի քանի անգամ հեռուստասերիալ գրելու պատվեր եմ ստացել ու ձախողվել եմ, այլեւ ու հիմնականում էն պառճառով, որ դեռեւս անցյալ դարի վերջերին շուրջ երկու տարի Սերգուշ Բաբայանի, Տավրոս Դաշտենցի ու Մնացականյան Լալայի հետ զբաղվեցի բրազիլական ու կոլումբիական սերիալների թարգմանության եւ կրկնօրինակման գործով:
Եվ էդ գործի հետ կապված` գրեթե ծայրեծայր նայել եմ «Սուրճ կնոջ բուրմունքովն» ու «Բլանկոյի այրին» եւ մի քանի այլ սերիալներ. նախ՝ դրանց աշխատանքային ռուսերեն տարբերակները, հետո նաեւ մեր թարգմանած վերջնական տարբերակը արդեն տանը հեռուստացույցով:
Եվ կարող եմ ձեզ հավաստիացնել, որ էդ սերիալները ժողովրդի զգալի մասը նայում էր. տնային տնտեսուհիները` առաջին հերթին, եւ ընդհանրապես` բրազիլական, կոլումբիական, արգենտինական եւ արտասահմանյան սերիալների հիմնական ու բուն իմաստը հենց տնային տնտեսուհիներին զբաղեցնելն է:
Եվ Սերգուշի, Լալայի, Տավրոսի ու իմ էդ բազմասերիանոց չարչարանքների արդյունքը հիմնականում տնային տնտեսուհիներն էին ըմբոշխնում, եւ էդ տարիներին ուսուցչուհի մայրս, թոշակի անցնելով եւ իսկական տնային տնտեսուհի դառնալով, մեր շենքի հարեւանության մեջ բացարձակ հեղինակություն էր դարձել, որովհետեւ մայրս, ինձնից էդ սերիալների հետագա բովանդակությունն իմանալով, նաեւ մեր շենքի բնակիչներին էր իրազեկում, եւ մեր շենքի բնակչությունն ու հատկապես տնային տնտեսուհիները, ի տարբերություն այլ շենքերի տնային տնտեսուհիների, նախապես էին տեղեկանում Գավիոտայի, Բլանկոյի այրու եւ ուրիշների պստիկ ու մեծ տառապանքներին եւ ուրախություններին` նախքան Հ1-ի ցույց տալը:
Եւ, ինչպես միշտ, էդ տարիներին էլ էր ընդդիմությունը հանրահավաքներ անում, եւ նոր հազարամյակի առաջին տարիների էդ նոր ընդդիմության խելքն էնքան շատ էր, որ հանրահավաքները նշանակվում էին երեկոյան վեցին` նույն ժամին, երբ Գավիոտան կամ Բլանկոյի այրի Ալիսիան սկսում էին տոչորվել իրենց ճակատագրի ճիրաններում: Այսինքն՝ մեր ընդդիմադիրները, կյանքից առավելագույնս կտրված լինելով, չէին հասկանում, որ երեկոյան վեցին մեր ազգաբնակչության եւ մանավանդ տնային տնտեսուհիների գերակշիռ մասը գամվում է հեռուստացույցներին, եւ հիմնականում էդ էր պատճառը, որ էդ թվերի հանրահավաքները սակավամարդ էին:
Այսինքն՝ բրազիլական, կոլումբիական եւ նմանատիպ սերիալների հիմնական սպառողները տնային տնտեսուհիներն են, եւ կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանում է էդպես. ավելին՝ ենթադրում եմ, որ էդ սերիալները հիմնականում հենց տնային տնտեսուհիների ու թոշակառու ծերերի համար են նկարահանում, որպեսզի ծերերը պարապությունից չձանձրանան, իսկ տնային տնտեսուհիներն էլ խոհանոցներում ճաշ եփելն ու խոհանոցային ամենօրյա զբաղմունքները սերիալային սենթիմենտներով համեմեն:
Եվ էսպես մտածելով` հիմա սկսում եմ մտածել ու ենթադրել, որ մեր հայկական քրեական ու կիսաքրեական սերիալներն ավելի շատ երիտասարդությանն են կյանքից ու գործից կտրում, իսկ թոշակառուններն ու տնային տնտեսուհիներն առաջվա պես բրազիլականներին ու արտասահմանյաններին են կպած, որովհետեւ բրազիլականներն ու արտասահմանյաններն իրենց մեջ ավելի քիչ սթրեսային իրավիճակներ են պարունակում, քան մեր էս հայրենականները:
Մեր հայրենականներն իրենց մեջ ավելի շատ քրեական ու գողական իրավիճակներ են պարունակում, քան բրազիլականներն ու արտասահմանյանները, եւ սա նշանակում է նաեւ, որ մեր նոր սերունդն անհամեմատ ավելի է քրեականացված, քան մեր թոշակառուներն ու տնային տնտեսուհիները, եւ դա է պատճառը, որ մեր հայրենական սերիալների ժարգոնը մեր երիտասարդներին ավելի հոգեհարազատ է, քան մեր թոշակառուներին ու տնային տնտեսուհիներին:
Այստեղից եզրակացություն. եթե բրազիլական ու նմանատիպ սերիալների հիմնական նպատակը թոշակառուներին ու տնային տնտեսուհիներին զբաղեցնելն է, մեր հայրենականների նպատակը դեռեւս որեւէ մեկին հասկանալի չէ. համենայն դեպս, մեր հայրենական սերիալների արարիչներից ու արտադրիչներից որեւէ մեկն իրենց նպատակը դեռեւս չի հրապարակել ու ներկայացրել, եւ, ըստ ամենայնի, էդպիսի նպատակ գոյություն չունի:
Եվ եթե ենթադրելով հայտարարենք, թե մեր սերիալների նպատակը մեր հեռուստադիտողներին ու մատաղ սերնդին քրեականացնելն է, միանգամայն անպատասխանատու հայտարարություն արած կլինենք, եւ եթե ենթադրելով հայտարարենք, թե մեր սերիալչիների նպատակը մեր լեզուն փչացնելն է, նմանապես անպատասխանատու հայտարարություն արած կլինենք:
Այլ հարց է, որ մեր սերիալները միանգամայն նպաստում են մեր սերիալադիտողների քրեականացմանն ու մեր լեզվի փչացմանը: Բայց դա միանգամայն այլ խոսակցության թեմա է: Այսինքն՝ մեր սկսած էս խոսակցությունը շարունակություն ունի:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: