Վերջերս երևանյան կինոէկրանին իրար հետևից ցուցադրվեցին երեք հայրենական կինոֆիլմեր, որոնք որպես բիզնես նախագծեր բազմաթիվ նմանություններ ունեն:
Կարևոր ընդհանուր կետն այն է, որ ֆիլմ արտադրելու որոշումը ընդունել են հեռուստաընկերությունները՝ տարբեր չափաբաժնով մասնակցելով ֆիլմերի ֆինանսավորման, նկարահանման ու գովազդման գործին:
Ընդհանրապես ֆիլմ ստեղծելու համար հարկավոր է երկու բան` ֆիլմ կառուցելու ունակ խումբ ու ֆինանսավորող:
Հիմա այդ երկու ֆունկցիաները միացել են:
Եվ քանի որ փող տվողը նաև նկարահանողն է, ուրեմն նա արագ է նկարահանելու (ժամանակը փող է) ու նկարահանելու է այն, ինչը փող է բերելու (գովազդելու ու գովազդվելու միջոցով):
«ԱլաԲալաՆիցա», «Փեսացուն կրկեսից», «Դուռը բաց» ֆիլմերը թեթև ու չպարտադրող, ծիծաղ կորզելու ու գումար վաստակելու համար են ստեղծվել:
Եվ հիմա, երբ արդեն մոտ երկու ամիս «Մոսկվա» կինոթատրոնի ցուցադրումներն անցնում են գրեթե լեփ-լեցուն դահլիճներում՝ հասնելով նաև սեանսների առավելագույն քանակի, կարելի է ասել, որ ֆիլմերն իրենց նպատակին հասան: Այսինքն՝ գումար բերեցին իրենց արտադրողներին:
«ԱլաԲալաՆիցայի» ստեղծումը նախաձեռնել է հումորային հաղորդումների առաջնորդ «Արմենիան», որը «Շարմ» ընկերության հետ միասին ներդրում է կատարել նաև «Փեսացուն կրկեսից» ֆիլմի մեջ, իսկ «Դուռը բաց» ֆիլմի պատրաստման գործում մեծ ավանդ ունի «Հ1»-ի ընդերքում ձևավորված «Կայմ» ստուդիան:
Ֆիլմերի էսթետիկական որակը, կառուցվածքն ու ներքին տրամաբանությունը քննելու նպատակ չունենալով՝ ուզում ենք նշել, որ հայրենական կատակ-ֆիլմերի այդ գրոհն ու ակտիվ գովազդումը որպես երևույթ ոչ այնքան կինոյի հետ է առնչվում, որքան հեռուստաբիզնեսի:
Ֆիլմ արտադրողները հիմնվում են իրենց մասնավոր ալիքների «բրենդային» դեմքերի վրա (որոնցից շատերը դերասաններ չեն, կամ էլ հաղորդում վարող կիսադերասաններ են)՝ դնելով նրանց շրջանառության մեջ ու բարձրացնելով սեփական հումորասերիալասքեթչային հաղորդումների վարկանիշը:
Հեռուստաէկրանից դեպի մեծ էկրան է շարժվել միամիտ ու գռեհիկ, փողոցային ու օլիգարխիկ պերսոնաժների բանակը, որի ծննունդը ազդարարվել է հենց հեռուստատեսային դաշտում:
Այդ բանակը կրկին վերադառնալու է հեռուստաէկրան ու ավելի մեծ եռանդով կամ «Կարգին հաղորդումներ» կամ էլ «Բարի լույս, հայեր» ու «Բարի գիշեր, հայեր» է վարելու: Չմոռանանք նաև «Երջանկության մեխանիակայի» մասին:
Ստացվում է, որ կինոն ծառայեցվում է հեռուստատեսությանը:
Եվ դա տեղի է ունենում բավական ճակատային ձևով, քանի որ
ա) մակերեսային կատակերգության (խնդալու) ժանրի պահանջարկը ձևավորել են հենց ալիքները,
բ) ագրեսիվ ու խելացի կազմակերպած հեռուստագովազդը տվյալ ապրանքատեսակը (այս դեպքում՝ ֆիլմի տոմսերը) գնելու համար ամենագործնականն է,
գ) ֆիլմերի ստեղծողները քաջ գիտակցում են, որ արտադրում են կարճաժամկետ օգտագործման ապրանք, որովհետև հումորային-իրավիճակային կոմեդիաները մոռացվում են այն պահին, երբ փոխվում է իրավիճակը:
Իրավիճակային հումորի լավ օրինակ է, ասենք, КВН-ի անդամների կլիպային ելույթները, որոնք կարող են լինել իմաստալից ու գրավիչ ոչ երկար ժամանակ:
Ժամանակին կատարվել էր պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ պարզելու համար, թե իրականում որքան պոտենցիալ հանդիսատես կարող է ունենալ կինոթատրոնը:
Երևանի պես միլիոնանոց քաղաքում (ավելի ստույգ տվյալները մարդահամարի արդյունքները ամփոփելուց հետո) լայնէկրան ֆիլմեր դիտել ցանկացողները մոտ 100-150 հազարն են: Այդ միջին ցուցանիշը գոյացել է նաև այն փաստից, որ DVD-ներով կամ առցանց ֆիլմեր դիտել ցանկացողները թիվն օրեցօր աճում է:
«Մոսկվա» կինոթատրոնի մենեջերները վստահեցրին, որ վերջերս մեկ ֆիլմի կտրվածքով դիտումների բացարձակ ռեկորդ է սահմանվել: Այդ ռեկորդակիրը «ԱլաԲալաՆիցան» է:
Ֆիլմը սկսել է մեկ սեանսով, հետո հասել օրական վեց սեանսի ցուցանիշին: Մեկ ամսվա ընթացքում ֆիլմը նվազագույնը 70 000 – 80 000 հանդիսատես է դիտել:
Եթե այդ թիվը բազմապատկվի տոմսի արժեքին, կստացվի, որ այն իրոք շահութաբեր բիզնես նախագիծ է: Մանավանդ, որ ֆիլմի անոնս-գովազդների տարափը հեղինակներն արել են անվճար (սեփական ալիքն է, չէ՞):
Ընդ որում՝ «ԱլաԲալաՆիցան» գումար աշխատելու մի նոր տեխնոլոգիական հնարք է կիրառել: Այն հորդորում է հանդիսատեսին մի քանի անգամ դիտել ֆիլմը, քանի որ, ըստ հեղինակների գաղափարի, ինտերակտիվ ֆիլմը տարբեր սյուժետային ճյուղավորում է ունենում և հարկ է բոլորին ծանոթանալ:
Երեք տարբերակ կա, և երեքն էլ խորհուրդ է տրվում դիտել: Եվ մարդիկ դիտում են:
Հեռուստատեսային ուժերով ստեղծված ֆիլմերը արդեն եզակի դեպքեր չեն, այլ ուսումնասիրության կարիք ունեցող տենդենց:
Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ալիքներն առանց երկար դադար վերցնելու արդեն պատրաստվում են նոր կինոնախագծերով լցնել հայաստանյան դրամարկղային ֆիլմերով աղքատ կինոէկրանը:
Չէ՞ որ միայն անգրագետ մենեջերը կկանգնեցնի այն հոսքը, որը շահույթ է բերում: Փող վաստակելու ցանկությունն, ի վերջո, ազնիվ մղում է:
Իսկ այս ձևաչափի ֆիլմերն, իրոք, շահութաբեր են, առավելեւս երբ դրանք համեմատում ես վաղուց արդեն հոգեվարք ապրող պետական ֆինանսավորմամբ արվող կինոարտադրանքի հետ:
Ընդհանրապես հայաստանյան կինոարտադրությունը կարելի է միստիկ ոլորտ համարել, քանի որ ոչ ոք իրականում ունակ չէ հոդաբաշխ բացատրել, թե ինչու են այս կամ այն նախագծերը պետական սատարում ստանում և ինչու հետագայում չի խոսվում սատարման արդյունավետ կամ ոչ արդյունավետ լինելու մասին (թեկուզև միայն դիտողների քանակի տեսակետից):
Հիմնականում հիշատակվում է անմար ազգային արժեքներ ստեղծելու առաքելությունը, և հենց այդ հեղեղուկ բանաձևօ պատճառով էլ ֆիլմերը հաճախ տապալվում են:
Այդպես է, քանի որ Ազգային Կինոկենտրոնի սատարած ֆիլմերի մեծամասնությունը հասցեատեր չունի, իսկ այս նոր՝ հեռուստաբազային հենք ունեցող ֆիլմերը, հասցեագրված են կոնկրետ լսարանին:
Այսինքն՝ հեռուստադիտողին, որը չի զլանում ու, պոկվելով հեռուստաէկրանից, գնում է կինոթատրոն:
Միայն այն բանի համար, որ ալիքները վերակենդանացնում են կինո գնալու ավանդույթը, կարելի է նրանց շնորհակալ լինել:
Իսկ այն փաստը, որ կինո գնալը սկսվել է պսևդո հումորային հեռուստատիպարների շահարկումից, լավագույն դեպքում կարելի է ժամանակավոր ու հաղթահարելի պրոբլեմ համարել: Այլապես նոր ծնվող կինոավանդույթը արագ կմարի: Եվ ոչ մի գովազդ արդեն չի փրկի:
Եթե հետագա կինոաշխատանքներում նվազ գեղարվեստական որակ ի հայտ գա, նոր ձևավորվող հայաստանյան հանդիսատեսը երես կթեքի հայկական ֆիլմերից:
Կինոն ռիսկային արտադրություն է, որի տապալումը կամ հաղթանակը պայմանավորված է ոչ միայն պահանջարկ-սպառում պարզ շղթայով, այլև կանխատեսման ունակությամբ:
Այն, ինչն ակտուալ է այսօր, վաղը կարող է անպետք դառնալ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: