2012.01.09,

Քննադատ

Հակամանկական հեռուստաամանոր

Նոր տարվա օրերին առավելագույն սրությամբ պարզ դարձավ , թե երեխաների վրա ինչ նստեց «Հայրենիք» հեռուստաընկերության փակումը: Բոլոր TV-ներն անխտիր տվել են ռեյտինգացավին: Իսկ որտեղ ռեյտինգացավ, այնտեղ երեխաներն ուժի մեջ չեն: Որովհետեւ հնարավոր չէ մտածել երեխաների մասին ռեյտինգներին զուգահեռ:
Ռուսական առաջատար հեռուստաընկերությունները կարող են իրենց թույլ տալ ողջ օրը թեկուզ մեկ մանկական հաղորդում կամ մուլտֆիլմ չհեռարձակել: Ռուսաստանում առնվազն 10 մանկական հեռուստաալիք գոյություն ունի, որոնցից մի քանիսը համառուսաստանյան են:

Այսպիսով Ամանորն ինչքանո՞վ էր մանկական հայաստանյան հեռուստաընկերությունների տեսանկյունից: Ամենահակամանկականը Հ1-ի եթերն էր: Համենայնդեպս առաջին 5 օրվա դիտարկումներով, ներառյալ դեկտեմբերի 31-ի եթերը: Ըստ իս, այս Նոր Տարվա հեռուստաեթերն ամենահակամանկական էր վերջին 20 տարվա բոլոր հեռուստաամանորների մեջ:

Բոլոր եթերները խոստանում էին ամանորի հրաշքներ: Իսկ սովորաբար ու՞մ են խոստանում այդ հրաշքները: Բնականաբար՝ երեխաներին: Հ1-ը շտապել էր եթերը լցնել համերգներով եւ սերիալներով: Եթե հաշվի առնենք, որ մարդիկ ամանորին ավելի հաճախ հյուրընկալում են կամ հյուրընկալում, ավելի շատ զբաղված են միմյանցով: Այդ իմաստով բացարձակապես պարապ են երեխաները, եթե, իհարկե, Ձմեռ Պապն այնպիսի նվերներ չի բերել, որոնք կարող են ողջ օրը երեխային հեռու պահել հեռուստաընկերություններից եւ չխանգարել ծնողներին զբաղվել հյուրերով:

«Երկիր մեդիան» հունվարի 4-ին մանուկներին խոստանում է պարգեւել ամենամանկական եթերը: Եվ անմիջապես հետո սկսում է կատակերգական ժանրի մի գեղարվեստական ֆիլմ «Սարսափելի գեղեցիկ» վերնագրով:
ATV հեռուստաալիքի առաջին մանկական հաղորդումն աչքովս ընկավ հունվարի 2-ին ժամը 15-ին: Մանկական հոգիների վրա էքսպանսիան սկսվում եւ ավարտվում էր գովազդներով, գովազդում էին մանկական զվարճալիքներ, որոնք սխալմամբ հեռուստաէկրաններին նայող երեխաներին Այս իմաստով բավականին զվարճալի էր «Ար» հեռուստաընկերության վիճակը: Գրեթե բոլոր գովազդները «Գրանդ քենդիի» քաղցրեղենի մասին էին, ավելի հաճախ դրանցով ընդմիջում էին հնդկական կինոնկարները: Ենթադրաբար, «Ար» հեռուստաընկերության հաշվարկներով, երեխաները շատ ակտիվ հնդկական կինո են նայում:

Հ1-ը երկու օր իրար ետեւից եթեր է տալիս առաջին «Մեր բակը»:  Հիշեցնում է, որ հայկական գլխավոր հեռուստանովելը մոտենում է ավարտին: Այնտեղ դեռ կա «Հրեշտակների դպրոցը» եւ «Կյանքի կարուսելը»: Եվ օրվա մեջ պարտադիր հիշեցնում է, որ իրիկունը երգելու է Թաթա Սիմոնյանը: Հընթացս երգում են մնացած բոլոր «աստղերը»: Այնպիսի տպավորություն է, որ այս հեռուստաընկերության ծրագրային քաղաքականություն մշակողները մանկություն չեն ունեցել, կամ երեխա չունեն: Սա, ի դեպ, միայն Հ1-ին չի վերաբերվում (ի դեպ, հասկանալու համար, որ Հ1-ն ամենահակամանկական հեռուստաալիքն է Ամանորի օրերին, բավական է նայել ամբողջ շաբաթվա նրա հեռուստածրագիրը):

Դիցուք, «Ար» հեռուստաընկերության ղեկավարների համակրանքներին նայելով կարելի է ենթադրել, որ նրանք միայն մանկություն են ունեցել, բայց ամբողջ տարվա կտրվածքով աչքի է զարնում ոչ թե մանկական հաղորդումների առատությունը, այլ ղեկավարների մանկության ժամանակ ռեյտինգ ունեցող կինոնկարները:

«Շանթ» հեռուստաընկերությունը չի էլ թաքցնում՝ Ամանորի եթերային ամբողջ առաջնահերթությունը «Վիտամին» ակումբի գոնե ինձ համար անհասկանալի հումորինն է ու «Բանակում» սերիալինը, որը քարոզչական նշանակության, բայց պակաս էֆեկտայնություն ունեցող սերիալ է:
«Արմենիա» հեռուստաընկերությունն, օրինակ, Հ1-ի հետ կարող է կիսել Ամանորի օրերին ամենահակամանկական հեռուստաընկերության դափնիները:

Ես չգիտեմ՝ արձանագրվածն իսկապե՞ս մտահոգիչ է այն իմաստով, որ հիմա կան DVD նվագարկիչներ, կան կաբելային հեռուստաընկերություններ, որոնցում առանձին մանկական ալիքներ ունեն եւ կարող են երեխաներին զբաղեցնել առանց հայկական եթերի կողմը նայելու: Բայց դրանք նախ հայերեն չեն: Երկրորդ, ինձ թվում է, որ հստակ գծագրված հեռուստաքաղաքականության պարագայում մանկական հեռուստահաղորդումն ինքնին ենթադրելի է, որ պիտի լինի եւ պիտի լինի հայերեն: Այլապես, ես չեմ հասկանում, թե ինչու՞ պետք է այս օրերին իմ երեխան «Թոմ եւ Ջերի» մուլտսերիալը նայի հենց համակարգչից, երբ առանց այն էլ մնացած օրերին այդպես էլ անում է:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *