Հայաստանում վերջերս երկու զարմանալի դեպք տեղի ունեցավ. հայտարարվեց այլ երկրի վարչապետի երկրպագուների ակումբի բացման մասին եւ ծնվեց մանուկ Սարկոզին:
Վարչապետը Պուտինն է, ով պատրաստվում է (արդեն պատրաստ է) դառնալ ՌԴ նախագահ, իսկ Սարկոզին գյումրեցի նորածին է, որին այդ տարօրինակ անունը ծնողները շնորհել են երախտագիտությունից դրդված (Ֆրանսիայի նախագահը պատրաստ է հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելու օրինագիծ ստորագրել):
Այդ երկու իրադարձությունները լայնորեն լուսաբանվեցին մեդիա դաշտում, իսկ արձագանքների շեշտադրումների ամպլիտուդան այնքան մեծ էր, որ կարելի էր անգամ գիտական հետազոտություն գրել այն մասին, թե ինչպես է Հայաստանը օտար պետությունների հետ անուն-ազգանունների կիրառման եղանակով հաղորդակցվում: Եվ արդյոք շահո՞ւմ է, երբ նման լուրերը շրջանառության մեջ են դնում միջազգային լրատվամիջոցները:
Սարկոզի Ավետիսյանի մասին տեղեկատվություն հայտնեցին բացառապես բոլոր հայրենական ԶԼՄ-ներն ու ցանցային օգտատերերը: Հատուկ ռեպորտաժ պատրաստեց «Եվրոնյուզը» (Baby Sarkozy was born in Armenia), որտեղ ցուցադրվեցին նորածինը, նրա ծնողները, ծննդատունն ու Գյումրին եւ նշվեց, որ Հայաստանի իշխող կուսակցությունը նորածնի ընտանիքին 200 դոլար է նվիրաբերել: Հետո այդ լուրը սահուն կերպով կապվեց Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքի հետ եւ որպես հայաստանյան ակցենտի հակակշիռ՝ ներկայացվեց թուրքական արձանանքը («Ապտակիր Սարկոզիին» ցանցային խաղի մասնակիցների շուրթերով):
Այդ ռեպորտաժն աչքի էր ընկնում ծայրաստիճան կոռեկտությամբ (փաստ էր, ոչինչ ավելին): Սակայն փաստը շատ ավելի «խոսուն» ու ազդեցիկ էր, քան բազմակողմանի մեկնաբանությունները: Այդ փաստի վավերացումն արդեն իսկ իր մեջ հեգնանքի մեծ չափաբաժին ուներ: Եղավ դեպքը (Սենատի օրենքը), ու միանգամից վրա հասավ արձագանքը (ազգանվան երկրորդ անգամյա օգտագործումը):
Իրականում ոչ ոք չի հորդորել հայաստանցի հայրիկին իր որդուն նման անբարեհունչ անունով կոչել, դա բացառապես նրա անձնական մղումն է: Նույնն էլ «Պուտինի» դեպքում է: Վերջերս հայտարարվել էր, որ «Պուտին» ակումբի ծնունդը «հայաստանյան երիտասարդության նախաձեռնությունն» է, որ նման կենտրոն ցանկացել ենք ունենալ մենք (կամ էլ մեր զավակները), քանի որ Վ.Վ.Պուտինի «գաղափարների հանրայնացումը» շատ արդիական է ՀՀ-ում:
Լրահոսի մեջ սովորաբար հաճախ են հայտնվում նման «թեթեւ» ու այսպես կոչված՝ երկրորդական (միջնորդավորված) լուրերը: Դրանք շահեկան են, դիպուկ ու ազդեցիկ, եւ հենց դրա շնորհիվ էլ՝ գլխավոր ինֆորմացիոն շեշտադրման ֆոն են ստեղծում: Նման լուրերը օրգանապես են ծնվում, ու հաճախ ավելի ցայտուն են, քան բուն ինֆորմացիոն առիթը (այս դեպքում՝ Ֆրանսիայի օրենքն ու Ռուսաստանի նախագահի ընտրարշավը):
Այդ լուրերն ավելի շատ են պատմում մեր մասին, քան քարոզչական լրահոսը, քանի որ երկու դեպքում էլ ներքին արձագանքը ավելի ակտուալ է, քան բուն փաստը: Մանավանդ այն դեպքում, երբ ակտուալը ընդամենը կոնյունկտուրան է:
Պատեհապաշտ ենք ներկայանում, իսկ դա թերեւս կարող է միայն հեգնանքի արժանանալ:
Ընդ որում՝ Պուտինի անվան հետ կապված պատմությունը շարունակվում է՝ դառնալով ավելի հետաքրքիր ու կառուցողական: Փետրվարի 2-ին բացվող այդ պաշտոնական ակումբը այժմ ձեռք է բերել իր ալտերնատիվ տարբերակը, որի բացումը հայտարարված է հունվարի 31-ին: Տպավորություն է, որ երկրորդ ակումբի նախաձեռնողն իսկապես հայաստանցի հասարակությունն է, որը որպես առաջին (պաշտոնական ու պատեհապաշտ) նորության արձագանք՝ առաջարկում է ոչ թե հեգնանքի, այլ ինքնահեգնանքի մոդելը:
Կյանքի օրենքն է այդպիսին. եթե ներքին ուժ չունես դիմակայել մարտահրավերներին, ստիպված ես գործի դնել ստեղծարար մոտեցումը, որը շատ լավ տեղավորվում է անհեթեթ նախաձեռնությունների տրամաբանության մեջ: Եթե դա ստացվեց, անհեթեթությունը սկսում է նահանջել, բացատրություններ տարածել ու արդարանալ:
Ինչպեսեւ տեղի ունեցավ «Պուտինի» պարագայում, որը հերքում ու պաշտպանվում է այն ինֆորմացիայից, որը հենց ինքն էլ ծնել է որպես արձագանք:
«Փուչիկ» պրոեկտները շատ արագ են բացում իրենց էությունը, երբ չափից ավելի են փչվում: Դրանք պարզապես պայթում են, երբ մեդիա համայնքը կիրառում է կրեատիվ այլընտրանքը՝ օգտագործելով «մութ ուժերի», «ռուսաց արծիվների» ու այլ մշուշոտ տերմինները:
Միգուցե Հայաստանում կարելի է գտնել մի ընտանիք, որն իր արու զավակին Պուտին կանվանի ու մի քանի օր անց որպես յուրահատուկ բողոքի ակցիա՝ դեմոնստարտիվ անվանափոխում կկատարի՝ երեխային պարգեւելով Արամ, Տիգրան կամ Անդրանիկ անունները:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: