2012.04.04,

Քննադատ

Մամուլի հեռուստաչտեսություն

Հայաստանում երկու հեռուստաընկերություն է անդրադառնում հայաստանյան մամուլի հրապարակումներին՝ «Արմնույզը» եւ «Կենտրոնը»: Երկուսն էլ ձեւի մեջ ունեն ճիշտ եւ սխալ լուծումներ, բովանդակության մեջ՝ բացառապես սխալ: Արմնյուզը թերթերն ընթերցում է առավոտյան 10-ին: Ես չգիտեմ, թե ովքեր են այդ ժամի ունկնդիրները, բայց հաստատ ավելի լավ ժամ է, քան՝ երեկոն, ժամանակ, երբ մամուլի տեսությամբ էր «աչքի ընկնում» «Ար» հեռուստաընկերությունը: Հիմա «Ար»-ով նման բան կարծես թե չկա:

«Արմնյուզի» մեջբերումները կարճ են, ըստ էության, նյութն ամբողջությամբ չեն պատմում, ընտրված նյութի վրա արվող շեշտադրումները վատը չեն: Ամբողջը տեւում է առավելագույնը 3-4 րոպե: Բայց, օրինակ, մեջբերվող նյութի արտապատկերը չկա: Մեջբերվող թերթի առաջին էջն է, որտեղ հաճախ ավելի հետաքրքիր նյութեր են լինում, քան՝ մեջբերվող տեղեկությունը: «Կենտրոնի» «Ի՞նչ են գրում թերթերը» հաղորդումը ճիշտ է միայն մեջբերումների արտապատկերման դեպքում: Մնացածն, այն, ինչ անում է այդ հաղորդումը, ամենագրական հայերենով հնչում է իբրեւ «գրդոն»: Ընդ որում եւ տեխնիկական եւ բովանդակային իմաստով:

Մարտի 31-ի թողարկումը հեռուստատեսային որեւէ չափանիշից դուրս էր (սա նրանց վերջին թողարկումն էր, իմ տեղեկություններով հաղորդումը «վերակազմակերպվում» է եւ եթեր դուրս կգա հաջորդ երեքշաբթի օրը): Հաղորդումը վարողը մարտի 31-ի մամուլից առանձնացրել էր «Ազգը» (3 հրապարակում), «168 ժամը» եւ «Հայոց աշխարհը»: Պետք է մեջբերեմ միայն վերնագրերը, ասենք, «Ազգի» հրապարակումներից՝ «Ֆրանսիան մանդատն ուրիշին փոխանցելու հարց չի բերել օրակարգ», կամ «Միկրոավտոբուսների թիվը կկրճատվի»:

Մահացու էր թողարկման վերջում «Ազգի» նույն համարից արված անոնսը՝ Գերմանիայի Կիլ քաղաքում Արթուր Աբրահամն իր տիտղոսի պաշտպանությունը կիրականացնի մենամարտելով լեհ բռնցքամարտիկի հետ: Վարողը վերջում հաղթանակ է մաղթում Աբրահամին: Եվ այս ամենը երեքշաբթիից շաբաթ օրը ժամը 12.30-ին: Ընթերցողների մեծ մասն առնվազն «աչքի պոչով» է նայել վերոնշյալ լուրերը, դրանից բացի, նրանց մի ստվար հատվածն արդեն կարդացել վերջացրել է մամուլի իրեն հետաքրքրող հրապարակումները: Ես դեռ չեմ ասում, թե այդ օրն ինչ աղմկահարույց նյութեր է տպագրել, ասենք «168 ժամը», որից թողարկումը մեջբերել էր սպառողական գների ինդեքսի մասին հրապարակումը: Դիցուք, «3 միլիոն ընկեր» վերնագրի ներքո «168 ժամը» հրապարակել էր գլխավոր դատախազի հասցեին ուղղված կոռուպցիոն մեղադրանքները: «Հայկական ժամանակը» տպագրել էր հարցազրույց «Ջավախք» հ/մ նախագահի հետ եւ պարզել, թե ինչպես է 101 հոգի ջավախքցի Երեւանում գրանցվել մեկ հասցեում: Մարդիկ սենսացիոն բացահայտում են արել:

«Արմնյուզը» ապրիլի 3-ի մամուլի տեսության մեջ ընդգրկել էր «Երկիր» (Իրանում շատերը չգիտեն Հայոց ցեղասպանության մասին), «Հայոց աշխարհ» (Խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 8 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք), «Ժողովուրդ» (Ծեծկռտուք Տավուշի մարզում, գյուղապետի 3 որդիները մասնակից են դրան), «Ժամանակ» (Լենինգրադի մարզում հայ է սպանվել) եւ «Ազգ» (Ստեփանակերտի օդանավակայանում տեխնիկական վերազինման վերջին աշխատանքներն են ընթանում) թերթերին: 233

Մինչեւ կանցնեմ ընդհանրացմանը, մեկ հարց՝ նախընտրական այս թեժ շրջանում ովքե՞ր են վերոնշյալ տեղեկությունների սպառողները: Կարելի է գտնել ոմանց, դա խնդիր չէ, բայց հեռուստատեսությունը «ոմանց» համար չէ: Փոխարենը «Երկիրն», օրինակ, տպավորիչ հարցազրույց էր հրապարակել ԱԺ պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի հետ («Հաղթելու եմ, քեֆ եմ անելու, Նիկոլին էլ դնելու եմ թամադա»), «Ժողովուրդը» բացահայտել էր, որ Սերժ Սարգսյանի փեսան՝ ՀՀԿ կենտրոնական շտապի պետի տեղակալը, շտաբում անելիք չունի: «Ժամանակը» 20-րդ ընտրատարածքի մետամորֆոզներին էր անդրադարձել: Եվ շատ հաջող: «Հայոց աշխարհից» ավելի լավը չգտա, բայց դա ախր մեջբերելու բան չէ: Դա TV-ի համար տեղեկատվական մեկնակետ է: Դա ընդունում ես ի գիտություն միայն այդ օրը, երբ ԿԸՀ-ն ավարտում է գրանցումները: Դա տվյալ օրվա լուրերով ասում ես ու սկսում աշխատանքդ ըստ այդմ:

Հիմա ամենակարեւորի մասին: Ինչու՞ են հեռուստաընկերություններն անդրադառնում մամուլի հարպարակումներին: Նախ նրանք ոչ թե պարզապես անդրադառնում են, այլ մամուլը դարձնում են հեռուստատեսային ապրանք: Մեր հեռուստաընկերությունները սխալ մեջբերումներ են անում եւ դա հին ավանդույթ է, կարծեմ «Ար»-ն սկսեց այդ ավանդույթը իր հիմնականում անմեղ ու անշառ մեջբերումներով: Բնականաբար դա քննության չդիմացավ: TV-ն պետք է մեջբերի դիրքորոշում ցույց տվող հրապարակում: Տեղեկությունն անհրաժեշտ է, բայց որեւէ տեղեկության մասին մամուլն ունենում է դիրքորոշում: Առանց դիրքորոշման տեղեկությունը սոսկ լուր է, որը հեռուստաընկերության համար ուղղակի ամոթ է, որ դա վերցնում է մամուլից: Ինքը պետք է լիներ այդ լուրի առաջին տարածողը: Նորմալ երկրում մամուլը չպետք է հասցներ հեռուստաընկերության ետեւից:

Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղեկություն ես մեջբերում, դա պետք է լինի բացառիկ տեղեկություն, պետք է թերթի ամբողջ ջանքը երեւա այդ տեղեկության մեջ: Ֆրանսիական թերթերն առաջինը բացահայտեցին թուլուզյան ահաբեկչի կյանքի հետ կապված մանրամասներ եւ «Եվրոնյուզը» հաճույքով էր մեջբերում դրանք: Մեր մոտ մեջբերվող լուրերը թերթի դեմքը ցույց չեն տալիս, չի երեւում տպագիր լրատվամիջոցի ջանքը մեջբերվածում: Չէ որ հեռուստաընկերությունը չի կարող պատճառաբանել տվյալ լուրի ոչ արժանահավատ լինելը: Դա թերթի գործն է, ինքն իր ջանքի ներկայացուցիչն է: Իսկ եթե պարզվեց, որ սխալվել է եւ հերքման կարիք կա՞… Պատկերացնու՞մ եք, թե ինչ անհարմար իրավիճակում կհայտնվեք: Հետեւաբար, ճիշտն այն է, որ մեջբերվի ոչ թե փաստը, այլ փաստի հանդեպ լրատվամիջոցի դիրքորոշումը: Ընդ որում, սովորաբար, պետք է վերցվի մեկ փաստ եւ դրա հանդեպ տարբեր քաղաքական կողմնորոշումների թերթերի դիրքորոշումը պետք է երեւա:

Երկրորդ, ինչու՞ պետք է նյութը մեջբերվելիս ընդգծվի էկրանին: Որովհետեւ հեռուստադիտողը պետք է կենտրոնանա, նա ռադիո չի լսում եւ պարտավոր չէ հավատալ սոսկ իրեն մատուցվածին: Նա պետք է նաեւ կարդա: Իր էությամբ մամուլի տեսությունը հաղորդում է լսողական խնդիրներ ունեցողների համար, բայց առանց սուրդոթարգմանության: Ասու՞մ ես, որ «Իրանում շատերը չգիտեն Հայոց ցեղասպանության մասին» («Արմնյուզ», ապրիլի 3), ցույց տուր հրապարակումը, շեշտադրումներդ թող աչքի զարնեն:

Երրորդ, մամուլի տեսությունը մամուլի գովազդ չէ: Իսկ դուք գովազդ եք սարքում ամենաանհաջող տեղեկություններով: Ձեր արշինն է երեւում ձեր աշխատանքի մեջ, դուք էժանացնում եք մամուլը, որն առանց այն էլ մեծ սպառում չունի: Մի մոռացեք, որ թերթը բիզնես է: Մինչդեռ մամուլի տեսությունը նույնպիսի հաղորդում է, ինչպիսին, ասենք, «Ուրվագիծն» է, կամ «Բանաձեւը» կամ, ասենք, երջանկահիշատակ «Երջանկության մեխանիկան»: Այսինքն, մամուլի տեսության ժամանակ թերթը հեռուստաընկերության հյուրն է եւ չի կարելի այդ հյուրին անհետաքրքիր դարձնել: Թերթերը ձեր տեսության համար չեն աշխատել եւ ձեզ չեն խնդրել, որ դուք իմաստազրկեք իրենց: Թերթերն իրենց գործն են անում: Եվ հիմնականում՝ բնավ ոչ վատ: Մամուլի տեսությունը նույնպես ստեղծագործական կոլեկտիվ է ուզում, որովհետեւ դուք նրանով եք նաեւ հավակնում «լրացնել» ձեր դեմքը:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *