Մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Ապրիլի 8-ից մայիսի 4-ը նախընտրական քարոզչության ժամանակն է։ Պարզ է, որ լրատվամիջոցների համար գումար աշխատելու փայլուն հնարավորություն է բացվում: Սակայն գուցե այս անգամ լրատվամիջոցները կաշխատե՞ն կուրորեն չարձանագրել թեկնածուների ցանկացած ելույթը, որը հետապնդում է ուրիշի վրա ցեխ նետելու եւ այլ թեկնածուին սեւացնելու նպատակ:
Հիշենք 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավը: Օրինակ՝ թեկնածուներից մեկը ամեն հարմար առիթի դեպքում հիշատակում էր իր «Արարման ծրագիրը» եւ զուգահեռաբար անխնա քննադատում էր մեկ այլ թեկնածուի։
Նույն ընտրություններում «մութ եւ ցուրտ տարիներ» կատեգորիան անգամ հեռուստասերիալներ էր հասել։ Օրինակ՝ «Վերվարածների» մեջ ինչ-որ մի սփյուռքահայ ասում էր. «15 տարի առաջ շատ վատ էր, հիմա շատ լավ է, շենքեր են սարքում, լուսավոր է»։ Քննադատական մտածողություն ունեցողների մոտ այս ամենը հակառակ էֆեկտ էր տալիս, քանի որ մտածում են՝ իրենց ուղեղներն ուզում են լվանալ։ Ամեն ինչ արվում էր շատ կոշտ, պրիմիտիվ եղանակով։
Վերհիշենք նաեւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները: Քարոզարշավի ընթացքում «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար եւ հետագայում վարչապետ Սերժ Սարգսյանի ընտանիքը պատվիրել է ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի սպանությունը: Սակայն Գեղամյանի սեւ PR բնույթ կրող տեղեկատվությունը չհաստատվեց: Մի ուրիշ արտահոսքի օրինակ մամուլում` անհայտ մեկի թեթեւ ձեռքով ֆրանսիական մամուլում հայտնվեց հրապարակում, որի համաձայն՝ Հանրապետական կուսակցության անդամներ, նախարարները Մոնտե-Կառլոյում խոշոր գումար են տանուլ տվել: Հակաքարոզչություն կիրառվեց նաեւ Գագիկ Ծառուկյանի «օգտին»։ Ընդ որում՝ սկանդալը տարածվեց ԲՀԿ առաջնորդի մոր՝ Ռոզա Ծառուկյանի շուրթերով: Թերթերից մեկում հարցազրույց հրապարակվեց տիկին Ռոզայի խոսքերը, թե «շատ էլ լավ ենք անում, որ չենք վճարում հարկերը, վճարենք, որ իրենք Մոնտե-Կառլոյում դրանց վրա խաղան»:
Սեւ PR-ի իսկական գլուխգործոց կարելի է անվանել 2007 թվականի ապրիլի 21-ի հրապարակումը «Գոլոս Արմենիի» թերթում, որտեղ տեղեկացվում էր այն ժամանակ ընդդիմադիր «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի եւ բարձաստիճան բրիտանացի դիվանագետի հադիպման մասին, որի ընթացքում ՕԵԿ-ի նախագահն «համոզում էր» դիվանագետին բացասական գնահատական տալ Հայաստանում տեղի ունեցող նախընտրական գործընթացներին: Բանավեճին խառնվեց նույնիսկ այն ժամանակվա նախագահ Քոչարյանը, որը Բաղդասարյանին «դավաճան» անվանեց: Ի պատասխան այդ մեղադրանքի՝ Բաղդասարյանը հայտարարեց, որ «դավաճանները նրանք են, ովքեր կեղծում են ընտրությունները եւ խայտառակում երկիրը»:
Կարեւոր է, թե լրատվամիջոցները սեւ PR- տեխնոլոգիաներ կոչվող այդ երեւույթը տարբերեն իրական լրատվությունից եւ հնարավորինս պահպանեն չեզոքություն, ապահովեն քաղաքական բազմակարծություն:
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: