Հայաստանի անկախության այս երկու տասնամյակների ընթացքում խորհրդային ժամանակների թերթերն ու ամսագրերը փորձեցին շարունակվել ու գոյատեւել, բայց հիմնականում` ապարդյուն: «Հայաստան» վերանվանված «Խորհրդային Հայաստանն» ու «Ավանգարդը» առ այսօր էլ փրկվելու ճիգեր են գործադրում, իսկ «Երեկոյան Երեւանին» նույնիսկ քաղաքապետարանի աջակցությունը չփրկեց:
Պետական աջակցության շնորհիվ մի կերպ իրենց գոյությունն են պահպանում մանկականները`«Կանչ» վերանվանված «Պիոներ կանչը», «Ծիծեռնակն» ու «Աղբյուր» վերանվանված «Պիոներ» ամսագիրը:
Մեր ասելիքն այս պահին ուզում ենք մասնավորեցնել գրական մամուլի` «Գրական թերթի», «Գարուն» ամսագրի, ինչպես նաեւ «Նորք» վերանվանված «Սովետական գրականություն» ամսագրի առնչությամբ: Այս երեքն էլ այսօրվա դրությամբ գոյատեւում են, ճիշտ է, բայց, ինչպես ասում են, վա~յ էն գոյատեւելուն:
Այս երեքն էլ, ի տարբերություն նորաստեղծ թերթերի ու ամսագրերի, բավական շահեկան վիճակում են` տարածքի համար վարձ չեն տալիս, գրողների միությունից որոշ աջակցություն են ստանում, ի դեմս գրողների` լիքը գրագետ ու էժան աշխատուժ ունեն: Այսուհանդերձ, գաղտնիք չէ, որ երեքն էլ առանձնապես ընթերցող ու տպաքանակ չունեն:
Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում լրագրողների վիճակն անհամեմատ լավ է, քան գրողներինը: Առաջին հերթին`սոցիալական իմաստով: Լրագրության համար լրագրողին աշխատավարձ են տալիս, մինչդեռ գրողն ինքն է էստեղից ու էնտեղից փող ճարում, որպեսզի իր գրքերը տպագրի:
Այսինքն` լրագրողի գործն աշխատանք ու մասնագիտություն է ընկալվում, իսկ գրողինը` ընդամենը սիրողական զբաղմունք: Որովհետեւ մեր ընթերցողն այսօր նախընտրում է թերթ կարդալ, այլ ոչ թե գիրք: Երրորդական մի պատգամավորի հետ արված հարցազրույցը նախընտրում է գրողի ստեղծագործությունից: Ոչ միայն այն պատճառով, որ մեր կյանքը չափից ավելի է քաղաքականացված, այլեւ այն պատճառով, որ մեր գրողների ստեղծագործություններում էսօրվա մեր կյանքը չկա, եւ այդ ստեղծագործությունները գրեթե չեն առնչվում ընթերցողներին հուզող խնդիրներին:
Բայց ասածս չի նշանակում, թե այդպիսի գործեր այսօր չեն գրվում: Գրվում են, բայց դրանք հիմնականում տպագրվում են օրաթերթերում («Առավոտ», «Հայկական ժամանակ», «168 ժամ», «Հրապարակ»), ինչպես նաեւ նորաստեղծ գրական պարբերականներում («Գրեթերթ», «Ինքնագիր», Գրանիշ» եւ այլն), որոնց պարբերական անվանելն էլ ճիշտ չի, որովհետեւ դրանց հրատարակության պարբերականությունն ավելի քան կամայական է:
Ինչ վերաբերում է գրական նախկիններին («Գրական թերթ», «Գարուն», «Նորք»), դրանց պարբերականությունը պահպանվել է, սակայն չեն պահպանվել դրանց որակն ու մակարդակը, ինչպես նաեւ տպաքանակը:
Արդեն երկու տասնամյակ է`քաղաքականությունը մեր ուշադրությունը շեղում է արվեստից ու գրականությունից: Վաղուց ժամանակն է, որ գրականությունն ու արվեստը մեր ուշադրությունը շեղեն քաղաքականությունից:
Արմեն Շեկոյան
Հ.Գ. Այս նյութը գրելիս իմացա, որ «Գրական թերթը», ի դեմս Կարինե Խոդիկյանի, միանգամայն նոր ու թարմ խմբագիր ունի: Սպասենք եւ հուսանք:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: