Մարդկանց վարքագիծը մեծ խմբերում կտրուկ փոփոխվում է: Մասայական խրախճանքի ուժգնությունը անհատի կամարտահայտման վրա թողնում է ոչ համարժեք` տոտալացնող ազդեցություններ: Հոգեբանական այս վիճակը ապանձնավորում ու ինքնազերծում է մարդուն` հաճախ խմբում նրան հաղորդելով ուժի, իշխանության, ապահովության ու անխոցելիության խափուսիկ զգացողություններ:
Մի պահ պատկերացրեք աղքատ ու ընչազուրկ հռոմեացու հաճույքը, երբ արենայում սրախողխող էր արվում հերթական ստրուկը կամ էլ սպանվում էր էկզոտիկ կենդանի: Պատկերացրեք միջոցներ չունեցող պլեբսի վայելքն ու սեփական ինքնագնահատականի վերելքը: Ասում են՝ գլադիատորական խաղերի ու «սպեկտակուլար» կենդանական զոհաբերությունների ժամանակ կենակցողները եզակի չէին: Այն համատարած հաճույքի մի մասն էր կազմում: Դոպամինի արտազատումից ահի պատրանք ու սեռական հաճույք ապրող հանդիսատեսը նորից ու նորից պահանջում էր խրախճանքի շարունակություն:
Ուշ շրջանի Հռոմում գլադիատորական խաղերն ու զոհաբերությունները խլում էին տարվա մեկ երրորդ մասը: Դրանք այսօրվա ֆուտբոլային խաղերը, աստղերի համերգներն ու այլ մասայական միջոցառումները հիշեցնող ու դրանց հեռավոր նախնին հանդիսացող հասարակական կյանքի կազմակերպման ու հունավորման գործիքներն էին, որոնց զոհ էին գնում անթիվ կենդանիներ ու, որոշ գնահատականներով, տարեկան 80000 գլադիատորներ: Հետաքրքիր է՝ ո՞վ եւ ինչու՞ էր ֆինանսավորում այս արնապարարտ խրախճանքը: Սա պատրիկների նվերն էր պլեբսին հերթական ընտրություններին ընդառաջ:
Հարուստները հանրությանը վերադարձնելու պարտավորություն ունեին: Սակայն այն Հռոմեական կայսրության վերջին շրջանում այնպես արժեզրկվեց, որ դարձավ ժամանակի քաղաքական գործիչների մամլիչն ու ընտրակաշառքի յուրահատուկ մեքենան` այդպիսով գնելով պլեբսի համակրանքն ու քաղաքացիների ձայնը: Հիմա այդ պարտավորություններն արտաբերվում են սոցիալական կորպորատիվ պատասխանատվության միջոցով, երբ կորպորացիաները հաճախ պետությունների բյուջեները գերազանցող շրջանառու կապիտալից մի փշրանք փոխանցում են հանրությանն ու դրանից ազդեցիկ շոու ծրագիր պատրաստում` այն դարձնելով սեփական մարքեթինգային քաղաքականության մասն ու ապահովելով իրենց շահույթի պահպանությունը եւ ընդլայնումը:
Անհատական մակարդակում դրանք այն մեծահարուստներն են, որոնք բարեգործություն են անում, իսկ այդ ամենը հեռուստաալիքներով ու մամուլով լայնորեն գովազդվում է՝ մոռացության տալով քրիստոնեական հիմնարար արժեքներից մեկը՝սերն ու դրանից արտածվող անշահավետ ու անտեսանելի բարեգործությունը՝ բարեգործի համբավ հորջորջողներին ու դրանց գործակցողներին նմանեցնելով հեթանոս պատրիկներին:
Մի քանի օր առաջ սոցիալական ցանցում հետեւում էի Մաշտոցի պուրակում ընթացող դեպքերին ու դրանց շուրջ ծավալվող քննարկումներին, երբ հեռուստատեսային ալիքներից մեկը հեռարձակում էր Գագիկ Ծառուկյանի բարեգործական այցը խուլ-համրերի միություն` շռայլորեն բաժանված անթիվ-անհամար բարիքներով, իսկ մեկ այլ ալիքով էլ ներկայումս վարչապետ հանդիսացող ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանն էր, ով հերթական անգամ ի լուր «Հայոց Աշխարհի» կուսակցական տոմսեր էր բաժանում:
Իրապես ուշ շրջանի Հռոմեական կայսրության հոտ ես առնում. քրիստոնեության ընդհատակյա տարածմանը նմանվող քաղաքացիական արժեւորման պուրակային դրվագը դեռեւս խաղաղ գոյակցում էր գլադիատորական հեռարձակվող խրախճանքի հետ: Այստեղ լրատվամիջոցները ստանձնել էին արենայի ինքնառարկայացնող դերակատարությունը: Որ լրագրող լինեի, հաստատ ցասումս արցունքներով կդարմանեի: Բայց որպես քաղաքացի՝ նույնպես լավ վիճակում չեմ, միևնույնն է, լացս գալիս է:
Ակամայից գլադիատորի դերում հայտնված կուսակցական տոմսեր ստացող մեր համաքաղաքացիներից ու ֆինանսական կարողության բացակայությամբ ազատությունից զրկված դահլիճում ներկաներից, հեռուստահեռարձակմամբ ու «բարեգործական» ակտով պայմանավորված գլադիատորացված հայ մարդու տկարությունից ու ստորաքարշությունից արբեցող հեռուստահանդիսատեսը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իր հերթական դոպամինի դոզան էր ստանում, նրա հետ միասին նաեւ ես:
Միջոցներից զուրկ միջին ստատիստիկ ՀՀ քաղաքացու համար հեռուստատեսության թեթեւ ձեռքով մասայական խաղի վերածված ինքնամեծարման ակտի միջոցով անարգանքի սյանն է գամվում ընչազուրկն ու դրանով կարծես մատնանշում ամֆիթատրոնում հայտնվածի առաքինությունը: Ամոթից մեռնելս գալիս է: Անզորությունից ուզում եմ ժամանակի գլադիատորների նման մենամարտից առաջ ստրկացածի ազատագրման ելքը ազդարարող Morturi te salutant` «մեռնողները ողջունում են» կոչով միանալ այսօրվա գլադիատորացվածներին կամ, անտեսելով ջերմությունս, գնալ Մաշտոցի պուրակ:
Հայաստանում հիմա Մեծ Պահքի շրջանն է: Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում Պողոս առաքյալի պատգամներից մեկը հորդորում էր. «Ամեն մեկը ինչպէս իր սրտովը կը յօժարի` թող այնպէս տայ, ոչ թէ տրտմութեամբ կամ ստիպմամբ: Վասն զի Աստուած յօժարակամ տուողը կը սիրէ»:
Հոժարակամ տվողը հեռուստախրախճանքի չի վերածի իր ու մյուսի միջեւ կայացող հավասարեցման ակտը, այլ ամոթից գաղտնի կպահի այդ անհավասարության առհավատչյան հանդիսացող սեփական հարստությունը: Հեռուստատեսությունն էլ թույլ չի տա համաքաղաքացիներին ուղղված ծառայությունը` լուսաբանման ու իրազեկման սուրբ առաքելությունը վերածել սոցիալական անհամերաշխության ակտի, որտեղ խրախճանքի հպարտության մտարբուքում հեռուստաեթերը վայելող հեռուստահանդիսաստեսն ինքն իրեն երաժշտական չարաճճի ելևէջներով կշշնջա. «Ե-եսս ա-վե-լի լա-ավն եմ»:
Նվարդ Մանասյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: