Հեռուստատեսային վարկանիշները շատ հետաքրքիր տիրույթ են տարբեր հետազոտությունների համար: Նաեւ այնպիսի հետազոտությեունների, որոնք ուղիղ կապ չունեն ցուցադրվող հեռուստաապրանքի կամ գովազդային շուկայի հետ, այլ առնչվում են զուտ մարդկային գործոնի հետ: Ինքներս մեզ ու մեր միջավայրը հասկանալու համար ավելի լավ չափորոշիչ, քան հեռուստատեսային ռեյտինգն է, դժվար է գտնել, քանի որ այսպես թե այնպես բոլորս էլ առնչվում ենք հեռուսացույցի հետ (առնվազն, երբեմն միացնում ենք այն որպես ֆոն, իսկ որոշ դեպքերում՝ ողջ օրը գամվում էկրանին):
Եվ ի տարբերություն տարաբնույթ սոցհարցումների՝ հեռուստաչափումները կախված չեն պատվիրատուի քմահաճույքից: Ռեյտինգը փաստ է, գեղեցիկ ու անբեկանելի վիճակագրություն, որը նույնիսկ անկախ մեր կամքից՝ մեր դիմանկարն է պատկերում:
Հայաստանում հեռուստաչափումները անկցակցվում են peoplemetre-ի՝ «մարդաչափ» սարքի միջոցով (նույն մոդելով են աշխատում երկու ընկերությունները՝ «Nielsen»-ը եւ «Telemediacontrol»-ը) ու ենթադրելի է, որ չափումները իրարից չպիտի տարբերվեն: Համենայնդեպս, սարքի տեղադրման ու ստացվող տվյալների վերծանման մեխանիզմները նույնն են ողջ աշխարհում եւ թույլ են տալիս ուսումնասիրել լսարանի տարբեր շերտերի նախասիրությունները՝ հաշվի առնելով մարդկանց սեռը, տարիքը, կրթության ու զբաղվածության աստիճանը:
Հեռուստադիտումների չափագրման ընթացքում կազմվող գրաֆիկները կարելի է դիտարկել որպես հասարակության յուրահատուկ կարդիոգրամա, որն ախտորոշում է ոչ թե մեկ անհատի սրտի աշխատանքը, այլ սոցիումի բաբախյունը:
Հայաստանյան շուկայում արդեն 6 տարի գործող «Nielsen» ընկերությունը տրամադրել է մեզ վարկանշային տվյալներ, որոնք համադրելով կարելի է եզրակացնել. Հայաստանում հեռուստադիտումների ընդհանուր ցուցանիշը նվազել է, սակայն միեւնույն է բավականին բարձր է այլ երկների համեմատմամբ (գրաֆիկում Բրազիլիայում, Չինաստանում, Իսլանդիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում եւ Մեծ Բրիտանիայում մեկ օրվա ընթացքում հեռուստադիտումներն են 2008-2010թթ.):
Իհարկե, հեռուսատալսարանի նվազումը զուտ հայաստանյան երեւույթ չէ, ողջ աշխարհում էլ մարդիկ սկսել են ավելի քիչ ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջեւ, սակայն մեր դեպքում ուշագրավ է հետեւել ոչ միայն լսարանի քանակի անկմանը, այլ լսարանի որակի տրասֆորմացիային:
Միջին հայաստանցին օրական 4,51 ժամ հեռուստացույց է դիտում, ինչը թերեւս պետք է ոչ թե ոգեւորի, այլ մտահոգի մեր հեռուստաոլորտի պատասխանատուներին: Նաեւ ավելի լայն լիազորություններ ունեցող պետական մարմինների ուշադրությանն արժանանա, քանի որ դիտողների զանգվածի բնութագիրը ինքնին շատ «խոսուն» է:
Հեռուսատացուցանիշներով, ընդհանրապես ընդունված է հպարտանալ («Մեզ ամենաշատն են դիտում»), բայց սակավ ալիքների ղեկավարների է հետաքրքրում լսարանի որակը («Իսկ ո՞վքեր են մեզ դիտում»):
Այս գրաֆիկում ներկայացված է 2011թ ընդհանուր հեռուստադիտումների վարկանիշը՝ յուրաքանչյուր եթերային ժամի համադրությամբ: Դիտումների կորագիծը ստաբիլ ու կռահելի է:
Իսկ այս գրաֆիկը ցուցադրում է թե ինչպես է միատարր հեռուստալսարանը տրոհվում երկու մասի: Եվ ցածր սոցիալ-տնտեսական դասին պատկանող (միջին, թերի կրթություն ունեցող, կամ էլ ընդհանրապես չունեցող եւ շաբաթական 30 ժամից պակաս աշխատող) լսարանը հեռուսադիտումների մրցավազքում «ջախջախիչ հաղթանակ» է տոնում միջին ու բարձր սոց-տնտեսական դասի նկատմամբ (աշխատանքային հագեցած ռեժիմով աշխատող ու բարձր կրթություն ունեցող):
Հեռուսատադիտումների չափման տեխնոլոգիան թույլ է տալիս ուսումնասիրել նաեւ հեռուստադիտողների լոկալ խմբերի նախասիրությունները (նաեւ պրոբլեմները): Հասկանալի է, որ հեռուստաէկրանի մոտ ավելի շատ ժամանակ են անցկացնում գործազուրկ մարդիկ, ինչպես նաեւ թոշակառուներն ու երեխաները: Եվ ստացվում է, որ հիմնական լսարանը բախկացած է կայուն ու բավարար եկամուտ չունեցող հայաստանցիների շերտից: Եվ եթե դիտումների ժամերն ավելանում են, ուրեմն մեծանում է նաեւ անգործ (կամա թե ակամա գործազուրկ) հայաստանցիների թիվը:
Գրաֆիկների, աղյուսակների վերածված հեռուստալսարանը աղբյուր է՝ սոցիալական խնդիրները ընմբռնելու համար: Սոցապ եւ Էկոնոմիկայի նախարարություններին այս գրաֆիկի հետազոտումը միայն օգուտ կտա:
Մեր հայրենական հեռուստաընկերությունները՝ ռեյտինգավազքի մեջ մտնելով իրար հետ, հաճախ անտեսում են, որ հասարակության ինքնազգացողությունը շատ թանկ գործոն է: Չէ՞ որ անկողնային հիվանդին (կամ էլ ծուլորեն բազմոցին պառկած հեռուստադիտողին) ոչ թե ավելի հարմարավետ ու փափուկ անկողին է պետք առաջարկել, այլ ի վերջո՝ բուժում:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: