Հայկական հեռուստատեսությունը շատ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել. այն ճոճվում է ինչպես հնդիկների թեթեւ նավակ կանոյեն է տարուբերվում արագահոս գետի ջրերում: Սակայն մի տարբերությամբ. կանոյեում նստած են ոչ թե կիսամերկ ու բարալիկ հնդիկները, այլ երկաթակուռ զենք ու զրահով զինված հաստափոր ծանրքաշայինները: Ու նավակն էլ հանձնվել է բախտի քմահաճույքին (կարող է շուռ գալ, բայց կարող է եւ դիմանալ):
Թեթեւ ու չպարտադրող կանոյե-եթերը սովորաբար լցված է գեղեցիկ լուրերով, ցուցադրական նվաճումներով, գլամուրային անձանցով, որոնք
չեն ծանրաբեռնում փայտե նավակն ու թույլ են տալիս հաջողությամբ շրջանցել դժվար անցանելի խութերը (սոցիալական, տնտեսական, մշակութային, քաղաքական հարցադրումները): Անգամ սերիալային արտադրանքն է թեթեւ ու կայուն սլացքի իմիտացիա ստեղծում, քանի որ սերիալներում հայտնվող կենսական ու մտավոր շատ ցածր մակարդակ, քրեական թիկունք ու օլիգոֆրեններին հատուկ բառապաշար ունեցող հերոսները օգնում են հանդիսատեսին դասական կատարսիս վերապրել: Այսինքն՝ տեսնել, հուզվել ու երջանկանալ, որ սերիալային իրականությունը իրենց հետ բացարձակ կապ չունի:
Երբ այս պարզ, խաղաղ եթերային քաղաքականության մեջ ներբեռնվեց խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավը, միանգամից ընդգծվեց մեր հեռուստատեսության թաքնված հմայքը (այն իրոք հմայիչ է, քանի որ դրդում է մարդուն հավատալ, որ էկրանին կատարվածը իր կյանքից ու իր կամքից անջատ է):
Անփորձ ու միամիտ հանդիսատեսը (օրինակ, երկար ժամանակ Ռուսաստանում ապրած եւ հատուկ ընտրությունների համար հայրենիք ժամանած հայաստանցի շինարարը, երկքաղաքացիություն ունեցող կանադահայ ուսանողը) կարող է զարմանալ, թե որտեղ է ավարտվում սերիալն ու որտեղ է սկսվում քարոզարշավը, քանի որ երկու դեպքում էլ սերտորեն իրար են միահյուսվել դերեր կատարելու ունակ մարդիկ, նրանց կատարածը բեմադրողներն ու նրանց կերպարների համապատասխան ձեւավորում անողները:
Իհարկե, քարոզարշավը բեմադրություն է, ոչ ոք դրա հետ չի վիճում (ով ինչպես կարող է, այնպես էլ բեմադրում է), սակայն հմայքը նրանում է, որ եւ սերիալների, եւ քարոզարշավի բեմադրողները հիմնականում աշխատում են մելոդրամայի ժանրում: Չնչին տարբերություններ կան. սերիալները որդեգրել են կոպիտ նատուռալիզմը («Արա, հեսա կտամ, բերանդ կջարդեմ, չգիտե՞ս՝ ով ա քո հետ խոսում»), իսկ քաղաքական քարոզչության դերակատարները խոսում են բարոյախրատական տեքստերով՝ կիրառելով առավել մտերմիկ ու նվիրական ինտոնացիան («Ձեզ հետ կիսում ենք զրկանքներն ու հոգսերը, քանի որ գալիս ենք ծառայելու ազգանվեր գործին»):
Երբ արագ-արագ փոխում ես ալիքներն ու այս կամ այն հեռուստաարտադրանքի դրվագները «որսում», իրոք դժվար է հասկանալ, թե ովքեր են խոսում (դերասանները՞ թե՞ քաղաքական գործիչները): Մի տեղ լաց են լինում, մի տեղ գոռում են, մեկ ուրիշ տեղ էլ՝ լաց լինելով են գոռում կամ հուզառատ հուշում, որ գալիս են փոփոխությունները: Սարերը, անձրեւները, քամիներն ու հողմերը ծառայեցվում են քարոզարշավին նույնքան անխնա, որքան սերիալային իրականության մեջ են օգտագործվում եվրոբազմոցներն ու եվրոռեմոնտ արած բնակարանները: Երկուսն էլ կյանք չեն, բայց հավակնում են լինել կյանք: Սերիալը ցուցադրում է մոլորված, կյանքի հատակում հայտնված անառակ զավակներին, իսկ քարոզարշավը ՝ ազգի առաքինի ու ընտրյալ զավակներին: Մարդիկ չկան, միայն դիմակներ են, որոնք վերուվար են անում հեռուստացանցում: Եվ կամա թե ակամա հանդիսատեսի մոտ տպավորություն է ստեղծվում, որ քարոզչական սերիալը քրեական սերիալների շարունակությունն է: Նույն հնարքներն ու հնչերանգներն են ու բախմանը պատրաստ լինելու մշտական ցուցադրումը:
Այսքան կեղծ էմոցիա ու այսքան շինծու դեկորացիա մեր եթերը վաղուց չէր տեսել: Կանոյեն դժվարությամբ է մանեւրում, բայց կանգնել այլեւս չի կարող: Դա սովորաբար տեղի է ունենում այն իրավիճակներում, երբ տարբեր ալիքների նավապետները ենթարկվում ու հնազանդվում են մեկ այլ՝ ռանգով ավելի բարձր նավապետի: Ու ամեն ինչ ներկայացնում են մեկ ժանրում ու մեկ կենտրոնի թելադրանքով:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: