2012.02.17,

Քննադատ

Շխկշխկացող բառեր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Նկատած կլինենք, որ գրեթե ոչ ոք արդեն չի ասում՝ լուր: Այդ բառը կարծես դուրս է մղվել շրջանառությունից ու փոխարինվել ավելի ծանրակշիռ «լրատվությամբ»: Մեզ հիմնականում ոչ թե լուրեր, այլ հենց լրատվություն են մատուցում:

Միգուցե «լուր»-ն իր տեղը զիջել է «լրատվությանն» այն պատճառով, որ երկրորդ բառն ավելի երկար ու ավելի շխկշխկան է: Հետեւաբար՝ միջի իմաստն էլ ավելի անորսալի է: Ինչ ուզես մեջը կթաքցնես, անգամ դատարկությունը:

Իմաստային դատարկությունը շատ լավ է իրեն զգում խորհրդային տարիներից ժառանգած բառերի ու բառակապակցությունների մեջ, որոնց թեթեւակի ազգային հնչերանգներ են տալիս ու սկսում են տիրաժավորել հիմնականում հեռուստատեսային լրագրողները: Հենց նրանք են ստիպում հանդիսատեսին հետեւել ռեպորտաժների «մեխ» դարձած պետական այրերի ու տիկնանց լեքսիկոնին ու մտքերին՝ մատուցելով դրանք որպես անվիճելի ճշմարտություն: Դա թերեւս հեշտացնում է լրագրողի աշխատանքն ու ազատում պարզ ու ընմբռնելի տեքստ գրելու ցավից: Ինչո՞ւ է պետք լարվել ու ինչ-որ բան գրել, եթե կարելի է թողնել, որ խոսեն նրանք, որոնք միշտ խոսում են:

Բառերն իրար կողք շարելու (որքան շատ, երկար ու շխշխկան, այնքան լավ) պրակտիկան ընդհանրապես հարմար մեխանիզմ է ոչինչ չասելու համար:

Հեռուստացույց ես նայում ու իմանում, որ երեկ Վարդանանց տոնի կապակցությամբ հայտարարվել էին շքերթ ու բացօթյա համերգ, որոնք մատուցվում էին որպես «մատաղ սերնդին դաստիարակող տոն»: Եկեղեցական տոնին գումարվել էր իշխող կուսակցության հովանավորումը եւ ստացվել էր այն ձեւաչափը, որը որպես մեր եթերի մոդայիկ տենդենց կարելի է անվանել «միջոցառումի լուսաբանումը միջոցառումի տեսքով»:

Հետո, հաջորդ ռեպորտաժում ասվեց (ՀՀ Մշակույթի նախարարի շուրթերով), որ «մատաղ սերնդին դաստիարակելուն միտված միջոցառում»  է հայտարարված: Մյուս ռեպորտաժն արդեն ներկայացնում էր անհասկանալի ճաշակով (ստույգ ասած՝ վատ ճաշակով) կազմված մեկ այլ «միջոցառումը», որն արդեն մշակութային էր: Նշենք նաեւ, որ գրեթե բոլոր այս թեմաների լուսաբանման մեջ կար նաեւ «հայրենասիրական ոգով ուղորդելու» ֆրազը կամ էլ հույսը, որ «նորանոր Վարդաններ» (Թումանյաններ, Տերյաններ, Սարյաններ) կծնվեն ու կպաշտպանեն մեր երկիրը հայեցի ոգով:

Յուրաքանչյուր պատգամավորի հերթական ասուլիսի լուսաբանման մեջ կհանդիպես նույն այդ «մատաղը», «հայեցի, անկոտրուն ոգին», «ազգապահպան գործը» եւ այլն, եւ այլն…

Բառերը կարծես կորցնում են իրենց նախնական իմաստն ու ձեռք են բերում տրենդային նշանակություն: Այսպես ասած՝ ուղորդիչ, մոդայիկ ու մթնոլորտ ձեւավորվող են դառնում: Եվ որպես դրա հետեւանք՝ այնքան են ծեծվում մամուլում ու եթերում, որ տափակում են ու ողորկ մակերես ունեցող իրի պես փռվում լսող ու դիտող հանդիսատեսի առջեւ: Անգամ վերցնել ու ուշադիր նայել չես ուզում, քանի որ գիտես՝ անպետք են:

Ծեծված կլիշեները առավել տարօրինակ են հնչում երիտասարդների շուրթերից, որոնք արտաբերում են դրանք ու մի պահ անգամ շունչ չեն քաշում՝ հարցնելու համար՝ ինչո՞ւ եմ ես դա ասում:

Այսօրվա մեդիա դաշտում օգտագործվող բառերը զարմանալի կերպով են իրար սոսնձվում: Կարծես սոսնձվում են ամուր, հավերժ եւ ուժասպառ լինելով: Կպնելով իրար այդ բառերը դուրս են մղում հոմանիշները: Եթե ապագա, ուրեմն պայծառ, եթե ակցիա, ուրեմն աննախադեպ, եթե երգիչ, ապա սիրված: Լրագրողներն արդեն չեն էլ լարվում գոյականը նոր ածականներով թարմացնելու համար: Ամեն բան ի սկզբանե կռահելի, պայծառ, սիրելի, մեծ ու աննախդեպ է: Ուսուցիչը նվիրյալ է, քաղաքական գործիչը՝ «պայքարի թոհուբոհով անցած», որոշումը՝ «միանշանակ», իսկ խանութները, հանգիստը, կյանքը՝ «էլիտար»:

Վերջերս հայտնի դարձավ, որ էլիտար լինում են նաեւ կրպակները: Աբովյան փողոցից Մաշտոցի պուրակ տեղափոխվող կրապակների էլիտարության դոզան դեռ ուսումնասիրված չէ, սակայն պարզ է, որ «էլիտար» բառը բարեհաջող սոնսձվեց նաեւ կրպակին: Իսկ լրագրողները առանց երկար-բարակ մտածելու շրջանառության մեջ դրեցին այդ բառերի զույգը:

Իհակե, հասկանալի է, որ երկար ու բարակ մտածող լրագրողները հեռուստաընկերությունների հիմնական «զենքը» չեն: Հիմնական ուժը  պաթետիկ բառերով ու հնչերանգներով շխկշխկացնող լրագրողներն են, որոնք նույնիսկ երբ հանրության համար կարեւոր լուր են հաղորդում, այնքան բարեխղճորեն ու ջանասիրաբար են այն թաքցնում լրատվական ողջ հոսքի մեջ, որ հանդիսատեսի հիշողության մեջ այն չի էլ մնում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *