2012.03.13,

Քննադատ

Կոնտրաստ հեռուստաթերապիա

Վերջերս «առիթ» ունեցա նայելու մի քանի սերիա «Դժվար ապրուստ» սերիալից: Իրականում ստիպված նայեցի, քանի որ ծանոթներիցս մեկն ասաց, թե «Արմենիա» հեռուստաընկերության երկու սերիալի սյուժեներում կան ինցեստի գաղափարներ, և ես, փորձելով ճշտել՝ իրոք այդպես է, թե ոչ, ստիպված հենց հեռուստաընկերության կայքից նայեցի մի քանի սերիա այդ սերիալից: Նշեմ, որ թեեւ ես ինքս մի քանի սերիա խառը հերթականությամբ նայելուց հետո նման բան չգտա, ինձ ասացին, որ այնտեղ եղբայրն իրոք սիրում է քրոջը, որին մանկատնից որդեգրել է մեկ այլ կին եւ այլն:

Երբ միացնում էի ֆիլմի սերիաներից մեկը, քմծիծաղում էի ինքս ինձ՝ «տեսնենք էս ինչ հիմարություն է» մտածելով: Չէ, հիմարություն է, անխոս: Պարզապես քմծիծաղս վերացավ: Չգիտեմ՝ բախտս չբերեց՝ հենց էդ սերիայից սկսեցի, թե առանց բացառության բոլորն են էդ աստիճանի դժբախտացնող, բայց առաջին իսկ րոպեներից սկսած մի աղջիկ սկսեց լացել ու տնքալ ուղիղ 10 րոպե: Նայածս մյուս սերիաներում էլ կա՛մ լաց էր, կա՛մ ազգային բնավորության գիծ դարձած մուննաթ, եւ, որ նվազ կարեւոր չէ, բոլորը հառաչանքով ու հեւոցով էին խոսում:

Մի պահ զգացի, որ սիրտս ինչ-որ բան ճնշում է:

Հիշեցի, որ ժամանակին, անհարմար ժամի հյուր լինելով «Աննա» նայող մի տանը, նույն ծանր ճնշվածության զգացողությունն էի ապրել, երբ հերոսուհիներից մեկը փորացավից տնքացել էր ամբողջ սերիայի ընթացքում:

Հիմա գրում եմ ու ընթացքում փորձում եմ մեկ-երկու բառանոց բնութագիր գտնել նման երեւույթին: Վստահ եմ, որ «թերապիա» բառը պարտադիր բաղադրիչն է լինելու նման բնութագրման: «Դժբախտացմա՞ն թերապիա», «ստրեսայի՞ն թերապիա», «հոգեկան ճնշմա՞ն թերապիա». որեւէ մեկը կամ բոլորը միասին …

Ինչու՞ թերապիա:

Որովհետեւ մոտ 40 րոպե տեւողությամբ եւ՛ այդ սերիալը, եւ՛ մյուսները ցուցադրվում են օրական 4 (!!!) անգամ: Սարսափելի է ոչ միայն կրկնությունների քանակը, այլեւ ժամերը՝ առավոտյան 8:50-ից մինչեւ գիշերվա 1:30:

Սակայն, ըստ իս, ամենաահավորն այն է, որ նույն «Արմենիա» հեռուստաընկերության ծրագրում դժբախտասերիալներին հաջորդում են «հումորային» հաղորդումները: Հեռուստացույցի ալիքներով անցնելիս երբեմն-երբեմն, ուզած-չուզած, հանդիպում ես նաեւ էդ հաղորդումներին: Հումորի առկայությունը, որակը, մակարդակն, իհարկե, խիստ հարցականի տակ են, սակայն էդ կարգի հաղորդումներն էլ, սերիալներն էլ ունեն նույն լսարանը:

Արդյունքում ինչ է ստացվում՝ մի ամբողջ ժողովուրդ առավոտից երեկո, եթե չասենք գիշեր, ենթարկվում է կոնտրաստ հեռուստաթերապիայի. անասելի դժբախտ, դժվար, հառաչանքով, հեւոցով ու տնքոցով լեցուն ֆիլմերի տեղատարափին փոխարինում են գռեհիկ, տհաճ արտաքինով, խոսքով ու բարքով նույնքան տհաճ ու գռեհիկ արտահայտություններով «ծիծաղելի» հաղորդումները:

Սրանք էլ ժամանակ առ ժամանակ ընդմիջվում են նույն ցածր որակի գովազդներով եւ Հայաստանի ու աշխարհի բացասական լուրերի մասին պատմող լրատվական ծրագրերով:

Ի՞նչ է ստացվում փաստորեն: Ստացվում է, որ մի ամբողջ ժողովուրդ ամբողջ օրվա ընթացքում զրկված է որեւէ լուսավոր, բարի, իսկապես ուրախացնող կամ տխրեցնելու դեպքում օգնելու, կարեկցելու ցանկություն առաջացնող հաղորդումներից, ֆիլմերից:

Մարդկանց մոտ զգացմունքային խառնաշփոթ է առաջանում՝ մե՛կ հառաչում են սրտի խորքից ֆիլմերի դժբախտ հերոսների հետ, մե՛կ հռհռում «հումորային» հաղորդումներում ամեն տափակ արտահայտությունից հետո հնչող «հուշող» ծիծաղին զուգահեռ: Հեռուստացույցը սերիալների հերոսների դեմքով թելադրում է՝ տնքա՛, ճնշվի՛ր, լա՛ց եղիր, տառապի՛ր, եւ նույն հեռուստացույցն ընդամենը մի քանի րոպե անց «հումորային» հաղորդումների հուշող ծիծաղով թելադրում է՝ հռհռա:

Որքա՞ն կդիմանա միջին վիճակագրական մարդը կանոնավոր կերպով սրսկվող զգացմունքային «տաք եւ սառը ցնցուղների» այս տարափին: Քանի՞ օր ի վիճակի կլինի մարդու օրգանիզմը դիմադրել եւ ադեկվատ կերպով արձագանքել էկրաններից դուրս՝ կենցաղում տեղի ունեցող իրադարձություններին՝ օգնել, երբ օգնել է պետք, ժպտալ, երբ ժպտալ է պետք, տեղդ զիջել, երբ զիջել է պետք եւ այլն:

Եւ եւս մի փաստ, որ ոչ պակաս ուշադրության արժանի է եւ մտածելու տեղիք է տալիս. 24ժամյա եթեր (իսկ դատելով ծրագրից՝ այդպես է) ունեցող հեռուստաալիքի ծրագիրն ընդամենը 11 տողից է բաղկացած:

Նարինե Աղաբեկյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *