2012.04.23,

Քննադատ

Քարոզի հնացած ձեւեր

Կիրակի օրը վերջապես նայեցի Հ1-ով ցուցադրվող 9 կուսակցությունների նախընտրական քարոզչական նյութերի շարքը: Առաջինը, որ աչքի է ընկնում, կոալիցիայի երեք կուսակցությունների սյուժեների կառուցվածքի միանմանությունն է: Ցույց են տրվում քարոզչական տարբեր հանդիպումներ, տակը լուսագրով գրվում է մարզի կամ բնակավայրի անունը, հնչում է ոգեւորիչ երաժշտություն, եւ այդ ամենն ընդհատվում է ելույթների մեջբերումներով:

«Բարգավաճի» մոտ լուծումն ավելի «կլիպային» է` զուգակցված «ռապիդով» (դանդաղեցրած կադրերով): ՀՀԿ-ն ավելի շատ է ներկայացնում ոչ միայն իր առաջնորդի, այլեւ հասարակ քաղաքացիների եւ թիմի մյուս անդամների խոսքը: Վերջին դեպքում կիրառվում է քիչ թե շատ «թարմ» էֆեկտ` գունավոր միջին պլանը եւ խոշոր սեւ-սպիտակը: «Կոալիցիոն» տեսահոլովակներում հանդիպում է նաեւ առաջնորդին աղուհացով դիմավորելը, ինչպես նաեւ ոտքերի տակ գառ մորթելը. դրանից գալիս է առնվազն բրեժնեւյան լճացման, իսկ երբեմն նաեւ վաղ հեթանոսության հոտը:

Սկզբունքորեն նույն տրամաբանությամբ է քարոզում ընդդիմությունը: Դաշնակցական պատգամավորները ելույթ են ունենում ԱԺ ամբիոնից, պատմում են, թե որքան վատ է ապրում ժողովուրդը, եւ այդ ակնհայտ ճշմարտությունները մոնտաժվում են հանրապետականների կադրերի հետ. «ահա տեսեք, թե ում պատճառով եք դուք վատ ապրում»: «Ժառանգությունը» ներկայացված է կլիպով, որտեղ գլխավոր դերում Րաֆֆի Հովհաննիսյանն է (չնայած, ընդհանուր առմամբ, անձի պաշտամունքն այդ կուսակցությանը հատուկ չէ), իսկ «back vocal»-ով հանդես են գալիս Ռուբեն Հախվեդյանն ու «Ձախ Հարութը»: Կոնգրեսն էլ ներկայացրել էր հատված հանրահավաքից, որտեղ առաջին նախագահը շատ ճիշտ նկատառումներ է հայտնում այն մասին, որ բոլոր երկրներում իշխանությունը պետք է փոփոխելի լինի: Միայն թե պարզ չէ, թե ինչու իրենք 95-96 թվականներին չցանկացան «փոփոխվել»:

Արդյոք քաղաքական գովազդի այս հնացած ձեւերն իրենց ազդեցությունը թողնո՞ւմ են ընտրողների վրա: Հավանաբար այո. «Բա տեսա՞ր ժողովուրդը նրան ոնց է ընդունում»: Բայց 20 տարի շարունակ կիրառվող այս մոտեցումներին զուգահեռ արժեր մտածել ավելի նոր, ավելի ժամանակակից եւ, ամենակարեւորը, ավելի հեռուստատեսային ձեւերի մասին, որոնք են իմ կարծիքով՝ թոք-շոուները, բանավեճերը: Բայց առաջին հերթին դրան պետք է պատրաստ լինեն քաղաքական ուժերը, իսկ երկրորդ հերթին՝ մենք`լրագրողներս:

Արամ Աբրահամյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *