2012.02.11,

Քննադատ

ԱԺ-ում Պաշտպանության նախարարի «հոգնածությունը» (նինջը)` հանրության ու մեդիա դաշտի քննարկման առարկա

 

Փետրվարի 8-ի երեկոյան «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպության Epress.am լրատվական կայքը հրապարակեց մի տեսանյութ Ազգային ժողովի «հարցուպատասխանից», որի ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ննջում է: Եվ հասկանալի է, որ ինտերնետում հայտնված նորույթը շատ արագ տարածվեց սոցիալական ցանցերում ու դարձավ վերջին օրերի հանրային ու մեդիա քննարկումների գլխավոր թեմա: 

Տեսանյութը մեդիայով հետաքրքրվողների համար հատկապես գրավիչ դարձավ այն պատճառով, որ նույն լրատվամիջոցը հաջորդ առավոտյան տեղադրեց լուր այն մասին, թե ինչպես է ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն իրենցից պահանջել հանել տեսանյութն ու մերժում ստանալով` անգամ սպառնացել, որ «ուրիշները կզանգեն խմբագրություն»: 

Վերջին զրույցը վրիպեց կամ ոչ պատշաճ ուշադրության արժանացավ տարբեր մասնագետների կողմից, ովքեր իրենց պարսավանքի ալիքն ուղղեցին բացառապես Epress.am-ի ուղղությամբ` պահանջելով «չխոցել հերոսների ինքնասիրությունը» (Արա Թադեւոսյան, Մեդիամաքս) կամ լրատվամիջոցի «արարքը» որակելով որպես «էժան փառքի պտուղներ» (Հրանտ Մելիք-Շահնազարյան, Times.am): ՊՆ նախարարի «հոգնածությունը» մերկացնող տեսանյութը տեղադրելու համար լրատվական կայքը «դեղին մամուլ» որակվեց նաեւ մի շարք ցանցային քննարկումներում, եւ միայն որոշ մեդիա փորձագետներ պնդեցին, որ լրագրողն իրավունք ունի տեսագրել ու հրապարակել ԱԺ բաց նիստերը` բոլոր մանրամասներով, ու հատուկ ուշադրություն հրավիրեցին ՊՆ մամլո քարտուղարի անհիմն պահանջի վրա: 

Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով  «արգելվում է որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ», ինչը փաստորեն հստակ խախտվել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղարի կողմից: Նույն օրենքը լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները կարգավորող 7-րդ հոդվածում սահմանում է, որ «արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաեւ այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը» կամ «արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է տեսաձայնագրման կատարման մասին առանց անձին զգուշացնելու, եւ այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս.. » եւ այլն: Բայց չէ՞ որ ԱԺ նիստերը օրենքով սահմանված են դռնբաց, եւ դահլիճում ներկա գտնվող բոլոր լրագրողները հավատարմագրված են իրենց մասնագիտական պարտքը կատարելու` այդ թվում եւ տեսագրելու համար, ինչի մասին շատ լավ տեղյակ են օրենսդրական դահլիճում տեղ ունեցող բոլոր պաշտոնյաները: Բացի այդ, ենթադրվում է, որ ԱԺ նիստերի դահլիճում կատարվող որեւէ դրվագ չի կարող վերաբերել մարդու անձնական կամ ընտանեկան կյանքին:  

Նշված կետերն իհարկե պաշտոնյաներին հետ չենի պահում «շարիկ գլորելուց», իրենցից բացի այլ գործընկեր պատգամավորների փոխարեն քվեարկելուց եւ նույնիսկ ննջելուց: Բայց հենց ննջելու դեպքն արձանագրելն ու տարածելը, նախորդների համեմատ, ընկալվեց որպես ընդգծված «անշնորհքություն» լրատվամիջոցի կողմից, իսկ մամլո քարտուղարի` պաշտոնական դիրքը չարաշահող «պահանջը» անգամ մեդիայի մարդկանց շատ քիչ հուզեց: Իսկ խոսքը յուրատեսակ «գրաքննության» կամ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու եւ արձանագրած փաստը «մաքրելու» շատ հետաքրքիր օրինակի մասին է: 

Ինչ վերաբերում է տեսանյութի բովանդակությանը` նույն օրն առավոտյան մամլո ասուլիս ունեցած ու «հոգնած» նախարարի ննջի տեսարանին, այն նույնպես կարելի է քննարկել որպես մեդիա դաշտի խնդիր, բայց չմոռանանք անցկացնել մի քանի զուգահեռներ: ՊՆ նախարարի` նման պատասխանատու վայրում ննջելու փաստի վերլուծությամբ արժե, որ զբաղվեն քաղաքագետները, իսկ մենք շատ լավ հիշելով ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածը` «Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք», այդուհանդերձ փորձենք ԱԺ այս դրվագը համեմատել լրագրողական տեսախցիկների որսացած վերը նշված 2 այլ բացահայտումների հետ. ինչու՞ հանրությունը գրեթե միաձայն վատաբանեց օրենսդիր մարմնի դահլիճում «շարիկ գլորելը» կամ նույնիսկ ուրիշի փոխարեն քվեարկելը, բայց հանկարծ որոշեց պաշտպանել «հոգնած նախարարի հանգստի իրավունքը»: Օրինակներն իսկապես բավական տարբեր են ու առանձին ուսումնասիրության նյութ կարող են լինել, բայց եթե դիտարկվեն որպես լրագրողի արձանագրած բացահայտում, բոլորն էլ տարածվելու եւ հանրային գնահատական ստանալու արժանի են: 

Էլ չենք խոսում այն մասին, որ տեխնոլոգիական ու մեդիա զարգացումների մեր օրերում շատ դժվար է խուսափել տեսախցիկի ամենատես աչքից, իսկ լրատվության սպառողն էլ, հասկանալի է, ծարավ է նման բացահայտումների: Աշխարհում այսօր արագ տեմպերով զարգացող հանրային լրագրության հաջողության գրավականներից մեկն էլ հենց ականատեսի ուժն է, հետեւաբար դժվար է լրատվամիջոցին մեղադրել դիտավորության կամ առավել եւս «անշնորհքության» մեջ: Ինչեւէ, հակաքննարկումներն անգամ օգնում են ավելի դիտվող դարձնել նյութը. կայքում դիտումների քանակ չի նշվում, բայց միայն Youtube-ում տեղադրված տեսանյութը 2 օրերի ընթացքում հասցրել է դիտվել ավելի քան 4000 անգամ: 

Գուցե լրատվամիջոցի պատասխանատուները հարկ համարեն ուսումնասիրել պետական պաշտոնյաների էթիկական կանոնները կամ հանկարծ բացահայտեն, որ էդպիսիք ընդհանրապես գոյություն չունե՞ն: Այդ կերպ առավել հավանական է, որ կարողանան «ազնիվ պահել» իրենց մասնագիտական հեղինակությունը:  

Սեդա Պապոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *