2012.02.01,

Քննադատ

Լրատվական «սբոյ» զինվորի սպանության հաջորդ օրերին

 

Հունվարի 27-ին ԼՂՀ զորամասերից մեկում Ժամկետային զինծառայող Փայլակ Շահնազարյանի սպանությունը ցույց տվեց, թե ինչ վիճակում են գտնվում ՀՀ բացառապես բոլոր ԶԼՄ-ները: 

Բոլորն անակնկալի եկան փաստից՝ սպանությունը տեղի էր ունեցել Հայոց բանակի համազգային տոնակատարության նախորդ օրը, նույնիսկ հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը, իսկ տոնակատարության հաջորդ օրը տոնի իներցիան դեռ պահպանվում էր: Եվ միայն հունվարի 30-ին պայթում է բոթը: Պաշտպանության նախարարությունն օրինաչափորեն աղմուկ չէր բարձրացրել: Դա նորմալ է, առջեւում զինված ուժերի գլխավոր տոնն էր: Սակայն փաստը, որ ոչ մի ԶԼՄ հունվարի 30-ի առավոտյան դեպքից դեռ տեղյակ չէր, խառնում է ամեն ինչ: 

Նախ այն ցույց է տալիս, որ ԶԼՄ-ները բացառապես կապ չունեն հասարակության հետ, հիմնականում հաղորդում են միայն իրենց մատուցված տեղեկություններ, երկրորդ, հասարակությունը, մասնավորապես մարզերի բնակչությունը, ինքն է կտրված ԶԼՄ-ներից. կոնկրետ դեպքում սպանվածի հարազատները որեւէ տարբերակ չեն ունեցել կատարվածի մասին որեւէ ԶԼՄ-ի տեղեկացնելու: 

Բավական է հիշել Հ1-ի կիրակնօրյա «Առաջին լրատվականը», որը երկու թեմա ուներ՝ Սերժ Սարգսյան եւ հայկական բանակ: Հետո հյուրընկալվում է Սեյրան Օհանյանը եւ արդեն Փայլակ Շահնազարյանի մահվան մասին տեղեկացածի ամբողջ գաղտնապահությամբ բանակում զոհվածների մասին ասում է նույն բառերը, ինչ մինչեւ Փայլակ Շահնազարյանի սպանությունն էր ասում. «Մենք էլ ենք հարազատների հետ միասին ընկճվում»: Իսկապես, այս խոսքերից դժվար է ենթադրել, որ Փայլակ Շահնազարյանը չկա: 

Պաշտպանության նախարարը պարտավոր չէ ասել իրականությունը սպանվածի մասին, եթե նրան չեն հարցրել: Մեկնաբան Գեւորգ Ալթունյանը հունվարի 29-ի եթերում շնորհակալ է Սեյրան Օհանյանից, որ վերջինս կիրակի օրը ժամանակ է գտել «Առաջին լրատվականի» եթերից խոսել բանակի մասին: «Միշտ էլ պետք է գտնել ժամանակ հայկական բանակի մասին խոսելու, մանավանդ արձանագրելու հաջողությունները»,-ասում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ-ն վստահեցնում է, որ իր կայքում Փայլակ Շահնազարյանի մահվան մասին տեղեկությունը տեղադրել է հենց հունվարի 27-ին: Կայքում, իսկապես, լուրը թվագրված է հունվարի 27-ով եւ վերնագրված է «Մամուլի հաղորդագրություն»: Օրն ուրբաթ է: Հաջորդ օրը դեռ լույս են տեսնում թերթերը: Հեռուստաընկերություններում կան համապատասխան աշխատողներ՝ մեկնաբաններ, լրագրողներ, համակարգողներ, որոնք «զբոսնում» են գերատեսչական եւ տեղեկատվական կայքերով: Նրանք չէին կարող նկատած չլինել: Ոչ ոք չի նկատել: Չի նկատել, որովհետեւ լրատվության թիկունքում սպառող չկա դասական իմաստով: Հունվարի 28-ի «Զինուժը» տեղեկացնում է նախորդ օրը ԱԺ-ում նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարության մասին, որ այսուհետ խրախուսվելու են երեք զինվոր ունեցող ընտանիքները: Հասկանու՞մ եք, այս տեղեկությունները զուտ լրատվական իմաստով հենման կետ չունեն, եթե երեք զինվոր ունեցող ընտանիքը ոգեւորվելու է, ինչպե՞ս վարվի մայրը, որն իր միակ որդուն է հանձնել բանակին եւ ստացել նրա դիակը: 

Ո՞վ պետք է սրա մեկնաբանությունը ստանա որեւէ գեներալից, եթե Սեյրան Օհանյանը հասանելի է Հ1-ին կիրակի օրը, որտեղ արձանագրում է բանակի հաջողությունները եւ նշում, որ ամեն կորստի հետ «անհանգստություն են ունենում»: 

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *