Հայաստանյան հեռուստաալիքները հաճախ տեղադրում են այնպիսի ռեպորտաժներ, որոնցում առկայծող ինֆորմացիան, պատկերների դասավորումն ու օգտագործվող լեքսիկոնը միանգամից հուշում են՝ դա ոչ թե հանրային ուշադրությանը ուղղված լրագրողական աշխատանք է, այլ գովազդային հոլովակ:
Ստեղծվել է հեռուստալուրերի նոր մի ժանր, որը իբրեւ թե սոցիալական (մշակութային, սպորտային կամ քաղաքական) խնդիրների հետ է առնչվում, սակայն իրականում ընդամենը որոշ անձանց հեռուստատեսային գովքն է իրականացնում:
Այս կամ այն քաղաքական գործիչը, գործարարը, նախարարը, որն ուզում է իր համար բարի համբավ ստեղծել, հեռուստալրագրողների ուղեկցությամբ այցելում է հիվանդանոց (ցուցահանդես, զորամաս, մարզադաշտ կամ խանութ), հետո այդ մասին ռեպորտաժ են անում ու անունն էլ դնում են օրվա լուր:
Այդ ֆորմատը չի կարող լուրի կշիռ ունենալ թեկուզ միայն այն պատճառով, որ տեղեկացնում է ոչ թե իրադարձության, այլ իրադարձությանը մասնակցող մեկ անձի քայլերի մասին: Ընդ որում՝ այդ անձը անգամ իրադարձության մասնակիցն էլ չէ (ոչ բժիշկ է, ոչ սպորտսմեն, ոչ էլ նկարիչ), այլ ավելի շուտ իրադարձությանը կցված ու այդ իրադարձությունը սպառող ոմն պաշտոնյա կամ գործարար է, ով որոշել է իր այցերի ու հավաքների մասին տեղեկացնել հանդիսատեսին ու վճարում է ալիքին՝ սեփական PR-ն իրականացնելու համար:
Նման գովազդային ռեպորտաժներ հայտնվում են անխտիր բոլոր ալիքներում, երբեմն անգամ կազմելով լրատվական թողարկման եթերային ժամանակի առյուծի բաժինը:
Ընդ որում՝ ալիքների գլխավոր լրատվական բլոկների մեջ հայտնվող այդ գովազդային «լուրերը» նկարահանում են ալիքների
«… հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող եւ (կամ) հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը համարվում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ» |
լրագրողները: Ինչը, թերեւս, պետք է հուշի հանդիսատեսին, որ նման գովազդային ռեպորտաժի ստեղծումը հենց լրագրողի անկեղծ մղումի շնորհիվ է եղել, այլ ոչ թե պատվիրատուի կամքով ու վճարված գումարով:
Հանդիսատեսին մոլորեցնելու (իրականում՝ էշի տեղ դնելու) ցանկությունը ակնհայտ երեւում է հատկապես «Հ1», «Հ2» ու «Կենտրոն» ալիքների աշխատաոճում, իսկ «Շանթն», օրինակ, փորձում է զատել գովազդային ինֆորմացիան վճարովի հիմունքներով հեռարձակվող «Հատուկ հավելվածի» միջոցով: «Շանթի» մոտեցումն, իհարկե, լուրի ու գովազդի միջեւ որոշակի պատնեշ է ստեղծում (թեեւ միեւնույն է չի նշում, որ դա գովազդ է), իսկ մնացած ալիքները ողողում են եթերը գովք-ռեպորտաժներով՝ մատուցելով դրանք անաչառ լուրի սոուսով:
Իրականում այդ տենդենցը երկու բացատրություն ունի: Նախ այդպես ալիքները կարողանում են հասարակության շահի անվան տակ հանդիսատեսին հրամցնել փոքր խմբերի կոմերցիոն շահերը (ի դեպ, նույն մոտեցումը գործում է եւ՛ տնտեսության, եւ՛ մշակույթի, եւ՛ բնապահպանության ոլորտներում):
Եվ հետո էլ ալիքները փող են աշխատում: Ֆինանսապես ապահով լինելն, իհարկե, ազնիվ ցանկություն է, սակայն այն տենդենցը, որը նկատվում է ինֆորմացիայի ընտրության ու մատուցման մեջ, արդեն վկայում է լուրջ մուտացիոն պրոցեսների մասին:
Հեռուստատեսությունը մուտացիայի է ենթարկվում՝ վերածելով իր էկրանը մի մեծ գովազդային հարթակի, որի ամեն մի քառակուսի սանտիմետրն իր գինն ունի: Եվ ինֆորմացիային արդեն պարտադրվում է ոչ միայն թաքնված իշխանահաճո բնույթը, այլեւ անթաքույց գովազդային ֆորման:
Որպես կանոն՝ նման հոլովակ-ռեպորտաժների կառուցվածքն ու շեշտերը կրկնօրինակում են սովետական դարաշրջանի ագիտացիոն պլակատները, որոնց լեզուն խիստ հրամայական ու պաթետիկ է, իսկ կադրերի կենտրոնում առաջնորդներն են:
Ո՞վ կարող է ասել՝ ինչի մասին են, օրինակ, զարմանալի համառությամբ եթերում հայտնվող այն «ռեպորտաժները», որտեղ, ասենք, Գագիկ Ծառուկյանն ու Ռալֆ Յիրիկյանը ինչ-որ միջոցառման են մասնակցնում (շնորհավորում, ժապավեն կտրում, խրախուսում, հովանավորում կամ նվիրաբերում):
Լուրերի թողարկումներում հայտնվող այդ «հեռուստատեսային բովանդակություն» կոչվածը հենց գովազդ է, եւ պետք է ներկայացվի, ընկալվի, հաշվարկվի ու տեւողության գերազանցման դեպքում կանխվի: Այլապես անհասկանալի է, թե ինչու է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում անցյալ տարվա մայիսին հետեւյալ լրացումն արվել. «… հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող եւ (կամ) հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը համարվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ»:
Ինչպես հայտնի է, գովազդի (այդ թվում նաեւ քողարկված) ծավալը մեկ ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 14 րոպեն:
Նունե Հախվերդյան
Հ.Գ. Այս «ռեպորտաժը» պատմում է Օլիմպիական կոմիտեի նախագահի ու 18 սպորտի վարչությունների պետերի հանդիպման մասին: Արդյոք նեռուստատեսային նյութը սպորտի՞ մասին է: Իհարկե ոչ: Այն «համերաշխ ու բարգավաճ ընտանիքի մեջ պառակտում ու խժդժություն մտցնելու սին ցանկությունների» մասին է: Իսկ դա մաքուր ագիտացիա է: Այսինքն՝ գովազդ, որը ոչ թե խնդրի, այլ խնդիրը «լուծողի» դիմանկարի մասին է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: