2012.03.22,

Քննադատ

Երջանկության մեխանիկան

Նազենի Հովհաննիսյանի «Երջանկության մեխանիկան» նայելիս միշտ Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյին եմ հիշում, ավելի ճիշտ` Տոլստոյի այն միտքը, թե բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար: Եթե ինձ մնար, ես  հակառակը կասեի. կասեի, որ երջանիկ ընտանիքները հեչ նման չեն իրար: Չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, կյանքումս երջանիկ ընտանիք տեսած չկամ: Ի տարբերություն Լեւ Նիկոլաեւիչի:

Նազենիի հյուրընկալած անթիվ ու անհամար ընտանիքները չհաշված, որովհետեւ Նազենիի հյուրընկալածները ոչ միայն պարզապես երջանիկ են, այլեւ անձամբ իրենք էլ են իրենց երջանիկ համարում, եւ այս իմաստով նրանք բոլորն էլ ունիկալ են եւ իրենց ունիկալությամբ իսկապես նման են իրար ու էս իմաստով իսկապես հաստատում են Տոլստոյի ասածը:                       

Ես միանգամայն համաձայն եմ այն մարդկանց հետ, որոնք անցյալ տարի Նազենիին ճանաչեցին լավագույն հաղորդավարուհի: Նազենին իսկապես իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի իր հաղորդումը փրկի իր իսկ հյուրերից, որովհետեւ իրենց երջանիկ հռչակած մարդիկ ամեն ինչի են ընդունակ:

Ես հիմա հեգնանքով եմ խոսում Նազենիի այս անվերջանալի հյուրերի  մասին, որովհետեւ նրանցից շատերին անձամբ եմ ճանաչում եւ ձեզ կարող եմ հավաստիացնել, որ իրենց երջանիկ հռչակած էդ մարդիկ ամենեւին էլ երջանիկ չեն: Իմ պատկերացմամբ ու իմ իմանալով, իհարկե:

Տա Աստված, որ իրենց երջանկության հարցում սխալված լինեմ, եւ  միանգամայն հնարավոր է, որ սխալվեմ, որովհետեւ երջանկության մասին իմ պատկերացումները հեչ չեն համապատասխանում իրենց  պատկերացումներին, ավելի ճիշտ`ես չեմ պատկերացնում, որ բնության  ու իրականության մեջ բացարձակ երջանիկ ընտանիքներ գոյություն ունեն, իսկ ավելի ստույգ`ես, ի տարբերություն Նազենիի հանապազօրյա  հյուրերի, դեռեւս չեմ հայտնագործել երջանկության սահմանումը եւ դեռեւս չգիտեմ, թե մեր ընտանիքներից որոնց կարելի է երջանիկ ընտանիք համարել:

Իսկ ընդհանրապես, ես ոչ միայն չգիտեմ, թե որ ընտանիքներին կարելի է երջանիկ համարել, այլեւ չգիտեմ, թե ում կարելի է երջանիկ մարդ համարել: Երջանկության մասին միակ ճշգրիտ բնորոշումը, իմ կարծիքով, տվել է Մարտիրոս Սարյանը. լրագրողի հարցին, թե ինչ է երջանկությունը, Վարպետը պատասխանել եւ ասել է. «Երջանկությունը ապրելն է»:

Այսինքն` բոլորս ենք երջանիկ: Առայժմ:  

Արմեն Շեկոյան

 Հ.Գ. Անցյալ դարի յոթանասունականների հիշարժան մի օր նստած էինք  Գրողների միության նկուղի սրճարանում, եթե հիշողությունս չի  դավաճանում, Վանո Սիրադեղյանը, Ալվարդ Պետրոսյանը, Ռոլանդ  Շառոյանն ու ես: Մեր սուրճերն էինք խմում, երբ շնչակտուր սրճարան մտավ արձակագիր Մանուկ Մնացականյանը, գրպանից հանեց ու մեր սեղանին դրեց գրոտած մի թուղթ եւ ասաց. «Ժողովուրդ ջան, ինձ պիտի փրկեք. Մոսկվան մեր ֆիլմը հաստատել ա, բայց վերջնական վերնագիր  չունենք. էս վերնագրերից մեկն ընտրեք`դնենք»:

Մանուկի թղթին մի  տասնյակի չափ վերնագրեր էին գրված, բոլորն էլ նորմալ: Վերնագրերից  մեկը ջնջված էր, բայց ջնջված վիճակում էլ կարդացվում էր` ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ  ՄԵԽԱՆԻԿԱՆ: Երբ կարծիքս հայտնեցի ու ասացի, որ մեջներից ամենահաջողն էդ ջնջվածն է, ներկաներն ու մանավանդ Մանուկը ծիծաղեցին վրաս: Մի քանի օր անց, երբ նույն տեղում հանդիպեցի Մանուկին, ասաց, որ երկար մտածելուց  հետո իմ ընտրածի  վրա են կանգ առել:

Ինչպես տեսնում եք, էս ամենի մեջ իմ մատն էլ է որոշ չափով խառը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *