2012.02.13,

Քննադատ

Երկրի թեման

«Հայկական ժամանակ»-ում կարդում եմ լրագրողի հարցազրույցը Երեւանի 112-րդ մանկապարտեզի տնօրենի հետ: Լրագրողն, այսպես ասած, իրեն դրել է «թաքնված տեսախցիկի» տեղ, որպեսզի վեր հանի անօրինականությունը: Նա իր զրուցակցին ներկայացել է ՀՀԿ գրասենյակի գործավար: Եվ բացահայտել է սարսափելի մանրամասներ՝ մանկապարտեզի տնօրենն ասում է, որ ՀՀԿ-ին է անդամագրել իր բոլոր աշխատակիցներին, հիմա աշխատում է ծնողների հետ, որպեսզի նրանք նույնպես անդամակցեն:

Ի դեպ, լեզուն, որով այդ մասին պատմում է տնօրենը, ըստ էության, արդեն կողմնորոշիչ է, նա անկեղծ է: Մենք գրեթե պատկերացնում ենք, թե դեմքի ինչ արտահայտությամբ է տնօրենն անկեղծանում: Իսկ երբ քաղաքական գործիչը հենց տեսախցիկի դիմաց պատմում է իր՝ իշխող  կուսակցության նվաճումների մասին, առաջինը, որը նա թաքցնում է մեզանից, դեմքն է: Որովհետեւ հնարավոր չէ նման դեմքով ասել բաներ, որոնք միայն իրեն են հետաքրքիր, պակաս լրագրային նյութ են եւ պակաս համապատասխան են իրականությանը: Այսինքն՝ հայ լրագրողի լրագրությունը սահմանափակվում է նվաճումներն արձանագրելու մեջ:

Հեռուստանորություններում թաքնված տեսախցիկի ֆենոմենը կարող է հրաշքներ գործել: Հիմա այն միայն շոու հաղորդումներում է օգտագործվում: «Ար» հեռուստաընկերությունը ժամանակին մեկ-երկու այդպիսի փորձ արեց, մասնավորապես հացի քաշի մասին իրական տեղեկություններ ստանալու համար: «Հայկական ժամանակ»-ի այդ հեռախոսազրույցը պետք է 112-րդ մանկապարտեզ «գործուղեր» բոլոր հեռուստաընկերություններին՝ քաղաքապետով եւ կրթության նախարարով հանդերձ:

Իսկ այս օրերին որտե՞ղ է կրթության նախարարը՝ Բրյուսելում, որտեղ իր կուսակցությանը խցկում է ԵԺԿ շարքերը: Քաղաքապետն իր գրասենյակում այդ օրը սպասում էր, որպեսզի ձյունը կտրվի: Իսկ Հ1-ի «Առաջին լրատվական»-ին հյուրընկալված քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նույն օրը՝ փետրվարի 10-ին, հեռուստամեկնաբանի աչքերի մեջ նայելով, ասում է, որ քաղաքի բոլոր փողոցները մաքրվել են ձյունից:

Մեկնաբանը հակադարձելու ոչ մի փաստ չունի: Նույնիսկ կադր չունի, որը որեւէ գաղտնի նկարահանում չէր ուզում: Ուստի Կամո Արեյանը գրեթե հոխորտում է Հ1-ի եթերում: Որովհետեւ ինքը փողոցում չի կանգնում ժամը 19-ին եւ շքեղ մակնիշի մեքենայով տաքսու վարորդից տեղեկանում, որ Երիտասարդական մետրոյի մոտից 3 հազար դրամից պակաս վճարով ոչ մեկին Նոր-Նորքի 1-ին զանգված չի հասցնի: Ինչու՞: «Տեսե՞լ ես ճամփեքն ինչ վիճակում են»,- հարցնում է վարորդը:

Տուն ես մտնում ուղիղ ժամը 21-ին միացնում ես հեռուստացույցը եւ «Առաջին լրատվական»-ով լսում ճիշտ հակառակն այն ամենի, ինչն աչքիդ առաջ է:

Անկախ Հայաստանում գաղտնի նկարահանումներն առայժմ հատուկ ծառայությունների մենաշնորհն են. հիշենք 2007-ի ապրիլին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի հանդիպման գաղտնի տեսագրությունը «Մարկո Պոլո» սրճարանում, որտեղ ՕԵԿ ղեկավարը դժգոհում էր մեր երկրի քաղաքական բարքերից եւ ընդդիմության հանդեպ իշխանության վերաբերմունքից: Միաժամանակ փոխդեսպանին կոչ էր անում միջամտել ՀՀ ներքաղաքական զարգացումներին: Այդ տեսագրության հանդեպ արձագանքն ամենաբարձր մակարդակով էր՝ հանրապետության նախագահը Արթուր Բաղդասարյանին անվանեց դավաճան: «Մեկ անգամ դավաճանողը դա ընդունակ է անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»,- ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել էր երկրի նախագահը: Մեկ տարի հետո Ռոբերտ Քոչարյանի բնորոշած «դավաճանին» վստահվեց Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Մեր երկրում ավելի ընդունված են քաղաքական գործիչների հեռախոսազրույցները ձայնագրելը, որոնք կրկին հատուկ ծառայությունների մենաշնորհն են: Այդպես իշխանությունները ձայնագրել էին 2008-ի մարտի 1-ի երեկոյան ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները, որոնցով դատարանում բացահայտում էին նրանց բարոյական կերպարը, բայց ոչ մասնակցությունը մարտի 1-ի անկարգություններին:

Գաղտնի նկարահանումները կամ ձայնագրությունները սովորաբար ենթադրում են միջամտություն ինչ-որ անձնական բանի: Ոչ ոք հրապարակայնորեն կոչ չի անի սպանել լրագրողի: Բայց 2000-ի սեպտեմբերին նախագահական նստավայրի իր առանձնասենյակում Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման ՆԳ նախարարին հրահանգել էր սպանել լրագրող Գեորգի Գոնգաձեին: Դա ձայնագրել էր նրա անվտանգության աշխատողը:

Ռուսաստանում վարչապետ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ էր խեղճացնել ընդդիմադիր տրամադրություններով հայտնի երգիծաբան Վիկտոր Շենդերովիչին եւ գրող, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովին: Հատուկ ծառայությունները 2010-ի ապրիլին նկարահանեցին նրանց սեքս-օրգիաները VIP մարմնավաճառ Կատյայի հետ, եւ НТВ-ն առ այսօր ցուցադրում է այդ կադրերը, որոնց նկարահանման գործում լրագրողների մասնակցությունը զրոյական է: Իհարկե, իշխանությունը հասավ նրան, որ ցույց տա, թե Շենդերովիչն ու Լիմոնովն էլ մի բարի պտուղ չեն: Սակայն նրանց օրգիաներն իշխանությանն էին անհրաժեշտ եւ ոչ թե հասարակությանը:

Կա՞ գաղտնի նկարահանումների հասարակական պահանջարկ: Այնպես չէ, որ միանշանակ կարելի է ասել՝ այո: Հարցն այն է, թե ով է թիրախը: Հստակ պատասխանի համար պետք է իմանալ՝ կա՞ հասարակական պահանջարկ լսելու Սերժ Սարգսյանի հրապարակային մտքերը: Ավելի լավ չէ՞ իմանալ, թե իրականում ինչ է նա մտածում այն ամենի մասին, ինչի մասին խոսում է հրապարակավ: Այստեղ է, որ լրագրողն ավելի մեծ դեր ունի, քան տեսախցիկը: Նա պետք է կեղծիքը բացահայտի հատուկ միջոցներով, թե առանց դրանց: Կեղծիքը չի դիմակավորվում: Մենք ենք վատ տեսնում այն: Այսինքն՝ լրագրողի համար հատուկ միջոցը զենք է հանրային կերպարից կորզելու այն դեմքը, որը նա թաքցնում է «անձնական կյանք» անվան տակ: Դիցուք, որեւէ մեկը լսե՞լ է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին իր կաբինետից եւ հեռուստախցիկներից այն կողմ:

2000-ի սեպտեմբերի 8-ին ամերիկյան հեռուստալրագրող Լարի Քինգն առանց հատուկ միջոցների աշխարհին ցույց տվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իրական դեմքը: «Ի՞նչ պատահեց «Կուրսկի» հետ»,- հարցնում է Պուտինին Քինգը: «Խորտակվեց»,- պատասխանում է ՌԴ նախագահը: Խոսքը 2000-ի օգոստոսի 12-ին 118 մարդու մահվան պատճառ դարձած «Կուրսկ» ատոմային սուզանավի մասին էր, որը խորտակվեց Բարենցյան ծովում:

Ի՞նչ աղմկոտ բացահայտումներ ունի «առաջարկելու» աշխարհին Հայաստանը: Մեր առաջարկածը Հայաստան- ԵՄ հարաբերություններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ էկոնոմիկայի նախարարի խորհրդական, ՀՀԿ-ական Արմեն Գեւորգյանի պոռնո նկարներ դիտելու կադրերն են նկարահանած slaq.am-ի տեսախցիկով: Մենք կարող ենք առաջարկել մեր ՀՀԿ-ական պատգամավորների ԱԺ նիստերին չներկայացած գործընկերների փոխարեն քվեարկելու կադրերը, որոնք այլ «օպերայից» են այն իմաստով, որ ինքը՝ ուրիշի կոճակը սեղմած պատգամավորն էլ չի հավատում, որ ինքն է սեղմողը (Արա Բաբլոյան, Հերմինե Նաղդալյան): Առաջարկելիք երկու դեպքում էլ, բարեբախտաբար, լրագրողական տեսախցիկի աշխատանքը կա, բայց խնդիրը սկսվում է հեռուստաեթերում: Ուրիշի փոխարեն քվեարկելու կադրերը ցուցադրելով՝ օրինակ՝ «Երկիր Մեդիան» ցնծում էր, որովհետեւ դաշնակցականներ չէին քվեարկողները: Լրագրողական ցնծությունն առնվազն պետք է անկուսակցական լինի:

Մեդիա դաշտի հաջորդ թեման մեր երկրում անպատժելիության պատճառների բացահայտումն է (հատուկ միջոցներով, թե առանց դրանց), որոնք, ի դեպ, մեր երկրի թեման են անկախությունից ի վեր:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *