2012.04.21,

Քննադատ

Ուղիղ եթերը՝ հանրահավաքի ֆորմատով

Երբ Ա1+-ը համացանցում ուղիղ եթերով լուսաբանում է այս կամ այն քաղաքական կամ հասարակական իրադարձությունը, հեռուստաընկերությունների լրագրողներն ափսոսանք են հայտնում՝ ձեր կանալը խփում ա մեր գործին։ Ամբողջ աշխարհում ուղիղ եթերը կամ հրատապ խնդիր է առաջ քաշում, կամ սենսացիա է ներկայացնում, կամ՝ սուր բանավեճ։ Նույնիսկ երգիծական ծրագրերն օգտագործում են ուղիղ եթերում քաղաքական կամ հասարակական որեւէ գործչի ծաղրելու կամ բացահայտելու համար։ Մարզական կամ երաժշտական բնույթի ուղիղ եթերները այս հրապարակման մեջ քննարկման թեմա չեն, դրանք իրենց ասելիքից ավելի կոմերցիոն նպատակներ ունեն։ Մեր թեման հայկական եթերի նախընտրական բնույթն է։

Ենթադրվում է, որ եթե հեռուստաընկերությունն ուզում է, որ իրեն «մարդատեղ» դնեն, գոնե պետք է բանավեճեր կազմակերպի։ Բանավեճը հեռուստաընկերության արդարացումն է նախընտրական իրադարձությունների մեջ ներքաշվելու։ Նախընտրական բանավեճի մեջ ամեն ինչ կարող է լինել՝ սենսացիա, սուր բանավեճ, հրատապ թեմա, ներառյալ, լվացքի փոշու գովազդային տեսահոլովակ։ Հայկական հեռուստաեթերը, դեռ նախորդ հրապարակման մեջ նկատել էինք, նախընտրական կրակը «թեժ» է պահում մոնիտորինգ կոչվածի զսպող հայացքի ներքո։ Մենք ականատես ենք քաղաքական հարցազրույցների՝ «Ուրվագիծ», «Բանաձեւ», «Հ1-Հարցազրույց»։ «Ուրվագծի» դեպքում այնքան էլ վստահ չեմ, որ ուղիղ է, բայց հակառակը պնդելու փաստ չունեմ գոնե նախընտրական շրջանի եթերների մասով։ Չէի ասի, թե հիշյալ երեք հաղորդումները, որոնք բացառապես հարցազրույցների ֆորմատի մեջ են, քարոզարշավի շրջանում վատ են ստացվում։ Սուր են հատկապես «Բանաձեւը» եւ «Ուրվագիծը»։ Բայց նրանց տրամաբանությունը, այնուամենայնիվ, հաղորդման հյուրի համար արդարացման դաշտ բացելն է։

Գործարար թեկնածու Ռուբեն Հայրապետյանը «Բանաձեւին» հյուրընկալելով՝ հայտարարում է, որ «Նիկոլ Փաշինյանի հետ չի բանավիճի»։ Բայց «Բանաձեւն» ինքն է հասունացրել այդ ֆորմատը, թեպետ Նիկոլն ի սկզբանէ պնդում էր Սամվել Ալեքսանյանի հետ բանավեճը, մինչեւ որ հրավեր ստացավ Ռուբեն Հայրապետյանից։ Ամբողջ ուղիղ եթերը փլուզվում է այս մեկ նախադասությամբ։

Ավելի խայտաբղետ են Պետրոս Ղազարյանի եւ Նվեր Մնացականյանի հյուրերը, նրանք նույնպես քաղաքական դաշտի ամբողջ ներկապնակն են ընդգրկում։ Բայց հարաբերությունն ընտրողի հետ չէ։  Ընտրողը նախընտրական հեռուստաթոհուբոհում սովորաբար դառնում է ուղղակի ներկա, քանի որ ընտրարշավի մեջ ներգրավված մարդկանց աչքի ընկնելու ջանքը ուղղված է ոչ թե սոսկ հեռուստադիտողին, այլ՝ ընտրողին։ Նշանակում է՝ եթերը թոք-շոու է ուզում։ «Արմնյուսը» պիտի որ ունենար այդպիսի ֆորմատ, նրա լսարանը պատրաստ է այդպիսի ֆորմատին. նախ այն պատճառով, որ «Արմնյուսի» «խաղադրույքն» արված է քաղաքացիական հասարակության վրա։ Նշանակում է, գոնե ընտրությունների ժամանակ լինի այնպիսի հաղորդում, որտեղ բոլոր կողմերը մի հաղորդման ընթացքում կնայեն միմյանց աչքերի մեջ եւ կասեն, թե ինչպես են պատկերացնում, ասենք, ընտրակեղծիքների դեմ պայքարը, ինչն է ընտրակաշառք, ինչը՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանից առանձին Ռուբեն Հայրապետյանը, վերջինից առանձին Նիկոլ Փաշինյանը եւ այս երկուսից առանձին լսարանը, որն ի դեպ եթերից բացակայող հիմնական խավն է տարվա բոլոր օրերին, առավել համոզիչ չեն դարձնում օրինական ընտրությունների անխուսափելիությունը։ Երեք հաղորդումների ֆորմատն իրականում միտինգի ֆորմատ է, երբ ելույթ ունեցողն ասում է այն ամենը, ինչ ուզում է ասել, ու հեռանում է։

Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչու՞ երկրի ղեկավարը 4 տարի շարունակ չի հանդիպում լրագրողներին ոչ միայն ուղիղ եթերում, այլեւ որեւէ մարզ կամ արտադրամաս այցելելիս։ Ի՞նչ անուն կարելի է տալ դրան։ Ինչու՞ տարին մեկ նման փորձ չի արվում՝ խոսել լրագրողների հետ։ Նույնիսկ մամուլի քարտուղարը չի հանդիպում։ Որովհետեւ նրանից հասարակությանն են հասնում սոսկ կարգախոսներ։ Ոչ ոք չգիտի իրականության նրա ընկալումը։ Մարդը գնում է հանրահավաքների ու կոչ անում ձայնը տալ Սամվել Ալեքսանյանին կամ Սեյրան Սարոյանին։ Հայաստանում չկա մի լրագրող, որին լիազորեն հատուկ հեռուստադիտողի կամ ընթերցողի համար հարցնել՝ ինչու՞ հենց նրանց։ Չի պատասխանելու ոչ թե որովհետեւ պատասխան չունի, այլ որ՝ անկեղծ է իր ուզածի մեջ, բայց ոչ ընտրողի հետ: Նույնիսկ հանրահավաքում Սերժ Սարգսյանը «ուղիղ եթեր» չի շփվում իր ընտրողի հետ: Նա անկեղծ չէ: Իր ընտրողը իր «լրագրողն» է, որի անկեղծությունից, որի հետ առերեսումից նա վախենում է: Անկեղծությունը ուղիղ եթերի թթվածինն է։ Ուղիղ եթերը հեռուստադիտողի եւ հեռուստահյուրի փոխադարձ զգացողությունն է, երբ հարաբերությունները «շպարված» չեն մոնտաժով եւ ոչ ոք ռոբոտ չէ:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *