Սովորաբար տարին երկու անգամ (օգոստոսի կեսերին ու հունվարի սկզբին) Հայաստանում ինֆորմացիոն կյանքը կանգ է առնում: ԶԼՄ-ներն ու լրագրողները հանգստանում են, եւ, որպես դրա հետեւանք, հանրապետությունում տեղի ունեցող դեպքերը թերթերի, կայքերի կամ հեռուստաընկերությունների կողմից չեն վավերացվում: Եւ ստացվում է, որ եթե ինֆորմացիան որեւէ կերպ չի ձեւակերպվում (բառերով կամ վիդեոշարով), ապա կասկածի տակ է դրվում դրա գոյության իրավունքը: Չէ՞ որ այն, ինչի մասին չի գրվում կամ չի ասվում էկրանից, կարծես թե չկա:
Որպես կանոն՝ առանց լրագրողական բանակի ակտիվ մասնակցության տարվա վերջին օրերը բարեբեր, անգամ եզակի առիթ են տալիս իշխանություններին հանրային աղմուկից ու տարբեր տրամաչափի շառից-փորձանքից հեռու որոշումներ ընդունել:
Վիճահարույց ու հանրության կողմից կռահելի դժգոհություն առաջացնող օրինագծերն ու կառավարական որոշումները սովորաբար ընդունվում են դեկտեմբերի 29-ին կամ 30-ին: Առջեւում տոներ են, լրագրողները արագ չեն արձագանքի, հանրությունն էլ արագ չի տեղեկանա: Եվ եթե իշխանությունների բախտը բերի, անգամ հնարավորություն կընձեռվի ոչ պոպուլյար որոշումները երկար ժամանակ ծածուկ պահել: Նման օրինակները բազմաթիվ են. բավական է հիշել հայերեն լեզվի, ճարտարապետական միջամտությունների կամ հանրային նշանակություն ունեցող օբյեկտների օտարման որոշումները, որոնք կայացվել են դեկտեմբերի վերջին օրերին:
Հետո դեկտեմբերն ավարտվում է, գալիս է հունվարը… Եվ սկսվում է լրիվ ուրիշ պատմություն:
Ընդունված է համարել, որ մարդիկ տոներին ու արձակուրդներին ուզում են էկրանից (այդ թվում նաեւ համակարգչի) միայն պոզիտիվ ու օպտիմիստական ինֆորմացիա ստանալ: Եվ լավատեսությամբ զարդարված ինֆորմացիան սկսում է մատուցվել ճիշտ այնպես, ինչպես դեկորացվում ու զարդարվում է Երեւանը: Այստեղից-այնտեղից ձեռք բերված լուսատախտակները, արեւելայն նախշերով լուսաշղթաներն ու նեոնային եղնիկների խմբերը լցվում են իրար կողք, որպեսզի բավական անդեմ մեր մայրաքաղաքը պճնանք ստանա:
Իսկ լրատվական կայքերն ու կիսաարձակուրդային կարգավիճակում հայտնված հեռուստաընկերությունները աշխատանքային պատրանք-պճնանք են փորձում ստեղծել՝ լուրեր մոգոնելով: Երբ առանձնապես բան չի կատարվում, իսկ օրական արտադրության խնդիր կա, ապա հարկ է մեռնել, բայց լուր գտնել:
Այս տարի ԶԼՄ-ները զարմանալի միահամուռ կերպով որոշեցին ձեռնարկել մի կամպանիա, որը կարելի է «հանդիպում հոգեվերլուծաբանի կաբինետում» անվանել:
Համենայնդեպս, անխտիր բոլոր կայքերը, թերթերն ու հեռուստաալիքները հունվարը սկսեցին իրենց լրատվամիջոցի բովանդակությունն ապահովել հոգեբանների ու համաճարակաբանների մտքերը վերատպելով: Ընդ որում՝ այլ բժշկական ոլորտների հետ առնչվող անձերի մուտքը էկրան նույնպես գովելի էր: Շրջանառության մեջ դրվեցին շտապօգնության կանչերի քանակը, տոնական սթրեսներից դուրս գալու դեղատոմսերը, ստամքոսն ու աղիները առատ կերուխումներից արագ մաքրելու խորհուրդները:
Նման խիստ հրատապ ինֆորմացիայի ավանգարդում հոգեբաններն էին: Նրանք ներանձնային տեսակետից էին դիտարկում ամանորյա տոներն ու խոսում պայթուցիկ խաղալիքներից ստացված վախերի (Ֆրոյդը կարող է հանգիստ անցնել հանգստի), շատ ուտելու պատճառով առաջացած վատ տրամադրության, թունավորումների ու դեպրեսիայի մասին (ասկետիկ ճաշացանկի գովազդը ուղիղ համեմատության մեջ էր դրվում սպառողական զամբյուղին համապատասխան գնումներ կատարելու հետ):
Ըստ ոմն թեկնածուի (հոգեբանական գիտությունների)՝ հետտոնական դեպրեսիան նաեւ արտագաղթի դրդապատճառ կարելի է համարել: Դա, իհարկե, իսկական մտքի «գոհար» էր. ստացվում է, որ տոները, դրանց նախորդող հույզերն ու հաջորդող ընկճախտը քանդում են մեր տունն ու ստիպում մարդկանց հեռանալ Հայաստանից:
Որպես մտքի կիզակետ՝ տարբեր «հոգեբաններ» անպայման նշում էին, որ հարկ է կրճատել տոնական օրերը, որպեսզի մարդիկ արագ անցնեն աշխատանքային ռիթմին ու շատ ուտելու, երկար քնելու ու հայրենիքը լքելու ցանկություն չունենան: Այլ կերպ` մենք բոլորս հոգեկան խանգարում կարող ենք ստանալ:
Հոգեբանների շուրթերից նման «բացահայտումներն» ու «ջրիկ» ինֆորմացիա լսելը իրականում շատ պոզիտիվ էր ազդում հանդիսատեսի ու ընթերցողի ինքնազգացողության վրա: Ավելի արագ, քան երբեւիցե մարդիկ անջատում էին հեռուստացույցը:
Ի դեպ, հեռուստացույցը անջատելուն միտված քայլ անում է նորվեգական հանրային հեռուստալիքը, որը սովորաբար կիրակի երեկոյան դադարեցնում է իր հեռարձակումները՝ դրանով իսկ հուշելով, որ ավելի լավ է տնից դուրս գալ, գնալ կինոթատրոն կամ զբոսայգի: Հանրային շահեր են, վերջիվերջո:
Միգուցե մեր ալիքներն ու կայքերը նույնպես գովազդո՞ւմ են մարմնի ու ոգու առողջ ապրելակերպը՝ ընտրելով բավական ոլոր-մոլոր, սակայն արդյունավետ ուղի: Նրանք շտապօգնության են կանչում ոգու մասնագետներին, որոնք սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներն ու արտագաղթը կապակցում են շատակերության ու երկար տոնական օրացույցի հետ:
Մի խոսքով՝ ոգին ու մարմինը սթափ պահելու համար պետք է քիչ ծախսել, քիչ ուտել, շատ աշխատել ու հիանալ հայրենական հոգեբաններով:
Փսիխոզի եզրին չհասնելու համար՝ մեկ այլ (ավելի գործուն, հեշտ ու կարճ) ճանապարհ կա՝ լուրերի հավաքածուն պետք է հումորով ընդունել: Վերջիվերջո, դեպրեսիան ավելի շատ վախենում է ծիծաղից:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: